Մեր պաշտոնյաների, գործարարների եւ այլ կարգի փողատերերի տառացիորեն երեսառածությունը հասել է անհնարին եզրագծերի: Տարբեր առիթներով ժողովրդին իրենց նվիրվածության եւ ծառայելու մասին վկայող մարդիկ սովորական առօրյայում ուղղակի արհամարհում են նույն ժողովրդին:
Ամեն ուսումնական օր որոշակի ժամերի Բաղրամյան պողոտան օպերայից դեպի Կիեւյան բարձրացող ճանապարահատվածում խցանվում է: Պատճառը պարզ է. Բաղրամյան պողոտայում է գտնվում Չեխովի անվան դպրոցը, որտեղ մեր վերնախավ կոչեցյալի ներկայացուցիչները նախընտրում են տեղավորել իրենց երեխաներին:
Եվ քանի որ այդ երեխաները մյուսներից պիտի տարբերվեն, նրանց հայրերն ու հավանաբար նաեւ մայրերը դպրոցի աշակերտներին դասի են բերում եւ ապա տուն տանում շքեղ մեքենաներով: Դա, բնականաբար, իրենց գործն է, սակայն ո՞վ է որոշել, որ նրանք իրավունք ունեն զբաղեցնելու նույն Բաղրամյան պողոտայի մի կողմն ամբողջությամբՙ պարտադրելով մյուս մեքենաներին սպասել, մինչեւ այս կամ այն պարոնի կամ տիկնոջ զավակը կտեղավորվի մեքենայում:
Պետավտոտեսչությունը բնավ էլ չի մտածում այս կարգազանցներին պատժելու մասին: Երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես Չեխովի անվան դպրոցի եւ դպրոցականների կյանքում «որոշիչ եւ նշանակալի» ժամերին մեքենաների կուտակմանն ինչպիսի հանգստությամբ են նայում ոչ այնքան հեռու դիրքավորված պետավտոտեսուչները:
Նրանք թերեւս նախընտրում են կանգնեցնել եւ կարգազանցության համար պատժել այն մեքենաների վարորդներին, որոնք երբեւէ իրենց չեն կարող թույլ տալ ի պատասխան պետավտոտեսուչի վրա բղավել կամ էլ ուղղակի արհամարհել ճանապարհային երթեւեկության պահապաններին:
Ինչ վերաբերում է Չեխովի դպրոցի մոտ կանգնող եւ պողոտայի խցանման պատճառ դարձող մեքենաներին, ծառայողական մեքենաներին ու դրանց վարորդներին, ապա պետավտոտեսչության ռիսկը չի հերիքում նրանց կարգի հրավիրելու: Դրա համար էլ թերեւս այդ կողմերում երեւացող պետավտոտեսչության որեւէ մեքենա պաշտպանում է հենց խցանում առաջացնող մեքենաներինՙ կանխելով մյուսների հնարավոր դժգոհություններն ու ձայնային ազդանշանների արձակումը:
Մայրաքաղաքում այսպես կոչված էլիտար դպրոցների ցանկը չի սահմանափակվում Չեխովի անվան դպրոցով: Նմանատիպ մի քանի այլ դպրոցներ էլ կան, որոնք եւս ճանապարհային երթեւեկության խնդիրներ են առաջացնում երեւանաբնակների համար նույն կարգով:
Անպատժելիության զգացումով հիվանդների թիվը շատանում է, կարծես մեր երկրում թույլատրելի է ամեն ինչ: Եվ նման հիվանդություն «ձեռք են բերում» հենց նրանք, որ, ներեցեք, պիտի որ բժշկի դերում լինեին հենց նման հարցերում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ