«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2005-04-06 | #61, 2005-04-07 | #62, 2005-04-08


ԿՈԶԵՐՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՀՍՏԱԿԵՑՎԻ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՒՄ

Որքա՞ն պետք է սպասեն այս եւ մյուս իրացվող տարածքների բնակիչները

Երեւանի կենտրոնական հատվածում, բացի արդեն կառուցվող Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներից, եւս վեց տարածքներ վերցված են պետության կարիքների համար եւ համարվում են իրացման գոտիներ: Այդ մասին կառավարությունում վերջերս տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Նա մասնավորապես նշեց, որ առայժմ այդ տարածքներից միայն մեկումՙ Կոզերն թաղամասում դեռեւս հստակեցված չէ կառուցապատման նախագիծը: Թե ե՞րբ դա տեղի կունենա, ի՞նչ պետք է կառուցվի այստեղ եւ ընդհանրապես որքանո՞վ է նպատակահարմար վերոհիշյալ տարածքները հայտարարել իրացման գոտիներ, քանի դեռ կառուցապատողներ չկան, դեռ որքա՞ն պետք է սպասեն այդ բնակիչներն իրացման աշխատանքները սկսվելուն, փորձեցինք տեղեկանալ սկզբնաղբյուրից:

Գլխավոր ճարտարապետը նախ տեղեկացրեց, որ Կոզերն թաղամասը ընդգրկում է Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցներով պարփակված տարածքը, իսկ կառուցապատման ենթակա է այդ փողոցների ներթաղամասային հատվածը, որը սահմանակցում է Պուշկինի այգուն եւ երկու ուղղությամբ դուրս գալիս դեպի այդ փողոցների ճակատային հատվածները: Նա վերահաստատեց իր ասածը, որ կառուցապատման սկզբունքն այս իրացման գոտում դեռեւս վերջնականապես ճշտված չէ: Առկա են տարբերակներ բնակելի եւ հասարակական կառուցապատում իրականացնելու համար, որոնք դեռ վերջնական չեն եւ համապատասխան առաջարկներ ունենալու դեպքում նախապատվությունը կտրվի դրանցից մեկնումեկին: Այսինքն, նկատի են առնվում հավանական կառուցապատողների հնարավորությունները եւ դրանց համապատասխան նախագծային առաջարկներ մշակվում:

Սամվել Դանիելյանը հավաստիացրեց, որ առաջիկա երկու ամսում մոտեցումները վերջնականապես կճշտվեն: Միաժամանակ նա հնարավոր համարեց, որ այս կամ եկող տարի Կոզերնում կառուցապատում իրականացնելու առաջարկներ կլինեն, քանի որ նպաստավոր է այստեղ ներդրում կատարելը: Դա պայմանավորեց նրանով, որ թաղամասը, գտնվելով քաղաքի կենտրոնական հատվածում, առանձնանում է իր լանդշաֆտով, բարձունքի վրա գտնվելու հանգամանքով, քաղաքի բացվող հետաքրքրական տեսարանով, մայրուղային ճանապարհներին մոտ, բայց միեւնույն ժամանակ ինչ-որ չափով մեկուսացված լինելով: Այս գործոնները, Սամվել Դանիելյանի հավաստմամբ, քաղաքային միջավայրում առաջնային են:

Այդուհանդերձ, վաղաժամ չէ՞ տարածքները վերցնել որպես իրացման գոտի, երբ կառուցապատողը կամ, առավել եւս, նախագիծը չկա: Մարդիկ քանի՞ տարի պետք է սպասեն մինչեւ իրացման աշխատանքները սկսվեն: Մեր այս հարցերին գլխավոր ճարտարապետը պատասխանեց, որ կան տարածքներ, որտեղ մարդիկ սերունդներով են սպասել, թե երբ դրանք կիրացվեն եւ իրենք բնակարան կստանան տեղում կամ այլ վայրում: Դա նկատի ունենալով էլ ներկայումս այդ տարածքները վերցվում են պետության կողմից, ինչն, ըստ մեր զրուցակցի, նշանակում է, որ դրանցով հիմա կոնկրետ զբաղվում են:

Իսկ թե, ի վերջո, այս անգամ որքա՞ն պետք է սպասեն բնակիչներըՙ Սամվել Դանիելյանը հայտնեց, որ, օրինակ, Գլխավոր պողոտայի կառուցապատման այդքան արագ սկսվելն անսպասելի էր, իսկ մյուս 5-6 իրացման տարածքներից մեկ-երկուսում հնարավոր համարեց, որ իրացումն այս տարի կսկսվի: Այնպես որ հիշյալ տարածքների բնակիչներին չի մնում այլ բան, քան զինվել համբերությամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4