«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2005-04-07 | #62, 2005-04-08 | #63, 2005-04-09


ԲԵԼԳԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱԳԻՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Բրյուսելից «Ազգի» ստացած տեղեկությունների համաձայն, բելգիական մի շարք կազմակերպություններ Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախօրեին նախաձեռնել են մշակութային միջոցառումներ, ինչպես նաեւ ինտերնետում հրապարակել են հանրագիր, որը կարելի է ստորագրել www.armeniangenocide.be կայքէջը բացելով:

Բելգիահայ ժողովրդավարների ընկերակցությունը, Եվրո-հայկական ֆեդերացիան, «Ինֆո-թյուրք» հաստատությունը, Բրյուսելի քրդական ինստիտուտը եւ բելգիական մի խումբ կազմակերպություններ ու հիմնադրամներ ապրիլի 8-ին Բրյուսելում կազմակերպել են հրապարակային դասախոսություն «Հայաստանը եւ հայերը» թեմայով: Բանախոսն էր պրոֆեսոր Բեռնար Կուլին:

Ապրիլի 18-ին, դարձյալ Բրյուսելում, այս անգամՙ Խորհրդարանականների տանը, տեղի կունենա քննարկում «Ճանաչումՙ ապագան կառուցելու համար» թեմայով: Քննարկումը կվարի սենատոր Լիոնել Վանդենբերգեն:

Ապրիլի 22-ին Բրյուսելի «Դե Զեյփ» մշակութային կենտրոնում կկազմակերպվի մշակութային երեկո հայ եւ այլազգի երաժիշտների եւ պարախմբերի մասնակցությամբ: Ապրիլի 24-ին կներկայացվեն հատվածներ Կարոլին Սաֆարյանի «Հայաստանյան հոդվածներ» գրքից:

Ինչ վերաբերում է ինտերնետում հրապարակված վերոհիշյալ հանրագրին, այնտեղ մասնավորապես նշվում է, որ 90 տարի առաջ երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեց եւ իրականացրեց հայ ժողովրդի ցեղասպանություն: Երկու տարուց էլ պակաս ժամանակամիջոցում բնաջնջվեցին 2,5 մլն արեւմտահայերի 2/3-ը, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության հարյուր հազարավոր ասորի բնակիչներ: 1894-1896 թթ. կոտորածներից հետո (երբ 300 հազար հայ սպանվեց) 1915 թ. թուրքերի ձեռնարկած Մեծ եղեռնի նպատակն էր «երեքհազարամյա հայ ժողովրդին բնաջնջել իր վաղնջական տարածքում եւ բազմազգ ու բազմակրոն Օսմանյան կայսրությունը դարձնել «զուտ թուրքական» ակումբ. այսօր Թուրքիայում 50 հազարից պակաս հայ է մնացել»:

Այդ գիծը շարունակելովՙ թուրքական պետությունը 1923 թ. Փոքր Ասիայից արտաքսեց հույներին, 1925 թ. եւ 1937 թ. կոտորեց Դերսիմի քրդերին, Երկրորդ աշխարհամարտի տարիներին իր քրիստոնյա եւ հրեա քաղաքացիներին տեղավորեց տաժանակրության ճամբարներում, 1955 թ. կոտորեց հույն փոքրամասնությանը, 1974 թ. զավթեց Կիպրոսի հյուսիսը, 1980-2005 թթ. պատերազմեց Թուրքիայի քրդերի դեմ, արդեն 15 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Դաժան հալածանքների են ենթարկվում նաեւ թուրք ընդդիմադիրները:

«Այժմ, երբ Թուրքիան ուզում է անդամակցել Եվրոմիությանը, նա պարտավոր է վերջ դնել բռնություններին, ճանաչել վերջին 90 տարում իր գործած ոճիրները եւ փոխհատուցում տալ: Նաեւ պարտավոր է վերջ դնել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը», նշվում է հանրագրում:

Այնուհետեւ Եվրոմիությանը կոչ է արվում տվյալ պահանջները հստակորեն հաշվի առնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ վարելիս, նրանից պահանջել ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության բարեփոխում եւ պատճառված վնասների հատուցում:

Փաստաթղթի հեղինակները Թուրքիայի ներկայիս ղեկավարներին հորդորում են մեկնել Երեւան եւ այցելել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, զղջալ, ինչպես ժամանակին Վիլլի Բրանդտը Վարշավայում:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4