Թուրքական կառավարության որոշմամբ երկրում իջեցվել էին դրոշները
Երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում հողին հանձնվեց Հռոմի Հովհաննես-Պողոս պապի աճյունը: Հուղարկավորությանը բազմամիլիոնանոց բազմության հետ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի գլխավորությամբ մասնակցեցին աշխարհի շուրջ 200 երկրների, պետության կամ կառավարության ղեկավարները, որոնց թվում էին նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Խաթամին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը:
Ապրիլի 5-ին «Ազգը» տեղեկացնելով պապի մահվան առնչությամբ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի Վատիկանին հղած ցավակցական հեռագրերի մասին, միաժամանակ նշել էր, որ Թուրքիան կառավարական որոշմամբ հուղարկավորության կմասնակցի վարչապետի մակարդակով:
Հովհաննես-Պողոս պապին հրաժեշտ տալու նպատակով Վատիկան մեկնած Թուրքիայի պատվիրակությունը գլխավորեց վարչապետ Էրդողանը: Բացի թուրքական պատվիրակությունից, Վատիկանում էին նաեւ Կ. Պոլսո հունաց տիեզերական եւ հայոց ամենապատիվ պատրիարքները: Մինչդեռ Թուրքիան, ի տարբերություն Իրանի, Սիրիայի, Լիբանանի կամ մահմեդական մյուս երկրների, լուրջ խնդիրներ ուներ ինչպես Հռոմի պապի, այնպես էլ Վատիկանի հետ: Ընդ որում, դրանցից Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը բավականին ցավագին էր նրա համար:
Ցեղասպանության ճանաչման պարագայում խնդրո առարկան 2000 թ. նոյեմբերի 9-ին Վատիկանում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ Հովհաննես-Պողոս Բ պապի արած համատեղ հայտարարությունն էր: Հատկանշական է, որ Հռոմի պապն այդ հայտարարությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո 2001 թ. սեպտեմբերին քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի առնչությամբ ժամանելով Հայաստանՙ այցելել էր Ծիծեռնակաբերդ եւ հարգել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավելին, կաթոլիկ եկեղեցու հովվապետը ոչ միայն բավարարել էր հայերի խնդրանքը, այլեւ 2005 թ. հունվարի 19-ին Վատիկանում անձամբ օծել էր Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սբ. Գրիգոր Լուսավորչի արձանը:
Հարցը սակայն սոսկ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությամբ Հայոց ցեղասպանության ճանաչումը չէր, այլեւ Հովհաննես-Պողոս պապի անմիջական կարգադրությամբ ցեղասպանության փաստի արձանագրումը Վատիկանի Արդարության եւ հաշտության հանձնաժողովի պատրաստած աշխատության մեջ, որը հրապարակված լինելով 2004 թ., կաթոլիկ եկեղեցու սեղանի գրքի համարում ունի:
Ի դեպ, ապրիլի 5-ին, մինչ Էրդողանի գլխավորած Թուրքիայի կառավարական պատվիրակության ուղեւորումը Վատիկան, Մեհմեդ Յըլմազը «Միլիեթ» թերթում «Հովհաննես-Պողոս պապն ու հայկական պնդումները» խորագրով հիշեցրեց Ամենայն հայոց կաթողիկոսի եւ կաթոլիկ եկեղեցու հովվապետի համատեղ վերոհիշյալ հայտարարությունը: Հոդվածագիրը միաժամանակ մատնացույց անելու համար կաթոլիկ աշխարհում հայտարարության լուրջ ազդեցությունը, նույնիսկ հարկ համարեց ընդգծել, որ դա դարձել է ցեղասպանության հայկական պնդումները կրոնական հիմունքներով ընդառաջելու առաջին օրինակն աշխարհում:
Յըլմազը հիշեց նաեւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի մասին, թե նա հայտարարության մեջ ցեղասպանության հիշատակումը դատապարտելու համար գրել էր Հռոմի պապին. «Այս հարցում որեւէ հայտարարություն անելուց առաջ նպատակահարմար կլիներ հարցնել մեր կարծիքը», չմոռանալով եւ հորդորել, որ Ավետարանը քարոզում է ոչ թե թշնամություն սերմանել մարդկանց միջեւ, այլ բարություն ներշնչել:
Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչումը, ճանաչման փաստի Վատիկանում արձանագրումը, ինչպես նաեւ «Միլիեթի» հեղինակ Յըլմազի հիշեցումները չխանգարեցին, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին հրաժեշտը տա Հովհաննես-Պողոս Բ պապին եւ հրաժեշտի համար նախքան նրա Վատիկան ուղեւորվելը, Թուրքիայի կառավարությունը երկրում դրոշների իջեցման որոշում ընդունի: Ապրիլի 7-ին թուրքական կենտրոնական հեռուստատեսությամբ հրապարակված որոշման մեջ ասվում է. «2005 թ. ապրիլի 8-ինՙ Վատիկանում Հովհաննես-Պողոս Բ պապի հուղարկավորության օրը, Թուրքիայի բոլոր նահանգներում առավոտից մինչեւ մայրամուտ իջեցվում են պետական հիմնարկների եւ հաստատությունների դրոշները»:
Թվում էր, թե այդ որոշումը պետք է ընդուներ Հայաստանի կառավարությունը եւս, եթե, իհարկե, պետական մտածողության բացակայությունը չխանգարեր նրան:
Հ. ՉԱՔՐՅԱՆ