«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2005-04-07 | #62, 2005-04-08 | #63, 2005-04-09


ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է 12 ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒՄ 35 ՔԱՀԱՆԱ

12 համայնք ունեցող Երեւան քաղաքում գործում է 12 եկեղեցի: Ընդ որում, եթե Կենտրոն համայնքում գործում է 5 եկեղեցի, ապա ծայրամասերում տասնամյակներ շարունակ եկեղեցիներ չեն գործել: Մասնագիտությամբ շինարար ճարտարագետ, մեկ տարի առաջ քահանա ձեռնադրված տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն ասում է, որ եկեղեցիների կառուցումն անհրաժեշտ է ոչ միայն մեր ազգային կրոնի ամրապնդման, այլեւ քաղաքին առավել պատշաճ տեսք հաղորդելու համար: «Եթե եկեղեցիների կառուցումը դիտարկենք քաղաքաշինական տեսանկյունից, ապա միայն դրանց տեսքը ջերմացնում է մարդու հոգին, շոյում հայացքը: Քաղաքաշինական տարր լինելով հանդերձ, եկեղեցիները նպաստում են, որպեսզի մարդիկ ավելի շատ մտածեն հոգեւորի մասին», ասում է Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Եկեղեցիները հիմնականում կառուցվում են սփյուռքահայ բարերարների աջակցությամբ: Այսօր եկեղեցիներ չկան մայրաքաղաքի Աջափնյակ, Զեյթուն, Շենգավիթ համայնքներում, իսկ Արաբկիր եւ Նուբարաշեն թաղամասերում կատարվել են հողահատկացման աշխատանքներ: Շուտով շահագործման կհանձնվի Սուրբ Երրորդություն եկեղեցին Հարավ-արեւմտյան թաղամասում:

«Հոգաբարձուների խորհուրդը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես ծայրամասերին: Արդեն մի քանի տարի եկեղեցիներ են գործում Նոր Նորքում, Ավանում, Նորքում: Եկեղեցու եւ մարդկանց կապը սերտանում է եւ մենք ամեն ինչ պետք է անենք երբեմնի ծխական կյանքը վերականգնելու համար», նշում է տեր հայրը: Բաբկեն քահանա Հայրապետյանի հավաստմամբ, այսօր մայրաքաղաքում ծառայում են շուրջ 35 քահանա, որոնք պարզապես ֆիզիկապես չեն հասցնում ծառայել ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքին: «Քահանան միայն ծիսակարգային գործունեություն իրականացնող չէ: Նրա պարտականությունների մեջ է մտնում հովվական, քարոզչական եւ դաստիարակչական գործունեությունը: Սակայն ժամանակը պարզապես չի բավարարում, որ անմիջականորեն կարողանամ շփվել իմ հոտի հետ, օգնեմ նրան», ասում է Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Քահանաների համալրման նպատակով 2002 թվականին անցկացվեց քահանաների պատրաստման դասընթաց, որին մասնակցեցին բարձրագույն կրթությամբ դպիրներ, սարկավագներ: Նրանք 6 տարվա դասընթացն անցան 2 տարում: Դասընթացին մասնակցում էին 40-ը, սակայն քահանա ձեռնադրվեցին 19-ը: «Մեկ անգամ էլ հայտարարություն եղավ նման դասընթացներին մասնակցելու համար, սակայն դիմողներ չեղան: Մինչդեռ 1 միլիոն բնակչություն ունեցող քաղաքին անհրաժեշտ է մոտ 3000 քահանա», համոզված է Բաբկեն քահանա Հայրապետյանը: Իրական քահանաների պակասը լրացվելու փորձ է արվում ինտերնետի միջոցով: Գործում է ինտերնետային էջ, որը հնարավորություն է տալիս թեկուզ վիրտուալ շփվելու քահանաների հետ եւ ստանալու հարցերի պատասխանները:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4