Ինչի համար, ըստ շվեդական կազմակերպության, անհրաժեշտ կլինի 25-30 մլն դոլար
Ինչպես հայտնի է, Համաշխարհային բանկն արդեն հաստատել է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման վարկային երկրորդ ծրագիրը, որն ուղղված է լինելու կեղտաջրերի մաքրման «Աերացիա» կայանի վերանորոգմանը: 30 մլն դոլար արժողությամբ այդ գումարի կանխավճարի շրջանակներում համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակը կայանի զարգացման տարբերակները որոշելու նպատակով մրցույթ էր հայտարարել: Վերջինիս հաղթող շվեդական SWECO կազմակերպությունը երեկ ներկայացրեց Երեւանում կեղտաջրերի մաքրման ռազմավարության ուսումնասիրությունը:
Շվեդական կազմակերպության ներկայացուցիչ Բերնտ Նորենը հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում, դեռեւս 30-40 տարի առաջ կառուցված կայանը վերանորոգելու համար առաջարկվում է ներդնել նորՙ Եվրոմիության երկրներում ընդունված ստանդարտներին համապատասխան սարքավորումներ: Նորոգման առաջին փուլում առաջարկվում է կատարել մեխանիկական մաքրում: Դա կարճաժամկետ ծրագիրն է: Արդեն առաջին փուլի իրականացման արդյունքում բնապահպանական օգուտները նկատելի կլինեն: Մասնավորապեսՙ 40-60 տոկոսով կնվազեն այսպես կոչված կախվող մասնիկների, 20-40 տոկոսովՙ թթվածնի կենսաբանական պահանջի (ԹԿՊ), 10-20 տոկոսովՙ գումարային ազոտի, 20 տոկոսովՙ գումարային ֆոսֆորի արտանետումները: Կնվազի նաեւ Հրազդան գետ թափվող արդյունաբերական եւ կենցաղային կեղտաջրերի մեծ մասը, ինչի շնորհիվ կբարելավվեն գետի ավազանի սանիտարական վիճակը, այդ ջրով ոռոգվող գյուղմթերքների որակը եւ այլն: Առաջարկվում է նաեւ տիղմի մշակման այնպիսի համակարգ ստեղծել, որի դեպքում այն կարող է գյուղատնտեսության մեջ օգտագործվել որպես կենսահումուս:
Այս փուլում 1,3 մլն մարդ սպասարկող «Աերացիան» կկարողանա օրական մաքրել 300 հազար խմ կեղտաջուր: Չնայած դրան, առաջին փուլից հետո չմաքրված կմնա կեղտաջրերի շուրջ 35 տոկոսը: Առաջին փուլի իրականացմանՙ մեխանիկական մաքրման գնահատված ծախսը տատանվում է 25-30 մլն դոլարի սահմաններում: Շվեդ փորձագետի ներկայացրած ուսումնասիրության համաձայն, առաջին փուլում հնարավոր է նաեւ կեղտաջրերի քիմիական մաքրում, որը կարժենա 4-5 մլն դոլար: Այդուհանդերձ նշվեց, որ մեխանիկական եւ քիմիական մաքրման դեպքում ընդհանուր ծախսը չի գերազանցի 30 մլն դոլարը:
Առավել թանկ կարժենա եւ երկարաժամկետ կլինի կայանի երկրորդՙ կենսաբանական մաքրման փուլը: Այդ դեպքում կայանի նորոգման համար երկու փուլերի համար նախատեսված ընդհանուր ծախսը կկազմի 70 մլն դոլար: Բերնտ Նորենը նշեց, որ կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը կամ վերակառուցումը կարող է տեւել տարիներ: Որպես օրինակ բերվեց Սանկտ Պետերբուրգի մաքրման կայանի վերակառուցումը, որը սկսվել է 1993 թ. եւ կավարտվի այս տարի:
Ի դեպ, շվեդ փորձագետը, բացի մաքրման կայանի խոստումնալից հեռանկարներից եւս մեկ, ոչ այնքան հաճելի նորություն հայտնեց: «Աերացիայի» նորոգումից հետո հարկ կլինի ջրի սակագինը բարձրացնել եւս 25 դրամով...
Ա. Մ.