«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2005-04-08 | #63, 2005-04-09 | #64, 2005-04-12


ՃԻՇՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԱՐՁԱՆԻ ԿՈՂՔԻՆ

Մայրաքաղաքի կենտրոնի հասարակական արտաքնոցներից մի քանիսը քանդվեցին, դրանց տեղում սրճարան, դիսկոտեկ կամ բար կառուցեցին: Դրանց բացակայությունը լրացնում են գետնուղիները, այգիներն ու շենքերի մուտքերը (գիշերային ժամերին): Այս վայրերով շունչներս պահած անցնելով, հետո սրտխառնոց ու գլխապտույտ էլ ենք ունենում: Մասնավորապես հրապարակի մետրոյի կանգառը շարունակող փոքրիկ անցուղին կամ կից այգու տարածքը, որտեղ մի ժամանակվա սրճարանային տաղավարների մետաղյա կմախքները գիշերվա որոշ անցորդների կամ անօթեւանների համար արտաքնոց են ծառայում (գարշահոտությունը դա է ենթադրում): Հասարակական վայրերում դրանց անհրաժեշտությունը զգում են նաեւ քաղաքային իշխանությունները, սակայն դեռ որոշակի քայլեր չեն արվում:

Երեւանի ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկումՙ Կամերային երաժշտության տան դիմաց երկար ժամանակ աղբակույտերի ու շների հարեւանությամբ «ապաստանած» բոմժերի ընտանիքը գիշեր-ցերեկ կրակ էր վառումՙ տաքանալու, ու կուպրի նման թանձր ու ծխի քուլաները հանգիստ նստում էին կամերային տան պատերին: Հիմա նրանք չկան: Կամերային տնից քիչ ներքեւՙ այգում, անցած տարի տեղադրվեց հայ տաղանդավոր ծովանկարիչ Հովհ. Այվազովսկու արձանը:

Երեւանի գրեթե բոլոր այգիներն իրենց տերերն ունեն: Կամերային այգուՙ «Իններորդ ալիք» կոչված տարածքում երկու սրճարան ու թենիսի սեղաններ են տեղադրված: Երեւանն, իհարկե, միայն չեն քանդում, այստեղ երբեմն նաեւ կառուցում ենՙ յուրաքանչյուրն իր հնարավորությունների ու ճաշակի հանգույն: Այս այգում էլ շինարարական թեեւ փոքր, բայց աշխատանք արվում է, արտաքնոց է կառուցվում, վճարովի է լինելու, հասարակական, բացօթյա սրճարաններին կից: Քաղաքապետարանն ու թաղապետարանը փոխարեն ֆինանսավորելու ու հսկողություն սահմանելու (մաքրություն եւ այլն), երկար ժամանակ թույլտվություն չէին տալիս, այս տարածքում նման վայր չկա, իսկ սա անհրաժեշտ է, եւ այգու տիրոջ ճաշակով արտաքնոցը կառուցվում է կենտրոնում, Կամերային տնից մի փոքր ներքեւ, ճիշտ Հովհ. Այվազովսկու արձանի կողքին: Չնայած շինարարներն ասացին, որ լվացարանով, կաֆելապատ, դրսից կանաչավուն գրանիտով պատված է լինելու եւ մաքրությանն էլ հետեւելու են, բայց մերոնց կենցաղային կուլտուրան նկատի առնելովՙ դժվար թե շրջակայքը տհաճություն չբուրի: Առաջ դրանք ստորգետնյա շինություններ էին լինում, հիմաՙ հերիք չէ այգու կենտրոնում է ցցված, դեռ «զարդարելու» է մշակութային տունն ու արձանը: (Նորմալ տներում հաստատ փոքրիկ երեխայի պետքարանը սենյակի կենտրոնում չեն դնի: Անցյալում գյուղաբնակները դրանք տեղադրում էին տնից բավական հեռու, տնամերձ հողամասի ամենահեռու անկյունում): Հիմաՙ Երեւանի կենտրոնական այգիներից մեկումՙ ճիշտ կենտրոնում, Այվազովսկու արձանի մոտ:

Այս ծառայությունն իր «աշխատանքային ժամերը» համապատասխանեցնելու է սրճարանի հետ, այսինքնՙ եթե հիմնականում աշխատողների համար է, ապա դա հասարակական անհրաժեշտություն էլ չի ունենալու, ուրեմն հնարավոր չէ՞ր մեկ ուրիշ տեղ գտնել, մասնավորապես սրճարանի տարածքում: (Շինարարներն ասացին, թե կոյուղին այստեղով է անցնում, ամենից կարեւորը դա է, մնացածն անկարեւոր է):

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4