«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2005-04-08 | #63, 2005-04-09 | #64, 2005-04-12


ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԿԱՊԵՐ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Կոգնիտիո» խորհրդատվական ընկերությունը հայկական ընկերություններին աջակից

Օրերս Երեւանում էր բրիտանական «Կոգնիտիո» ընկերության գործադիր տնօրեն Թիմ Գրեստին: Վերջինս մարկետինգի եւ մենեջմենթի խորհրդատվություն է տրամադրում այն ընկերություններին, որոնք ցանկանում են դուրս գալ եվրոպական շուկա, հատկապես բրիտանական: Ընկերությունը օգնում է բիզնեսմեններին իրենց ապրանքատեսակները ներկայացնելու տարբեր երկրներումՙ ընդունված սովորույթների, կանոնների համաձայն: «Կոգնիտիո»-ի հաճախորդներից են «Բրիտանական ավիաուղիները», «Բելգիական ավիաուղիները», «Պրոկտեր եւ Գեմբլ» ընկերությունը, «Լորեալը» եւ այլն:

Որպեսզի շուկաների իմացությունը ապահովվի, «Կոգնիտիոն» տեղեկություններ է ստանում տեղական կազմակերպություններից, երբեմն որոշ ժամանակով վարձում է կոնկրետ մասնագետներ անհրաժեշտ ոլորտներում եւ այլն: Միացյալ Թագավորությունում ընկերությունն ունի 10-11 մշտական զբաղվածությամբ աշխատակիցներ, 3 աշխատող Հայաստանում: Ընդ որում, ընկերությունը ընտրովի է նաեւ իր հաճախորդների հարցում:

Հայաստանում «Կոգնիտիո»-ն իր ներդրումների միջոցով 2004 թ. հուլիսին բացել է երեւանյան գրասենյակ, ինչպիսին որեւէ այլ երկրում չի գործում: Ժամանակին «Բրիտանական ավիաուղիներում» աշխատող Բոբ եւ Աստղիկ Չապլինների առաջարկությամբ Թիմ Գրեստին համաձայնեց Երեւանում ունենալ գրասենյակ, որն օգնում է հայկական ընկերություններին եվրոպական եւ ամերիկյան շուկա դուրս գալու համար անհրաժեշտ խորհրդատվությամբ:

Ըստ Թիմ Գրեստիի, Հայաստանը հիանալի երկիր է, բայց մարկետինգի եւ մենեջմենթի հմտություններ չունի, ինչպիսիք զարգացվել են Միացյալ Թագավորությունում եւ Միացյալ Նահանգներում:

Խոսելով իր ընկերության հիմնական առաքելության մասինՙ Թիմ Գրեստին նշեց. «Մենք տարբեր ենք: Աշխարհի երկրները տարբեր են իրենց սովորություններով, նախընտրություններով, խանութներով, առեւտրի ընդունված կանոններով եւ այլն: Ընկերություններին մենք օգնում ենք գնահատել Միացյալ Թագավորության շուկան եւ տեսնել, թե որ ապրանքն է նշանակալի այդ շուկայի համար, ինչպես այն պետք է գնանշվի, ինչպես իրացվի շուկայում, խանութների ցանցո՞վ, թե մեկ այլ կերպ: Մենք նրանց հնարավորություն ենք տալիս իրենց ապրանքատեսակը ներկայացնել Միացյալ Թագավորությունում, հետագայում հավանաբար նաեւ եվրոպական այլ երկրներում»:

Ամեն դեպքում, պրն Գրեստին գտնում է, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ այդ երկրի համար անհրաժեշտ ապրանքատեսակների մասին աշխարհում լավատեղյակ չեն: «Երբ մեկնել էի Երեւանից, իմ հայրենիքում ընկերներիցս շատերը չգիտեին, թե որտեղ է Երեւանը: Ես բացատրում էի, որ դա աշխարհի հնագույն երկրներից մեկիՙ Հայաստանի մայրաքաղաքն է»:

Եվրոպական շուկայում հայկական ընկերությունների հնարավոր գործունեության առնչությամբ «Կոգնիտիո» ընկերության գործադիր տնօրենը կարեւորում է, որ հայկական ընկերությունները մեծ գումարներ չունեն եվրոպական երկրների շուկան ուսումնասիրելու համար: Միեւնույն ժամանակ, «Արտերկրյա ընկերությունները, որ գալիս են այստեղ, կարող են ասել, որ չեն ծախսի մեծ գումարներ շուկան ուսումնասիրելու համար, քանի որ պոտենցիալը մեծ չէ: Մենք ինչ ենք անում. մենք պահում ենք գները ցածր եւ կենտրոնանում այն խնդրի վրա, թե ինչպես կարելի է մարկետինգն օգտագործել ավելի ճշգրիտ, անսխալ: Օրինակ, եթե մենք «Մանի Թայլս» հայկական ընկերությանը մտցնում ենք Միացյալ Թագավորության շուկա, տեղեկություն չենք տեղադրի հեռուստատեսությունում: Գուցե հեռուստատեսությունը մատչելի է այստեղ, բայց այնտեղ դա շատ թանկ է, եւ մենք նրանց ունեցած գումարի սահմաններում կառաջարկենք, որ իրենց կղմինդրների օրինակներից եւ լուսանկարներից ուղարկեն այն մարդկանց, ովքեր տներ են կառուցում, վերանորոգում են հին տները, ձեւավորում եւ այլն, մի խոսքով, ճարտարապետներին», ասաց Թիմ Գրեստին:

Անդրադառնալով Երեւանում գրասենյակ բացելու նպատակահարմարությանըՙ պրն Գրեստին նշեց, որ այս տարածաշրջանում աշխատելու համար Հայաստանը հիանալի տեղ է: «Չնայած խնդիրներին, այստեղ հնարավորություններ կան բիզնես իրականացնելու նաեւ Հայաստանից դեպի այլ երկրներՙ Իրան, Արեւելք, անգամ մինչեւ Իրաք»:

Բացի այդ, որպես կանոն հարավկովկասյան տարածաշրջանում գործունեություն իրականացնելու համար Թբիլիսիի ընտրության փոխարեն Երեւանն ընտրվել է նաեւ այլ պատճառներով: Մասնավորապես պրն Գրեստին բացատրեց. «Ամենից առաջ անհատական պատճառներ կան, քանի որ գիտեմ այստեղ աշխատող մարդկանց: Երկրորդըՙ 5 տարում երեք այցելության ընթացքում ես Երեւանում շատ փոփոխություններ եւ զարգացումներ եմ տեսել: Մի քանի տարի առաջվա համեմատությամբ զարգացում է տեղի ունեցել: Ներկայումս վտանգավոր է անցնել փողոցը, իսկ դա նշանակում է, որ այստեղ բիզնեսը զարգանում է: Ես կարծում եմ, որ այստեղ լավատեսություն կա, որ Հայաստանը զարգանում է, որին ավելի լավ են ճանաչում: Ես այսօր զարգացում եմ տեսնում գովազդի, հեռուստատեսության ոլորտում»:

Խորհրդատվական ընկերության գործադիր տնօրենը հատկապես կարեւորեց նաեւ Հայաստանի հետ կապված մեկ այլ հանգամանքՙ սփյուռքի գոյությունը: «Կարեւոր է նաեւ, որ Հայաստանը մեծ թվով ներկայացուցիչներ ունի աշխարհում, որոնցից շատերը բավականին փորձված են եւ կարող են օգնել մեզ բիզնես իրականացնել ամբողջ աշխարհում, ոչ միայն Անգլիայում»: Պրն Գրեստին ընդգծեց նաեւ մարդկային գործոնը, որ հայերը լավ վերաբերմունք են ցույց տալիս, չմոռանալով նշել նաեւ, որ հայկական խոհանոցը եւս կարեւոր գործոն է, ասենք, զբոսաշրջության զարգացման համար:

«Հայաստանը առայժմ ամենահեռավոր եվրոպական երկիրն է, եվրոպական է արեւելյանի թեթեւ հպումով, նույն կերպ, ինչպես Ավստրալիան եւ Նոր Զելանդիան: Հնարավոր է, որ Հայաստանը կապող օղակ դառնա եվրոպական երկրների եւ Հայաստանից արեւելք գտնվող երկրների միջեւ»:

Թիմ Գրեստին գնահատեց նաեւ Հայաստանում գործող ընկերությունների զարգացման հնարավորությունները: Ըստ այդմ, այն ոլորտներից մեկը, որտեղ կարելի է ներդրումների հոսք նկատել, բարձր տեխնոլոգիաներն են, մասնավորապես «Լայկոս» ընկերությունը, որը նախընտրում է այն երկրները, որտեղ կրթության լավ մակարդակ կա, ինչպես նաեւ համեմատաբար ցածր գին: «Անցյալ տարվա 100 աշխատողի փոխարեն «Լայկոսն» այսօր ունի 200-ը, քանի որ հայերը լավ կրթված են եւ հմտացած, տնտեսապես կայուն ենՙ ունենալով հանդերձ իրենց խնդիրները, բայց ես կարծում եմ, որ կայունությունը կամաց-կամաց հաստատվում է, հայ մասնագետների գինը այնքան էլ բարձր չէ (եթե ես Լոնդոնում լավ փաստաբան վարձեմ, նրան պիտի վճարեմ 500 դոլար ժամավճար): Բացի այդ, Հայաստանի տնտեսությունը զարգանում է»:

Ըստ պրն Գրեստիի, Հայաստանը լավ հնարավորություններ ունի համակարգչային ծրագրեր արտահանելու համար, կան այլ ոլորտներ եւս. շատ հարցերում ռեսուրսների բացակայությունը կարող է հավասարակշռվել լավ կրթվածությամբ, ձեռքի աշխատանքի բարձրորակությամբ, բարձր տեխնոլոգիաների, ակադեմիայի ներուժի օգտագործմամբ:

«Իմ կարծիքով, Հայաստանը կարող է ուսում տալու ծառայություն մատուցել այլ երկրների: Շատ երկրներ կան, որ կցանկանան օգտվել կրթական հնարավորություններից, որ կարող է մատուցել Հայաստանը: Միացյալ Թագավորությունում հսկայական գումարներ են աշխատում հենց կրթության միջոցով: Հայաստանը կարող է նույնն անել, հատկապես սփյուռքի միջոցով կապեր հաստատելով ամբողջ աշխարհի հետ: Ամեն դեպքում, Հայաստանում նախապայմաններ կան, ենթակառուցվածքը զգալի զարգացել է եվրոպական պահանջներին համապատասխան», ասաց պրն Գրեստին:

Հայաստանում, սակայն, բիզնես զարգացնելու հարցում բրիտանացի մասնագետը կարեւորեց նաեւ կառավարության անելիք ներդրումը այլ երկրների հետ կապեր հաստատելու հարցում: «Հայաստանը կարիք ունի հստակեցնելու, թե բիզնեսի որ ոլորտներն է հնարավոր զարգացնել այստեղ: Օրինակ, թարմ բանջարեղենի մատակարարում: Ես այստեղ կերել եմ բանջարեղեն եւ կարող եմ ասել, որ անգամ Անգլիայի էկոլոգիապես ամենամաքուր բանջարեղենի համեմատությամբ այստեղի արտադրանքը բավականին համեղ է», ավելացրեց Թիմ Գրեստին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Պրն Թիմը նկատեց, որ Հայաստանում պետական դրոշ քիչ է տեսել եւ ավելացրեց. «Դուք հայերդ այնքան էլ դրականորեն հպարտ չեք ձեր քաղաքացիությամբ, ինչպես, իմ կարծիքով, պետք է լիներ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4