Հարց է տալիս Կենտրոնական բանկի խորհրդի անդամը
Մինչ Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի ունեցող փոփոխությունները մեկնաբանելը, մեզ հետ զրուցելիս Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ ընդհանրապես փոխարժեքի կանխատեսումն անշնորհակալ գործ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Պատճառը, որ դրա վրա ազդող գործոնները, հետեւաբար անորոշություններն ու անհայտներն ավելի շատ են, քան որեւէ այլ ոլորտում: ԿԲ խորհրդի անդամը վկայակոչեց ԱՄՆ դաշնային ռեզերվի նախագահ Ալան Գրիսփենի այն խոսքերը, որ ավելի հեշտ է մետաղադրամ գցել եւ գուշակել, թե ինչ կընկնի, քան փոխարժեք կանխատեսել:
Ինչ վերաբերում է մեր շուկայում տեղի ունեցող երեւույթներին (որոնց անդրադարձել էինք մեր թերթի նախորդ համարներից մեկում), մասնավորապես այն բանին, որ դոլար-եվրո հարաբերակցությունը միջազգային շուկայում պահպանվելու պարագայում եվրոյի փոխարժեքը Հայաստանում կտրուկ անկում է ապրում, իսկ դոլարի որոշակի կայունացումը չի ազդում դրամի փոխարժեքի վրա, ապա Վաչե Գաբրիելյանը հետեւյալ պարզաբանումները տվեց: Միջազգային շուկայում դոլարի փոխարժեքի տատանումները որպեսզի անմիջական արձագանք գտնեն Հայաստանում, պետք է մեր շուկան, բանկերն ու տնտեսվարողներն օրգանական թելերով կապված լինեն համաշխարհային ֆինանսական շուկայի հետ: Հասկանալի է, մեր բանկերն ամեն օր գործարքներ չեն իրականացնում Ֆրանկֆուրտի կամ Լոնդոնի բորսաներում: Հետեւաբար, փոխարժեքի տատանումներն, ըստ ԿԲ խորհրդի անդամի, հնարավոր չէ, որ անմիջապես ազդեն մեր շուկայի վրա: Այդ ազդեցությունը լինում է միջնորդավորվածՙ սպասումների միջոցով: Եթե դրսի տատանումները մեր տնտեսվարողները գնահատեն էական եւ անդառնալի, ապա նրանք կարող են համապատասխան սպասումներ ձեւավորել շուկայում:
Հայաստանում եվրոյի փոխարժեքի տարօրինակությունները մեր զրուցակիցը բացատրեց եվրոյի շրջանառության փոքր ծավալներով: 2004 թ. Հայաստանում եվրոյի շրջանառությունը բանկ-հաճախորդ հարաբերություններում եւ միջբանկային շուկայում 7-8 անգամ պակաս է եղել դոլարի շրջանառությունից: Եթե միջբանկային շուկայում շրջանառվել է 130 մլն դոլար, ապա եվրոյի շրջանառությունը կազմել է մոտ 10 մլն: Այդ պատճառով էլ եվրոյի, ինչպես նաեւ ռուբլու գնագոյացում մեզ մոտ չի լինում: Այսինքնՙ այս արժույթների շուկայական փոխարժեք չի ձեւավորվում: Եվրոյի փոխարժեքը սահմանվում է կրոս կուրսով:
Այդ դեպքում ինչպե՞ս է լինում, որ հակառակ գործընթացի ժամանակ, երբ միջազգային շուկայում դոլարն արժեզրկվում է, անմիջապես ազդում է դրամի վրա: Այս հարցին պատասխանելով Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այս տարվա միայն առաջին կիսամյակում բնակչությունը եւ տնտեսվարող սուբյեկտները բանկերին վաճառել են 40 մլն դոլար, որից 25 մլն դոլարը գնել է Կենտրոնական բանկը: Դա մեծ հոսք է Հայաստանի շուկայի համար: Ընդ որում, դոլարը գնելուց հետո փոխարենը դրամ է ներարկվում: «Եթե այդ 25 մլն դոլարը չգնեինք, ապա պատկերացնո՞ւմ եք, թե փոխարժեքը որտեղ կլիներ», հարց տվեց ԿԲ խորհրդի անդամը:
«Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ԿԲ նախագահի հայտարարությունները, որ Կենտրոնական բանկը չի միջամտում փոխարժեքի ձեւավորմանը» հարցին Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ ԿԲ-ն դոլարը չի գնում փոխարժեքը պահպանելու համար: «Մենք միշտ ասել ենք, որ ոչ թե շուկա չենք մտնում, այլ փոխարժեքը չենք պահում: Դրանք լրիվ տարբեր բաներ են: Փոխարժեքը չենք պահել 1996 թ. սկսած եւ չենք էլ պահելու», ասաց նա եւ ավելացրեց, որ Կենտրոնական բանկի գործողությունները շուկայում նպատակ ունեն փոխարժեքի տատանումները մեղմելու:
Ավելին, Կենտրոնական բանկն իրավունք էլ չունի փոխարժեքը պահելու, քանի որ առկա է օրենսդրական խնդիրՙ ապահովելու գների կայունությունը Հայաստանում: Մեր երկրի բնակչության մոտ 43 տոկոսը աղքատ է: Սպառողական զամբյուղի որոշ տեսակի ապրանքների (միրգ, բանջարեղեն, մսամթերք եւ այլն) գնագոյացումը եւ սպառումը կատարվում են դրամով: Հետեւաբար, եթե ԿԲ-ն դրամի քանակն ավելացներ ոչ թե 25 մլն դոլարի, այլ, ասենք, 40-50 մլն դոլարի չափով, ապա դա կանդրադառնար այս ապրանքների գների վրա: Կլիներ արժեզրկում, եւ կավելանային սպառողական զամբյուղի գները: Դա էլ իր հերթին նախ կազդեր վերոնշյալ 43 տոկոսը կազմող աղքատ բնակչության վրա: Օրենքն ամրագրում է, որ Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գնաճը զսպելն է:
«Ինչպես է ավելի ճիշտ ասել, դոլա՞րն է արժեզրկվում, թե՞ դրամը արժեւորվում» հարցին պատասխանելով, Վաչե Գաբրիելյանն առաջարկեց դիտարկել, թե ինչպես է դոլարի թուլացումն ազդում Հայաստանի վրա: Օրինակՙ այդ դեպքում զբոսաշրջիկներն են ավելի շատ գալիս Հայաստան, ինչը, հետեւաբար, իր ազդեցությունն է ունենում տնտեսության մյուս ճյուղերի վրա: Անկախ նրանից, որ դա ազդեցություն թողնող ամենաէական գործոններից չէ, նման փոխկապակցվածությամբ երեւում է, որ դոլարի արժեզրկման եւ դրամի արժեւորման գործընթացները պայմանավորված են միմյանցով:
Մեր զրույցի վերջին հարցիՙ փոխանակման կետերի ապօրինությունների առնչությամբ, որոնք հայտնաբերվել էին նաեւ ԿԲ ստուգումների ընթացքում, Կենտրոնական բանկի խորհրդի անդամը կարծիք հայտնեց, որ դրանք, այդուհանդերձ, չեն կարող ազդել փոխարժեքի վրա: Վերջինս ձեւավորվում է բանկային շուկայում: Անգամ եթե փոխանակման կետերի շրջանառությունը երկու-երեք անգամ ավելի լինի, քան հիմա է, միեւնույն է, բանկային շուկայի ծավալներին այն չի կարող հասնել: Փոխանակման կետերի ամենալուրջ խնդիրն այն է, որ նրանք ֆինանսավորում են ստվերային տնտեսությունը: Վաչե Գաբրիելյանն ընդունեց, որ փոխանակման կետերը սպասարկման առումով խնդիրներ են ստեղծում, կարող են ստացական չտրամադրել, փոքր արժեքով դոլար չգնել կամ չվաճառել: Մի խոսքով, սա խնդրահարույց ոլորտ է եւ մեր զրուցակցի հավաստմամբ, Կենտրոնական բանկը հնարավոր ամեն ինչ անում է կարգավորելու համար: Մասնավորապես տեղեկացվեց, որ ապրիլի 1-ից փոխանակման կետերը մուտք են գործել ընդհանուր հարկման դաշտ, իսկ մինչ այդ նրանք հաստատագրված վճարներ էին վճարում: Այնուամենայնիվ, այս ոլորտի խնդիրներն ավելի հանգամանալից պարզաբանումների կարիք ունեն, ինչը կներկայացնենք առաջիկայում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ