«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2005-04-09 | #64, 2005-04-12 | #65, 2005-04-13


ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆԵՐՆ ԸՆՏՐԱԴԱՇՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Ապրիլի 10-ին ավարտվեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուների առաջադրման փուլը: Պարզ դարձավ, որ այս ընտրություններն իրոք ավելի ակտիվ են լինելու, քան նախորդները: Ընդ որումՙ ակտիվության կորընթացը առավել նկատելի է լինելու մայրաքաղաք Ստեփանակերտում:

ԼՂՀ ԿԸՀ տվյալներովՙ Ստեփանակերտում առաջադրված թեկնածուների թիվը ընտրատարածքներից մեկում հասել է մինչեւ 14-ի: Առհասարակ, մեկ ընտրատարածքում 8-9 թեկնածուն մայրաքաղաքում միջին է համարվում, իսկ ահա շրջաններում այդ ցուցանիշն զգալիորեն ցածր էՙ մեկ ընտրատարածքում առավելագույնը 6 հոգի:

Իրենց հավակնություններն են դրսեւորել նաեւ կուսակցությունները: Այս հատվածում անսպասելի ոչինչ կարծես թե չկաՙ ԼՂՀ-ում շատ թե քիչ ճանաչված 6 քաղաքական կազմակերպությունները հիմնականում հանդես են եկել առանձին առաջադրմամբ, իսկ ՀՅԴ-ն եւ «Շարժում-88»-ը, ինչպես եւ սպասվում էր, դաշինք են կազմել:

Եթե ընդհանուր պատկերը համամասնենք, ապա ամեն ընտրատարածքում միջինը 6 թեկնածու է առաջադրվել: Չի բացառվում, որ հետագայում որոշ թեկնածուներ կամավոր դուրս կգան ընտրապայքարից: Դա նաեւ օրինաչափ է այն առումով, որ ընտրությունների համար առաջադրվածների քաղաքական եւ հասարակական կշիռը շատ հաճախ տարբեր է: Լուրջ հավակնությունների հետ մրցակցելու հայտ են ներկայացրել նաեւ այնպիսի անձինք, որոնք պարզապես ճանաչում չունեն հասարակության մեջ:

Անկախ այս ամենից, ԿԸՀ-ն առաջիկա շաբաթների ընթացքում պետք է ստուգի թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի իսկությունը, իսկ մայիսի երկրորդ տասնօրյակում արդեն կսկսվի քարոզչության փուլը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4