Հատկապես ԱՄՆ արտագաղթի բարձր ցուցանիշներն ապացուցում են, որ այս պետությունը մեր համերկրացիների համար վաղուց արդեն «ավետյաց երկիր» է դարձել: Հյուպատոսարանում հարցազրույց անցնող դիմորդների համար, անկախ այն բանից, ինչ մտադրություններ ունեն, չպարզաբանված հարցեր շատ են լինում, որոնց ստույգ պատասխանը նրանք հաճախ այդպես էլ չեն ստանում: Հենց այս է պատճառը, որ նրա գործունեությունը պատած է մի տեսակ խորհրդավորության քողով եւ ժողովրդի մեջ հաճախ իրականությանը չհամապատասխանող պատմություններ են շրջում:
«Մենք մտադիր ենք համագործակցել ձեր եւ մյուս լրատվամիջոցների հետ, նախկինում այդքան էլ հաճախ չենք միասին աշխատել, եւ ուրախ եմ, որ հիմա այդ հնարավորությունը կա: Սա շատ լավ միջոց է մեր անաչառ աշխատանքը մարդկանց ցույց տալու: Հյուպատոսարանի աշխատանքի վերաբերյալ ժողովրդի մեջ տարածվող տեղեկատվությունը լավ կլինի, որ առաջին ու հավաստի աղբյուրից ստացվի: Թե չէ լուրերը, թե մենք ինչ ենք անում այստեղ, հաճախ մեզ համար էլ շատ անսպասելի են», նախնական զրույցի ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայության փոխհյուպատոս Մարկ Ֆլեմինգը:
Մարկ Ֆլեմինգը սիրով պատասխանեց «Ազգի» հարցերին, որոնք, անշուշտ հետաքրքրում են նաեւ այս երկրի հետ կապեր կամ պարզապես այնտեղ զբոսաշրջության մեկնող հայաստանցիներին:
- Հայաստանում կառուցվում է ԱՄՆ ամենամեծ դեսպանատներից մեկն աշխարհում: Ենթադրվում է, որ հյուպատոսարանում գործող անվտանգության համակարգն էլ առանձնահատուկ է: Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ անվտանգության մեխանիզմների խստացումն ի՞նչ է ենթադրում:
- Այս պահին մոտավորապես ԱՄՆ 45 դեսպանատներ են կառուցվում աշխարհում, բոլորի համար չափանիշները եւ կանոնները նույնն են: Սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո 2 խոշոր փոփոխություններ եղան` մատնադրոշմներ վերցնելը եւ բիզնես վիզաների դեպքում անհատական հարցազրույցների անցկացումը, որ նախկինում չկային: Մատնահետքերը վերցվում են ե՛ւ հարցազրույցի ժամանակ, ե՛ւ Միացյալ Նահանգներում: Բացի այդ, յուրաքանչյուր օդանավակայան կամ տրանսպորտի վարչություն ունի անվտանգության իր անհատական մեխանիզմները, օրինակ, ուղեւորի կոշիկների ստուգումը, որոնք, սակայն, կապ չունեն վիզաների տրամադրման գործընթացի հետ:
- Մամուլից հայտնի է, որ վիզաների միջնորդավճարների փոփոխություններ են եղել: Ո՞ր վիզաներին է դա վերաբերում:
- Միջնորդավճարների բարձրացում եղել է անվտանգության եւ կեղծիքների դեմ պայքարելու չափանիշներն ապահովելու համար, որոնք մեծ գումարներ են ենթադրում: Ոչ ներգաղթային վիզաների արտոնագրերի գումարներն անփոփոխ են մնացել, թեեւ դրանք չեն համապատասխանում այդ չափանիշներին, բայց ամեն դեպքում որոշվել է դրանք անփոփոխ թողնել: Մնացած դեպքերում ամեն տեսակի ներգաղթային վիզաների գումարներն ավելացել են 45 դոլարով: «Գրին քարտերի» կամ բազմազանության վիճակախաղի վիզաների դեպքում միջնորդավճարը դարձել է 375 դոլար, բայց դա գանձվում է միայն արտոնագիրը տրվելու ժամանակ:
- Մեծ դեսպանատան կառուցումը ենթադրո՞ւմ է, որ «գրին քարտով» շահածների հետ հարցազրույցն արդեն կանցկացվի ոչ թե Թբիլիսում, այլ Երեւանում:
- Մենք ունենալու ենք բավական մեծ տարածք, որը դրա հնարավորությունը կընձեռի: Երեւի կգա այդ ժամանակն էլ, բայց այդպիսի որոշում դեռ չկա:
- ԱՄՆ դեսպանատունը բազմիցս անբավականություն է հայտնել Հայաստանում գործող այն կազմակերպությունների հասցեին, որոնք «գրին քարտ»-ի, վիզաների դիմումները լրացնելու համար փող են աշխատում դիմորդներից: Եվ այնուամենայնիվ, այդ կազմակերպությունները կան, նույնիսկ մի երկուսը գործում են դեսպանատան մերձակայքում:
- Իմ կարծիքով, որեւէ մեկի դիմումը, անկախ այն բանից, ինչ նպատակով է դիմում, կարիք չկա, որ մեկ ուրիշը լրացնի: Ուղղակի ամեն մարդ պիտի հասկանա, որ ուրիշի լրացրած դիմումներում կարող են սխալներ լինել եւ վնասել իրեն: Այդ սխալները մենք շատ լավ նկատում ենք: Իսկ դրանց գործունեությունը դադարեցնելու ոչ մի քայլ չենք կարող ձեռնարկել, միակ բանը, որ կարող ենք անել, զգուշացումն է, որ չօգտվեն դրանց ծառայությունից:
- Հյուպատոսարանի աշխատակիցները հարցազրույցի շատ կարճ ընթացքում, ինչպե՞ս են մերժում կամ թույլատրում վիզաները, ինչպե՞ս կարող են հասկանալ դիմորդի իրական ցանկությունների ու կեղծիքի մասին եւ բացահայտել դրանք:
- Մենք յուրաքանչյուր այցելուի դիտում ենք իբրեւ հնարավոր փախստականի այնքան ժամանակ, մինչեւ նա չի ապացուցում հակառակը: Իհարկե, իրականում այդ բարդ խնդիրը դժվար հաղթահարելի է դիմորդի համար, մերժումների ու թույլտվությունների վիճակագրությունը եւս դա է ապացուցում:
Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 9-ը ընդհանուր առմամբ բոլոր տիպի վիզաների համար բացի հայերից դիմել է այլ ազգությունների 3 հազար մարդ: Նրանց 61 տոկոսը մերժվել է: Այդ թվից 2500-ը Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր դիմել են տուրիստական եւ բիզնես վիզաների համար: Եվ այդ 2500-ի 65 տոկոսը եւս մերժվել է: Մենք վիզա ենք տրամադրել նաեւ այլ երկրների քաղաքացի իրանահայերին, Սիրիայի, Լիբանանի քաղաքացիներին, որոնք ազգությամբ հայ են, եւ բավական մեծ թվով` Հնդկաստանի, Ռուսաստանի քաղաքացիների, եթե նրանք մեզ համոզում են, որ իսկապես մտադիր են վերադառնալ: Բացի տուրիստական եւ բիզնես վիզաներից եւս 5 հազարը դիմել է այլ տիպի վիզաների համար, բայց այդ վիզաների ճնշող մեծամասնությունը ուսանողական ծրագրերին մասնակցած երեխաներն են:
- Գաղտնիք չէ, որ կան մարդիկ, ովքեր զարտուղի ճանապարհներով վիզա «դասավորելու» անվան տակ մեծ գումարներ են կորզում դիմորդներից, նույնիսկ հստակ թվեր են նշվում: Վերջերս նման մեղքի մեջ մեղադրվեց նաեւ հյուպատոսարանի աշխատակիցը:
- Մենք միշտ քաջալերում ենք մարդկանց, որ նման իրողությունների մասին, թե՛ այստեղ, թե՛ ԱՄՆ-ում, մեզ տեղյակ պահեն: Այդպիսի դեպքերը կանխելու համար սերտ համագործակցում ենք նաեւ Հայաստանի պատկան մարմինների հետ:
Ինչ վերաբերում է հյուպատոսարանի աշխատակցին, ապա դա իսկապես շատ ցավալի դեպք է, բայց մենք կարողացանք հայտնաբերել պրոբլեմը եւ լուծում տալ: Եվ դա վկայություն է, որ օրենքն իսկապես գործում է:
- Օրերս «Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթում մի հոդված էր հրապարակվել գյումրեցի մի ընտանիքի մասին: «Գրին քարտ» շահելուց հետո ընտանիքը մեկնում է Ամերիկա եւ հայտնվում անօգնական վիճակում` առանց փողի, տանիքի ու ծանոթների: Չկա՞ն կազմակերպություններ, որոնք կոչված են զբաղվելու խաղարկությունում շահած մարդկանց հետագա ճակատագրով:
- Կոնկրետ այդ պատմությանը ծանոթ չեմ եւ չեմ կարող խոսել այդ մասին: Բայց պետքարտուղարության կողմից գործող պետական կամ մասնավոր այդպիսի կազմակերպություններ չկան, որոնք պիտի օգնեն նման ընտանիքներին: Հիմնականում «գրին քարտ» շահած մարդիկ մինչ վիզան ստանալը եւ ԱՄՆ մեկնելը բավական ժամանակ ունեն եւ նախապես ընկերների, ծանոթների, ինտերնետի միջոցով պիտի պարզեն, թե ինչ աշխատանք կարող են կատարել, որտեղ բնակվել:
- Հայտնի է, որ հյուպատոսարանն իրավունք ունի դիմորդին ընդհանրապես զրկելու ԱՄՆ ոտք դնելու իրավունքից: Այս տարի քանի՞ այդպիսի այցելու է եղել եւ ի՞նչ պատճառներով են հայտնվել այդպիսի կարգավիճակում:
- Իրականում այդպիսի բան կա, բայց դա գրեթե չի արձանագրվել այստեղ: Այդ խնդրով հիմնականում զբաղվում են դաշնային մարմինները, դա վերաբերում է քրեական հանցագործներին, ովքեր, բնականաբար, չեն կարող հայտնվել Միացյալ Նահանգներում: Հայաստանում կան հայեր, որոնք այդպիսին են ճանաչվել ԱՄՆ կառավարության կողմից, եւ նրանց թույլ չի տրվել մեկնել: Հյուպատոսարանը այդպիսի մերժում հաստատում է այն մարդկանց համար, ովքեր վիզա ստանալու հետ կապված մեծ կեղծիք են թույլ տվել: Այն մարդկանց, ովքեր անընդունելի են համարվում ԱՄՆ կառավարության կողմից, եւ այնուամենայնիվ, դիմում են հյուպատոսարան, մենք պարզապես տեղեկացնում ենք այդ մասին:
Հունվարի 1-ից առ այսօր ոչ մի այդպիսի դիմորդ չի արձանագրվել մեզ մոտ, բայց եղել են մի քանի այցելուներ, որոնց ես զգուշացրել եմ (հիմնվելով Միացյալ Նահանգներից ստացած տեղեկատվության վրա), որ իրենք չեն կարող մեկնել Նահանգներ:
- Փաստորեն, հարցազրույցի ընթացքում անվտանգության եւ կեղծիքները բացահայտելու համար բավական խիստ կանոններ են գործում, բայց վիզա ստանալուց հետո դիմորդներից շատերը կարողանում են ԱՄՆ-ում երկարաձգել իրենց մնալու ժամկետը` ստանալով աշխատանքի, սովորելու իրավունք եւ այլն: Դարձյալ ամերիկյան պետությունն է նրանց այդ իրավունքները տալիս:
- Դուք ճիշտ եք, իրականում շատ են այդպիսի դեպքերը, երբ մարդիկ գնում են եւ իրենց կարգավիճակը փոխելով մնում ԱՄՆ-ում: Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ անվտանգության ծառայություններին ավելի մեծ գումարներ են տրամադրվում` ոչ ներգաղթային վիզաներով մեկնած եւ ԱՄՆ-ում մնացած մարդկանց վերադարձնելու համար: Բայց կան մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, շատ հնարամիտ են, եւ ուղիներ են գտնում մնալու համար:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. Այսուհետեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական ծառայության հետ «Ազգ» թերթն ուղիղ կապով համագործակցություն է սկսում, որը կարող է օգտակար լինել նրանց, ովքեր հյուպատոսական ծառայությունում հարցազրույց են անցել եւ անբավական մնացել:
Շաբաթը մեկ անգամ մեր թերթում հարցուպատասխանի առանձին սյունակ կառանձնացվի վիզաների տրամադրման խնդիրների վերաբերյալ, որոնց պատասխանները կտրամադրի հյուպատոսարանը:
Կարող են դիմել բոլոր նրանք, ում համար հարցազրույցից հետո ինչ-ինչ հարցեր անհասկանալի են մնացել, նաեւ նրանք, ովքեր նոր հարցադրումներ ունեն:
Հարցերը կարող են տպագրվել նաեւ անստորագիր, բայց խմբագրությունը անպայման պետք է իրազեկ լինի դրանց հեղինակների ինքնությանը:
Հարցերը կարող եք ուղարկել գրավոր կամ «Ազգի» էլ. փոստովՙ azg@azg.am կամ azg1@arminco.com