«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2005-04-09 | #64, 2005-04-12 | #65, 2005-04-13


ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է

Մշակութային օջախների նկատմամբ չինովնիկների ոտնձգությունները վարակիչ ախտի նման տարածվում են հանրապետության մյուս քաղաքներում, այդ թվումՙ Էջմիածին քաղաքում:

Արդեն երկար ժամանակ քաղաքում խոսակցություններ են պտտվում, որ քաղաքապետարանը վաճառել է Էջմիածնի գավառագիտական թանգարանի շենքը, սակայն թանգարանի տնօրեն Հասմիկ Հակոբյանն առ այսօր պաշտոնական որեւէ գրություն չի ստացել:

Քաղաքապետ Հրաչյա Աբգարյանից հեռախոսազրույցով տեղեկացանք, որ 6 ամիս առաջ շենքն աճուրդի է դրվել եւ վաճառվել: Նրա ասելով, աճուրդին մասնակցելու ցանկություն էր հայտնել նաեւ թանգարանի տնօրենը. «Ավագանու որոշմամբ շենքը դրվել է աճուրդի, որին մասնակցել է նաեւ թանգարանի տնօրենը: Նրա բարեկամն էր ուզում շենքը գնել, բայց աճուրդում հաղթեց ավելի բարձր գին առաջարկող գնորդը: Թանգարանի համար նոր շենք ենք վերանորոգում, մինչեւ նախկինից մի քանի անգամ լավ պայմաններ չստեղծենք, չենք տեղափոխի, գնորդի հետ այդպիսի պայմանավորվածություն ունենք: Վերանորոգումը կտեւի 4-5 ամիս», ասաց քաղաքապետը:

Թանգարանի տնօրենը պնդում է, որ ինքը բոլորովին տեղյակ չի եղել շենքի առք ու վաճառքին. «Ծանոթ ու բարեկամ ինձ տեսնելիս հարցնում ենՙ դուք դեռ նույն շենքո՞ւմ եք: Նրանց հարցն ինձ շատ է հուզում, ուղղակի ինձ տեղ չեմ գտնում, որովհետեւ թանգարան քանդելը հավասար է եկեղեցի քանդելուն: Չեմ ուզում հավատալ, որ որեւէ մեկի մտքով անցնի 1 օրում տակնուվրա անել 15 տարում մի կերպ ստեղծվածն ու այլ շենք տեղափոխելՙ առանց հիմնավոր պատճառների: Փորձում եմ շատ չխորանալ այս հարցի մեջ, մտածում եմ, որ եթե նույնիսկ վաճառելու մտադրություն եղել է, հիմա ինչ-որ բան փոխվել է», ասում է տնօրեն Հակոբյանը: Նա կարծում է, որ թանգարանը վաճառելու ցանկության դեպքում քաղաքապետը գոնե մեկ անգամ պետք է խորհրդակցեր իր հետ, փորձեր լսել իր կարծիքը թանգարանը այլ շենք տեղափոխելու վերաբերյալ:

1964 թվականին հիմնված թանգարանն ունի մոտ 12 հազար ցուցանմուշ, որից այժմ ցուցադրվում են միայն 300-ըՙ համապատասխան կահույք չունենալու պատճառով: Մնացածը պահպանվում է ազգագրության, հնագիտության եւ ընդհանուր ֆոնդարաններում: Ցուցասրահի 2 հիմնական բաժիններում ցուցադրվում են հնագիտության եւ ազգագրության ուշագրավ նյութերՙ ուշ քարե դարից մինչեւ միջնադար: Հնագիտական հազվագյուտ նմուշներով թանգարանը չի զիջում Հայաստանի մյուս թանգարաններին:

1984 թվականից թանգարանը նախկին ակումբի շենքից տեղափոխվել է ներկայիս բազմահարկ շենքի առաջին հարկ, որտեղ երկարատեւ կապիտալ ձեւափոխություն կատարելուց հետո ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Սա ազգագրական նյութերով միակ թանգարանն է Էջմիածնում: Ապրիլի վերջից կազմակերպում ենք կարպետների, գորգերի, հնագիտական իրերի, լուսանկարների բացօթյա ցուցադրություններ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում: Թանգարանի միակ նվիրատվությունը էջմիածինցի նկարիչ Ստյոպա Կանայանի հին Վաղարշապատի 34 գծանկարներն են», պատմում է Հակոբյանը:

Թեպետ քաղաքապետը վստահեցնում է, որ նոր շենքում կստեղծվեն թանգարանային բոլոր պայմանները, սակայն Հասմիկ Հակոբյանն այն կարծիքին է, որ թանգարանի համար նախատեսված նոր շենքը բավականին փոքր է, իսկ ամենակարեւորըՙ չունի նկուղային հարկ, ինչը խիստ անհրաժեշտ է ֆոնդարանների համար:

Բնակիչներն ասում են, որ թանգարանի շենքը գնել է Հրաչ Աբգարյանին նվիրված մի անձնավորություն, որը 3 տարի առաջ կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ ամեն ջանք գործադրել է նրա հաղթանակն ապահովելու համար: Այդպիսի նվիրումի դիմաց գավառագիտական թանգարանի շենքը լավ նվեր էՙ կապիտալ վերանորոգումից հետո այն կարելի է դարձնել առեւտրի շահութաբեր կենտրոն:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4