«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2005-04-09 | #64, 2005-04-12 | #65, 2005-04-13


ՄԵՐ ՄԵԾ ՈՒ ՀԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Հայերս առիթը բաց չենք թողնում հպարտանալու մեր 1600-ամյա գրերով, թարգմանչաց երկու եկեղեցական եւ նույնիսկ գրադարանավարի նորամուտ տոներով: Սակայն սա չի նշանակում, թե մեր երկրի եզակի մշակութային ու գիտական օջախներից մեկը` Ազգային գրադարանը եւս հպարտանալու առիթ է տալիս: Թերեւս, ճիշտ հակառակը: Գուցե շատերը Հայաստանը քարե դարի երկիր կհամարեն, եթե իմանան, որ 2005 թվականին ՀՀ Ազգային գրադարանում գրքերի խոնավության պահպանման ռեժիմ է ապահովվում գրապահոցներում դույլերով ջուր դնելով, իսկ շենքերը ջեռուցվում են գրադարանի համար անթույլատրելի ձեւով:

Այնուամենայնիվ, ինչպես գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն է նշում. «Հայաստանի ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայկական գրապահոցն է եւ մշակութային, գիտական, կրթական ու տեղեկատվական ամենամեծ կենտրոնը, որին պիտի աչքի լույսի պես պահենք»:

Գրադարանը տեղակայված է չորս մասնաշենքերում եւ ունի նույնքան ընթերցասրահներՙ ընդհանուր ուսանողական, երկու գիտական եւ ընթացիկ մամուլի ընթերցասրահը:

Գործում են նաեւ ինտերնետի ազատ մուտքի եւ մատչելիության սրահը, ՄԱԿ-ի դեպոզիտար ընթերցասրահը, հնատիպ եւ արխիվային գրականության, երաժշտական եւ նոտայի գրականության, կերպարվեստի եւ քարտեզագրական, ատենախոսության եւ սեղմագրերի բաժինները` իրենց ընթերցասրահներով: Ազգային գրադարանի տնօրենությունից տեղեկացանք նաեւ, որ նախատեսվում է հաշմանդամների համար ընթերցասրահ ստեղծել նոր կառուցվող մասնաշենքում, ուր բացի հաշմանդամներին սպասարկելուց, նախատեսվում է հենց հաշմանդամներից ընտրել կադրեր, նրանց մասնագիտական գիտելիքներով ապահովել եւ աշխատանքի ընդունել:

ՀՀ Ազգային գրադարանն ունի 6,5 միլիոն միավոր ամենատարբեր հնության ու կարեւորության գրադարանային վաղուց չզտված ֆոնդ, մոտ 30.000 քառ. մետր տարածք, բազմաթիվ ենթաբաժիններ ու մինի գրադարանների ներքին ցանց, ուր գրականությունն սպասարկվում է միանգամից: Գրադարանն ունի մոտ 360 աշխատակից: Օրական մոտ ութ հարյուրից հազար ընթերցող է օգտվում այս գրադարանից, ուր հատկապես մարդաշատ է քննաշրջանների ընթացքում:

«Բոլոր շենքերն անմխիթար եւ ահավոր վիճակում են,- ասում է տնօրենը,- գրադարաններին լավ աչքով չեն նայել նույնիսկ խորհրդային տարիներին, քանի որ մեր գրադարանի շենքային խնդիրները 10-15 տարվա չեն, այլ տասնամյակների պատմություն ունեն, մասնավորապես թամանյանական մասնաշենքն արդեն հիսուն տարուց ավելի հիմնարար վերանորոգման չի ենթարկվել: Ձմռանն անընդհատ աշխատելու պատճառով Էլեկտրական վահանակները հալվում եւ շարքից դուրս էին գալիս: Կոմունալ պայմաններն էլ նույն ահավոր վիճակում են, անցնող ձմեռվա ընթացքում երկու անգամ վթար ունեցանք», պատմում է Դ. Սարգսյանը եւ ավելացնում, որ այս վիճակը շտկելու համար գրադարանը ոչ թե պետք է վերանորոգել, այլ վերակառուցել:

Չնայած գրադարանը դուրս մնաց «Լինսի» հիմնադրամի առաջին փուլի ծրագրից, այնուամենայնիվ, լավ օրվա հույսով արդեն մշակվել է մասնակի վերանորոգման աշխատանքների ծրագրեր: Ակնկալվում է, որ ի հայտ կգան բարերարներ, ովքեր ներդրում կանեն վերանորոգելու գրադարանի որեւէ հարկաբաժինը կամ ընթերցասրահըՙ բարի անուն թողնելով սերունդներին:

Գրադարանի առաջիկա անելիքների մասին խոսելիս տնօրենը հիշատակում է Ազգային գրադարանի` որպես ժողովրդական անձեռնմխելի սեփականության, պարտադիր օրինակի եւ գրադարանների մասին օրենքների նախագծերը, որոնք պետք է ներկայացվեն Ազգային ժողովին: Դ. Սարգսյանը կարեւորեց նաեւ Հայաստանի գրադարանային ներքին ցանցը հզորացնելու եւ եվրոպական գրադարանների ցանցում ներգրավվելու խնդիրները: Ուշագրավ է նաեւ տնօրենի վերաբերմունքը օտարալեզու գրականության ներմուծման վերաբերյալ: Ըստ տնօրենի, այլեւս կարիք չկա ներմուծել ողջ ռուսական հրատարակությունները «առանց այդ էլ մեր գրադարանի ֆոնդերի առյուծի բաժինը ռուսալեզու գրականության նմուշներ են», դրանք կարելի է գտնել նաեւ ինտերնետում կամ պատվիրել գրադարանին` վճարելով ծառայության համար որոշակի գումար: Մատենագիտական գրականության հրատարակությունը եւս անտեսված չէ եւ կատարվում է գրադարանի հրատարակչությունում:

Այստեղ լույսընծայման է պատրաստվում Մեծ եղեռնի մասին հրատարակված ողջ գրականության հարյուր մամուլանոց մատենագրությունը:

Այս ամենին զուգահեռ տնօրենը նշում է. «Անցնում ենք ժամանակակից գրադարանային մոդելի, որն անընդհատ ու դժվարին ընթացք է: Նոր մատենագրական աշխատանքների, Ֆոնդերի ու քարտարանների թվայնացման այսօրվա տեմպերն ինձ չեն բավարարում: Դրա համար կադրեր են պետք- գրադարանավարներ, որոնք լավ գիտեն համակարգչային գործ եւ համակարգչային մասնագետներ, որոնք լավ գիտեն գրադարանային գործ: Մեր կադրերն արդեն մասնակցում են համակարգչային դասընթացների, սակայն ես չեմ կարող ասել, թե գրադարանի հիմնական ֆոնդը երբ գոնե 60, 70 %-ով կթվայնացվի»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4