«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2005-04-12 | #65, 2005-04-13 | #66, 2005-04-14


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄՙ «ԾԱՆՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՑԱՆՔ, ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդկային իրավունքներն ու ցեղասպանությունը» միջազգային համաժողովը տեղի կունենա ապրիլի 20-21-ը «Արմենիա - Մարիոթ» հյուրանոցում: Բացման խոսքով հանդես կգան հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը: Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսիայի եւ ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, անցումային արդարադատության միջազգային կենտրոնի նախագահ Խուան Մենդեզի ուղերձներից հետո կգումարվի համաժողովի առաջին նիստը, որտեղ զեկուցմամբ հանդես կգան Իռլանդիայի ազգային համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Վիլյամ Շաբասըՙ «Հանցագործությունները մարդկության դեմ եւ միջազգային իրավունքը» թեմայով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ, իրավունքի պրոֆեսոր, ՊԵՆ կենտրոնի գլխավոր քարտուղար Ալֆրեդ դե Զայասըՙ «Մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը», Երուսաղեմի եբրայական համալսարանի հոգեբանության եւ ընտանեկան թերապիայի պրոֆեսոր, Հոլոքոսթի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնինՙ «Ցեղասպանության ժխտումը որպես մարդու իրավունքների շարունակական ոտնահարում»:

Երկրորդ նիստում ելույթ կունենան Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ, Վիլյամի եւ Մերիի քոլեջի պրոֆեսոր Ռոջեր Սմիթըՙ «Հայոց ցեղասպանության կարեւորությունն ու նշանակությունն իննսուն տարի անց», Երուսաղեմի Յադ Վաշեմի, Հոլոքոսթի նահատակների եւ հերոսների հիշատակի հանձնաժողովի նախագահ Եհուդա Բաուերըՙ «Անցյալ ցեղասպանությունների դասերը որպես ապագա ցեղասպանությունները կանխելու ուղեցույց», ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանըՙ «Երրորդ կողմի ներգրավումը ցեղասպանության կանխման եւ հրահրման հարցում. հայերի ցեղասպանությունը»:

Երրորդ նիստում կզեկուցեն Իսրայելի Քնեսեթի անդամ, «Մերեց» շարժման նախագահ Յոսի Սարիդըՙ «Հրեա ժողովրդի պարտավորություններն այլ զոհերի հանդեպ», Մերի Վաշինգտոնի քոլեջի մարդու իրավունքների պրոֆեսոր, ցեղասպանությունների նախազգուշացման կենտրոնի նախագահ, Կամբոջայի ցեղասպանության հարցերով հիմնադրամի տնօրեն Գրեգորի Սթանթոնըՙ «Ցեղասպանությանը նպաստող եւ հրահրող գործոնները», Իսրայելի «Բաց համալսարանի» եւ «Քիբուցիմ» քոլեջի պրոֆեսոր Յաիր Օրոնըՙ «Իմացության տառապանքը. Հոլոքոսթի եւ ցեղասպանության հարցերը կրթական ոլորտում»:

Համաժողովի երկրորդ օրը ելույթ կունենան Զորյան ինստիտուտի ցեղասպանությունների բաժնի տնօրեն Վահագն Տատրյանըՙ «Հանցագործություն մարդկության դեմ. անպատժելիությունն ընդդեմ արդարացի հատուցման», բրիտանական Կոլումբիայի համալսարանի անթրոպոլոգիայի եւ սոցիոլոգիայի բաժանմունքի պրոֆեսոր Ջոն Թորփինՙ «Ժխտման շարժիչ ուժերը. հաշտեցում անցյալի հետ Թուրքիայում եւ Ճապոնիայում», Դանիայի միջազգային ուսումնասիրությունների դանիական ինստիտուտի Հոլոքոսթի եւ ցեղասպանությունների ուսումնասիրության բաժանմունքի ավագ գիտաշխատող Էրիկ Մարքուսենՙ «Ցեղասպանություն Ռուանդայում եւ Սուդանում. ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի արձագանքման համեմատական գնահատականը», Քլերմոնտի համալսարանի մշակույթի ուսումնասիրությունների բաժանմունքի տնօրեն Էլազար Բարքանՙ «Պատմական արդարության վերականգնում. մոռացություն, արդարացի հատուցում, թե՞ հաշտեցում ճշմարտության միջոցով», Մինեսոտա-Թուին Սիթիի համալսարանի պատմության բաժանմունքի պրոֆեսոր Թաներ Աքչամըՙ «Հայ-թուրքական երկխոսության մարտահրավերները. ընդհանուր իմացության կերտում», Վաշինգտոնի հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանըՙ «Հայոց ցեղասպանության ճանաչման խթանումը երրորդ կողմերի միջոցով», Ստամբուլի Բիլգի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր Մուրատ Բելգենՙ «Հիշողություն, մոռացություն եւ լռություն. ինչպես են հասարակությունները հիշում իրենց անցյալը եւ դրա ազդեցությունը ներկա հարաբերությունների վրա», Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանըՙ «Նացիոնալիզմ-պատմություն. վերանայում», Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի աստվածաբանության դպրոցի պրոֆեսոր Դոնալդ Միլլերըՙ «Ստանձնել պատասխանատվություն. մեղքի փոխանցումը սերնդե սերունդ, թե՞ կատարսիս», Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, հայկական եւ Մերձավոր Արեւելքի պատմության պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանըՙ «Հետ նայելով շարժվել առաջ»: Համաժողովը եզրափակող ելույթներով հանդես կգան ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարի-Ան Իսլեր-Բեգեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Բեռնար Կուշները, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4