«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2005-04-12 | #65, 2005-04-13 | #66, 2005-04-14


ՆՈՐ ԳՐՔԵՐ

Լոսանջելեսյան «Նոր օր» մշակութային հավելվածը ծանուցում է խմբագրության ստացած նորընծա գրքերի մասին:

Սամվել Կարապետյանի «Հայկական Ամերիկան» (Երեւան, «Դալլ» հրատ.) եւ «Կանաչ լուսաբաց» (Երեւան, «Կանչ» հրատ.) գրքերից առաջինը հեղինակիՙ 2001-ի լոսանջելեսյան ժամանակավոր բնակության տպավորություններն են, արտասահման արտագաղթած մտավորականի խոհերի ու ապրումների ձեւով, իբրեւ ԱՄՆ-ում ապրող հայերի նյութական ու հոգեկան վիճակների արձագանքներ: Երկրորդ գիրքը հեղինակիՙ 1964-67 թթ. խորհրդային ծառայության տարիների մասին վիպակ էՙ ոճրի եւ պատժի անլուծելի հակադրությունների հոգեբանական վերլուծություններով:

Հաջորդը, որի մասին տեղեկացնում է թերթը, Անելի (Կարո Կարապետյան- մահացել է 2001 թ.) «Առաջին սէր» գիրքն էՙ տպագրված Երուսաղեմի Հակոբյանց տպարանումՙ հեղինակի մտերիմ Թորգոմ պատրիարք Մանուկյանի աջակցությամբ: Գիրքը սիրային պատմություն էՙ ինքնակենսագրական հենքով:

Նորընծա գրքերի մեջ առանձնակի կարեւորություն ունեցողը Շահան Շահնուրիՙ Գուրգեն Մահարուն եւ Անդրանիկ Անդրեասյանին ուղղված նամականու երկրորդ հատորն էՙ տպագրված 2004-ին «Մայրենի» հրատարակչությունում, խմբագրությամբ եւ ծանոթագրությամբ Գրիգոր Քեոսեյանի, մեկենասությամբ տեր եւ տիկ. Վարդիվառյանների:

Շահնուրի թվով 57 նամակներըՙ ուղղված ստալինյան ռեպրեսիաների ենթարկված Գուրգեն Մահարուն, սփյուռքահայ կուսակցական խմբագիր-գրող Ա. Անդրեասյանին, ավելի ամբողջացնում են նամակագրի մարդկային նկարագիրը:

82 էջանոց նամականին արժեքավոր է գրքում զետեղված թվով 332 ծանոթագրություններով:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4