«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2005-04-12 | #65, 2005-04-13 | #66, 2005-04-14


ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ

Խոստանում է բանկի գլխավոր քարտուղարը

Առեւտրի եւ տնտեսական զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կառավարիչների 7-րդ տարեկան ժողովը կկայանա Երեւանում հունիսի 5-6-ը: Այդ իրադարձության կապակցությամբ երեկ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Հայաստան այցելած բանկի գլխավոր քարտուղար Չառալամբոս Ծառուխասը:

Վարդան Խաչատրյանը նշեց, որ տարեկան ժողովը բաղկացած կլինի երկու մասիցՙ առաջին օրը տեղի կունենա գործարար համաժողովը, երկրորդ օրըՙ բանկի կառավարիչների նիստը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Սեւծովյան բանկն Իզմիրլյան հիմնադրամի հետ ներկայումս Հայաստանում իրականացնում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագիր, որին կողմերից յուրաքանչյուրը հատկացրել է 2 մլն դոլար: Նախապատրաստական ընթացքում են նաեւ մեկ-երկու այլ ծրագրեր, որոնցից նախարարը հիշատակեց միայն գազի պահեստարանների վերակառուցման ծրագիրը:

Չառալամբոս Ծառուխասը նախ ամփոփ ներկայացրեց սեւծովյան բանկի ստեղծման նախապատմությունը. ստեղծվել է 1999 թ., կենտրոնը գտնվում է Ստամբուլում, իսկ հիմնադիր երկրները 11-ն են: Բանկը անդամ երկրներում ֆինանսավորում է էներգետիկայի, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, առեւտրի, տրանսպորտի ոլորտների ծրագրերը: Հայաստանն այս կառույցում ներկայացված է երկու մակարդակովՙ կառավարիչների խորհրդում մեր երկիրը ներկայացնում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը, տնօրենների խորհրդումՙ ԿԲ նախագահի տեղակալը:

Ըստ հույն պաշտոնյայի, առաջին օրը տարեկան ժողովին մասնակցող միջազգային կազմակերպություններիՙ Եվրոմիության, Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ներկայացվելու են տարածաշրջանի եւ տվյալ դեպքում Հայաստանի տնտեսական առանձնահատկությունները: Մասնավորապես Սեւծովյան բանկը ներկայացնելու է Հայաստանի համար մշակած ռազմավարությունը: Տեղեկացվեց, որ առաջնային ոլորտ է դիտարկվելու փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը: Տարեկան ժողովի ժամանակ, պատրաստ լինելու պարագայում, փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Սեւծովյան բանկի եւ մյուս կողմից Եվրոմիության, Եվրոբանկի, Համաշխարհային բանկի միջեւ:

Միջոցառման երկրորդ մասը նվիրված կլինի փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը եւ այդ ոլորտի ներկայացուցիչների բանկից ֆինանսավորվելու պայմաններին եւ հնարավորություններին: Երրորդ մասում ֆինանսական շուկայի խնդիրներն են քննարկվելու, որին ներկա են լինելու ոչ միայն Հայաստանի բանկերի, այլեւ մեր երկրում գործող արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Ազգի» հարցին, թե Ադրբեջանը կմասնակցի՞ Երեւանում նախատեսված տարեկան ժողովին, նկատի ունենալով, որ այդ երկիրը որպես կանոն հրաժարվում է մասնակցել Հայաստանում տեղի ունեցող միջազգային համաժողովներինՙ Չառալամբոս Ծառուխասը պատասխանեց, որ ինքն այն կարծիքին չէ, որ անդամ երկրներից մեկը չպետք է մասնակցի այդ համաժողովին: Նրա հավաստմամբ, մեկ-երկու տարի առաջ Ադրբեջանը մասնակցել է Երեւանում տեղի ունեցած նման միջոցառմանը եւ տվյալ դեպքում նույնպես մասնակցելու է: Սեւծովյան բանկի գլխավոր քարտուղարը նշեց, որ կազմակերպությունը շեշտը դնում է բիզնես խնդիրների վրա:

Վարդան Խաչատրյանն ավելացրեց, որ Առեւտրի եւ տնտեսական զարգացման սեւծովյան բանկի տարեկան ժողովը տեղի կունենա Հայաստանի նախագահի հովանավորությամբ եւ որ Ադրբեջանի պատվիրակության անվտանգությունն ու լիարժեք մասնակցության հարցերը երաշխավորված են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4