Երեկ խորհրդարանը դարձյալ նիստ չգումարեց
Այս նստաշրջանի պատգամավորների ամենասիրած զբաղմունքը գործուղումներն են: Հաճելի գայթակղությանը տրված պատգամավորներն այնքան են հափշտակվել անվճար հաճույքներով, որ գլխովին մոռացել են իրենց հիմնական պարտականությունները:
Ընդամենը 35 պատգամավորի ներկայությամբ երեկ խորհրդարանը դարձյալ չկարողացավ ժամանակին նիստ գումարել: Գրանցման 3-ժամյա ռեժիմը նույնպես վիճակը չփրկեց, ժամը 3-ին 35 պատգամավորներին ավելացել էին ընդամենը 3-ը: Առանց այն էլ ամիսը մեկ անգամ նիստեր գումարող խորհրդարանականները, երեւում է, աղետալի արագությամբ հետ են վարժվում իրենց պարտականություններից: Եվ կարելի է հաստատապես ասել, որ ապրիլի 12-ին եւ 13-ին համընկած նիստերը տապալելը բացակա մեծամասնության համար ավելի շատ բացակայելու պատրվակ էին, քան այդ օրը նիստ գումարելու անպատեհություններից ապահովագրվելու երաշխիք:
Երեկ խորհրդարանի միջանցքներում մեռելային լռություն էր, քառօրյայի երրորդ, չորրորդ օրերը պարապուրդի մատնվեցին: Խորհրդարանի ամենամեծ խմբակցության` «Հանրապետական»-ի ներկայացուցիչ Սամվել Նիկոյանի միջոցով փորձեցինք պարզել, թե ի՞նչ են մտածում իրենք` պառլամենտականները, ստեղծված վիճակի մասին:
- Չե՞ք կարծում, որ պառլամենտը լուծարելու ժամանակը եկել է, գոնե տեսականորեն...
- Ոչ, եթե Ստրասբուրգ, Սանկտ Պետերբուրգ եւ էլի չգիտեմ ուր գործուղման մեկնած մոտ երեք տասնյակ պատգամավորները լինեին, նաեւ այսօրվա 35 պատգամավորը, քվորում կլիներ: Երեւի պետք էր այդ գործուղումների մի մասը հետաձգել:
- Գուցե գործուղումների ու դրանց մասնակիցների թիվը պիտի կրճատել:
- Եվրոխորհրդում, ԵԱՀԿ-ում կամ միջազգային այլ կառույցներում տեղերը լիմիտավորված են, այլ է բարեկամական պատգամավորական խմբերի դեպքում: Այս կարգի այցելությունների պարագայում, կարծում եմ, կարելի էր այնպես հարմարեցնել, որ գործուղումները չնպաստեն նիստերի տապալմանը:
- Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ նիստերը տապալվում են: Գուցե գործում է նաեւ այն հանգամանքը, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը բիզնես ունի կամ գործարար կապեր, եւ խորհրդարանական աշխատանքը պարզապես «չկպավ» նրանց սրտին:
- Համաձայն գործող օրենքի, մեր խորհրդարանը կարելի է պրոֆեսիոնալ համարել, չկա որեւէ պատգամավոր, որ պետական պաշտոնյա լինի: Ձեր նշած մարդիկ սեփականատերեր են, բայց ըստ էության, գործադիր խորհրդում եւ մասնավոր բիզնեսում այդ մարդիկ չկան: Նրանք կարող են ֆիրմայի խորհրդի նախագահ լինել, տնօրեններ` ոչ: Բայց այդ հանգամանքը, իհարկե, չի խանգարում, որ նրանք ամբողջությամբ զբաղվեն իրենց բիզնեսով, խորհրդարան չգան: Պատգամավորներ կան, որ մինչեւ հիմա խոսափողին չեն մոտեցել, որեւէ կարծիք չեն հայտնել, սա է իրականությունը:
- Հայտնի է, որ օրակարգերի ձեւավորումը եւս մեծ դժվարությամբ է իրականացվում:
- Դրան համաձայն չեմ, բազմաթիվ նախագծեր կան եւ գարնանային նստաշրջանի, եւ քառօրյայի օրակարգերում, բազմաթիվ օրենսդրորեն չկարգավորված ոլորտներ եւ հսկայական աշխատանք կա իրականացվելիք: Այնպես որ, նույնիսկ արտահերթ նստաշրջան գումարելու կարիք կլինի:
- Քառօրյայի ժամանակացույցը օգտագործելու փոխարեն արտահերթ գումարե՞լ: Չե՞ք կարծում, որ անկատար օրենքների առաջացման ամենաուղիղ բացատրությունը խորհրդարանական այսպիսի վարքագիծն է:
- Օրենքների նախագծերի մեծամասնության գրեթե 95 տոկոսից ավելին կառավարությունն է հեղինակել: Հանձնաժողովների նիստերում ավելի էական քննարկումներ են ընթանում` եւ բանավեճերով, եւ լարվածությամբ ուղեկցվող, քան բուն դահլիճում:
- Այնուամենայնիվ, դուք գտնում եք, որ խորհրդարանը լուծարելն անիմա՞ստ է: Ո՞ր դեպքում, ուրեմն, պիտի լուծարել:
- Այն դեպքում, երբ չի կարողանում որոշակի ժամանակահատվածում նիստեր գումարել, որոշումներ ընդունել, օրենքներ քննարկել, եւ բացարձակապես կազմալուծվում է նրա աշխատունակությունը:
Համաձայն տրամաբանության, խորհրդարանականներին այս պահին կազմալուծված չի կարելի համարել, քանի որ նրանք լավագույնս կատարում են գոնե իրենց գործուղումների պարտականությունը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ