Ջրի սակագնի բարձրացման սոցիալական հետեւանքներն էին երեկ քննարկվում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի բաց ֆորումի նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ, որը, սակայն, ավելի շատ հիշեցնում էր պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ինքնագովազդի մրցարշավ, քան որոշակի արդյունքներ ակնկալող քննարկում:
«Բաց ֆորումի» պատասխանատու Լյուդմիլա Հարությունյանի բացման խոսքին հաջորդեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանի ելույթը, որը խոսեց ջրի սակագների բարձրացման շարժառիթների եւ դրա հնարավոր սոցիալական հետեւանքների մասին: Նա ընդգծեց, որ ջրի սակագնային քաղաքականությունը նույնպես ծրագրի բաղադրիչներից է: Ընդ որում, ըստ փոխնախարարի, դա վերաբերում է ոչ միայն խմելու, այլեւ ոռոգման ջրին:
Ջրի սակագնի բարձրացման սոցիալական հետեւանքների մասին թվային տվյալներ ներկայացրեց նույն նախարարության ներկայացուցիչ Ս. Բալասանյանը: Նա հայտնեց, որ մինչ սակագնի բարձրացումը ջրամատակարար ընկերությունները սուբսիդավորվում էին պետությունից: Սակայն դրանից աղքատ խավը, փաստորեն, չէր օգտվում: Այդ պատճառով էլ կառավարությունը որոշեց հրաժարվել ընկերությունների սուբսիդավորումից եւ հասցեական ուղղել այդ գումարները: Մասնավորապես, համաձայն ուսումնասիրությունների արդյունքների, աղքատ ընտանիքիՙ ջրի համար կատարվող ծախսերը ամսական կավելանան մոտ 400 դրամով, մինչդեռ սուբսիդավորման վերացումից հետո ազատված միջոցներով, ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի պաշտոնյայի, հնարավոր կլինի 1200 դրամով ավելացնել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին տրվող գումարը: Սակայն չասվեցՙ սա ընդամենը տեսական դատողություն էր, թե՞ կոնկրետ որոշման նախագիծ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ, ինչպես արդեն նշվեց, ձգտելով հնարավորինս մտահոգ երեւալ, «մոռացան» այդ մասին հարցնել: Փոխարենը պաշտոնյաներին էին ուղղվում հարցեր, որոնք բազմիցս են արծարծվել, որոնց պատասխանները բազմիցս էին տրվել, եւ դրանք հայտնի էին ինչպես հարցնողներին, այնպես էլ պատասխանողներին: Մասնավորապես հարցերն առնչվում էին ջրի կորուստների, սակագնի բարձրացման պատճառների եւ նպատակահարմարության, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության տրամաբանության, կորուստների չափերի եւ նմանատիպ այլ խնդիրներին:
Ի դեպ, Երեւանի բնակչության ջրի սպառման վերաբերյալ տվյալներ ներկայացրեց նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Շիրազ Կիրակոսյանը: Նա տեղեկացրեց, որ բնակչության միջին սպառման ցուցանիշն ամսական 10 խմ է: Այդ թվումՙ աղքատ համարվող բնակչության շրջանում այդ ցուցանիշը մոտ 5 խմ է, միջին խավինըՙ 10 խմ, ապահովված խավինըՙ 15 խմ: Ըստ այդմ, առաջինները բարձրացված սակագնից հետո ավելի են վճարելու մոտ 200 դրամ, երկրորդներըՙ 300-350 դրամ, իսկ ունեւորներըՙ մոտ 500 դրամ: Սրանից ելնելով էլ նշվեց, որ, սուբսիդավորման գումարները ջրամատակարար ընկերություններին հատկացնելով, կառավարությունը դրանով փաստորեն ավելի շատ վճարում էր հարուստ խավի փոխարեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ