Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ռուսաստանի անվտանգության ծառայությունները բացահայտել են Մոլդովայի, Ուկրաինայի, Անդրկովկասի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի քաղաքացիների անօրինական տարանցման խոշոր ուղի դեպի ԱՄՆ, Ֆրանսիա եւ Իսպանիա: Այս ուղու 4-ամյա գործունեության ընթացքում արտերկիր են անցել մոտ 1000 մարդ, այդ թվում ահաբեկիչներ: ՌԴ անվտանգության ծառայության հասարակայնության կապերի կենտրոնի տնօրեն Սերգեյ Իգնատչենկոյի հայտարարմամբ, խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ցուցակներ այն մարդկանց անուններով, ովքեր անօրինական ձեւով անցել են սահմանը:
Անօրինական ձեւով արտերկրում հայտնվել ցանկացողները, ըստ հայտարարության, բերվել են Ռուսաստան, որոշ ժամանակ մնացել Մոսկվայում եւ Մերձմոսկովյան շրջանում: Եվ չնայած նշանակալի ծախսերին եւ ռիսկին, հանցագործները անօրինական մեկ միգրանտի համար վերցրել են ընդամենը 1000 դոլար:
Ձերբակալված են ընդհատակյա այդ ցանցի կազմակերպիչներ Կարեն Գեւորգյանը եւ Դմիտրի Կեդրովը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, դեռեւս ապրիլի 5-ին Գեւորգյանի եւ Կեդրովի բնակարաններում խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են ռուսաստանյան արտասահմանյան կեղծ անձնագրեր, ելքի վիզաներ, որոշ գերատեսչությունների կնիքներ եւ այլն:
Պարզվել է, որ Գեւորգյանը 1999-2001 թթ.-ին պատիժ է կրել Գերմանիայում նմանատիպ գործունեության համար: Գալով Ռուսաստանՙ նա Կեդրովի հետ ստեղծել է խումբ, որի կազմի մեջ մտել են մոսկովյան միջազգային օդանավակայանների եւ այնպիսի ծառայությունների աշխատակիցներ, որոնք պետք է որ պայքարեին անօրինականությունների դեմ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ