«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2005-04-14 | #67, 2005-04-15 | #68, 2005-04-16


ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ԿՄԻԱՆԱՆ ՆԱԵՎ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Ճանապարհ դեպի լույսը»ՙ այսպիսի խորհրդանշական վերնագիր էր դրել համագումարյան իր ելույթին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, երեկվանից արդեն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ռոմանտիկական շնչով, զգացմունքային նրա զեկույցը, այնուամենայնիվ, կտրուկ կոչեր ու կոշտ որակումներ էր բովանդակում` «Մենք պարտավոր ենք մեր պետության պորտալարը կտրել արդեն գոյություն չունեցող ԱՊՀ կառույցից... Ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» եւ այլն: Արամ Սարգսյանը մեկ առ մեկ շարադրեց աստվածաշնչյան 10 պատվիրաններն ու դրանց հակառակ մեր իշխանությունների սատանայական ապրելակերպը:

Բացի «Նոր ժամանակներ» կուսակցությունից, ներկա էին ընդդիմադիր դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները` «Արդարություն» դաշինքի կուսակցություններով, ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանով, նույնիսկ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն էր ներկա:

«Հայաստանում ոչ թե իշխանափոխություն, այլ հեղափոխություն է պետք: Իշխանափոխությամբ գործող արժեքային համակարգը չես փոխի: Այսօրվա իշխանություններն իրենք են ուզում իշխանափոխություն անել եւ իրենք իրենց փոխանցել իշխանությունը: Բայց դա նրանց չի հաջողվելու: Հեղափոխություն մենք ենք անելու, մի օրվա ու մի ժամվա մեջ»: Եվ պետք է իշխանություններին արգելել իշխանափոխություն իրականացնել. ըստ բանախոսի, սա հեղափոխականների առաջնային խնդիրը պիտի լինի:

Կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, հակառակ սպասումների, այդպես էլ ելույթ չունեցավ: Նրա եւ Արամ Սարգսյանի տարաձայնությունների ամփոփումը դարձավ Արամ Սարգսյանի` կուսակցության նախագահի պաշտոնում ընտրությունը:

Ի դեպ, իբրեւ քաղաքակիրթ ճանապարհ, հենց Բազեյանի առաջարկով ներկայացվեց նրա թեկնածությունը:

Արամ Սարգսյանը մի հետաքրքրական հայտարարություն էլ արեց. «Այս անգամ հեղափոխությանը մասնակցելու են նաեւ իշխանական կուսակցություններից»:

«Ազգի» հարցադրմանը, թե ինչ հիմքեր ունի Արամ Սարգսյանը այդպիսի հայտարարություն անելու, արդյոք իշխանական կուսակցություններից բանակցո՞ւմ են իրենց հետ «վերահաս» հեղափոխության վերաբերյալ, նորընտիր նախագահը պատասխանեց. «Հիմքեր բավականին կան, հետեւեք մամուլին, տեսեք ԱԺ նախագահի մի քանի էջանոց ելույթը, վարչապետի մի քանի էջանոց ելույթը, Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթները»: Ինչ վերաբերում է բանակցություններին, Արամ Սարգսյանը վճռականորեն մերժեց դրանց իրականությանը համապատասխանությունը:

Բայց հեղափոխությունը, ըստ Արամ Սարգսյանի, արդեն 2 ամիս սկսվել է Հայաստանում:

3-4 օր առաջ «Արդարություն» դաշինքի համաժողովում հաստատվեց իշխանությունը սահմանադրական ճանապարհով, վստահության հանրաքվեի միջոցով վերցնելու դաշինքի նախնական դիրքորոշումը:

Ի՞նչ ճանապարհով է իշխանությունը վերցնելու «Հանրապետություն» կուսակցությունը: Արամ Սարգսյանը հավատացնում է, որ նախագահական նստավայրի պատուհաններն իրենք չեն ջարդելու, բայց եթե անցած տարի ապրիլի 12-ի օրը մի քանի անգամ ավելի ժողովուրդ հավաքված լիներ, ապա առավոտյան իշխանությունը հաստատ գրաված կլինեին:

Համագումարին հրավիրված անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, հակառակ հնչած հայտարարություններին, «Ազգի» հետ զրույցում նկատեց, որ համագումարի ելույթները եւ ընդհանրապես ընդդիմադիրների կեցվածքը չափազանց զգուշավոր են, եւ ոչ ոք վճռական քայլերի դիմելու փորձ չի անում: Ահա ինչու ժողովուրդը շարունակում է չհավատալ ու չվստահել ընդդիմությանը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Ազգի» դիտարկմանը, թե ընդդիմադիր կուսակցություններն ամեն մեկն իր հերթին հեղափոխական կոչեր է անում, բայց դրան գնալու եւ ճանապարհների, եւ մեխանիզմների վերաբերյալ տարբեր նկատառումներ է արտահայտում, պատասխանեց. «Ընդդիմության մասնատվածությունը իշխանությունների աշխատանքի արդյունքն է, նրանք կուսակցությունների հետ տարբեր խաղեր են խաղում, նրանք պառակտեցին ողջ քաղաքական դաշտը եւ հասարակությանը»:

ԱԺԿ կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը այլ տեսանկյուն ունի ընդդիմության մասնատվածության մասին. «Եթե համագումարում ներկա են այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք կողմ են նույն կարգի փոփոխությունների, ուրեմն նրանք արդեն միասին են: Կարեւորն այն է, որ հստակեցվում են միասնական մոտեցումները Հայաստանի ապագայի նկատմամբ, եւ դա հեղափոխության իրականացման երաշխիքն է»:

«Հանրապետություն» կուսակցությունը ապագա նախագահական ընտրություններում առաջադրելու է Արամ Սարգսյանի թեկնածությունը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4