Մաքսային կոմիտեի նախագահը հավաստիացնում է, որ ունի միայն լա՜վ ընկերներ եւ լա՜վ շրջապատ
Ծառայողական ավտոմեքենայի պայթեցման հնարավոր պատճառների մասին լրագրողների հարցերին պատասխանելով, մաքսային կոմիտեի նախագահն ընդգծեց, որ դա հաստատապես անձնական թշնամության հողի վրա չի եղելՙ վերնագրում արդեն նշված պատճառով: Թե այդ գործողության բացահայտման համար արժեքավոր տեղեկություններ հաղորդող անձին խոստացված գումարը ի՞նչ միջոցներից է վճարվելու հարցի առնչությամբ էլ նա նշեց, որ, համենայն դեպս, ոչ պետական բյուջեից ու խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել պարգեւը խոստացած կառույցներին:
Մաքսային կոմիտեի նախագահի երեկ հրավիրված մամուլի ասուլիսի նպատակը, սակայն, եռամսյակային ցուցանիշները ներկայացնելն էր: Այս առումով նշվեց, որ պլանավորված 28,7 մլրդ դրամի փոխարեն մուտքերը կազմել են մոտ 28,9 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ առաջադրանքը գերակատարվել է մոտ 200 մլն դրամով: Նախորդ տարվա հետ համեմատություններ անցկացնելով, Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ ավելի է հավաքվել 4 մլրդ դրամ գումար: Տոկոսային առումով մուտքերի աճը եղել է 16 տոկոս: Այս ցուցանիշներն, ըստ նրա, ձեռք են բերվել վարչարարության եւ տնտեսական աճի արդյունքում:
Արտաքին առեւտրաշրջանառության եռամսյակի ցուցանիշներում աչքի էին ընկնում դրամով եւ դոլարով ցուցանիշների տոկոսային անհամապատասխանությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսպես, եթե արտահանումը դոլարով նախորդ տարվա առաջին եռամսյակում կազմել էր 147 մլն դոլար, իսկ այս տարիՙ 194 մլն, ապա դրամով այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 83 մլրդ դրամ եւ 92 մլրդ դրամ: Նույնն էր պատկերը նաեւ ներմուծման պարագայում, ինչը բացատրվեց դրամ-դոլար փոխարժեքային տատանումներով:
Ի դեպ, կոմիտեի նախագահը նշեց, որ դոլարի արժեզրկումն ուղիղ համեմատական է մաքսային մուտքերի հետ, քանի որ ներկրված ապրանքների ապրանքագրերը (ինվոյսները) լինում են դոլարով կամ եվրոյով, որոնք վերածվում են դրամի, ապա գանձվում մուտքերը: Դոլարի արժեզրկման պայմաններում մուտքերն ապահովելու համար փորձ է արվելու օգտագործել բյուջեով չհաշվառված ռեզերվը: Այնուհետեւ տեղեկացվեց, որ նվազել են ցորենի, բենզինի, շաքարի ներմուծման ծավալները, ավելացել ավտոմեքենաների, ծխախոտի ներմուծումը: Մաքսային կոմիտեն անցյալ տարի հայտնաբերել է ավտոմեքենաների մաքսանենգ ներկրման 110 դեպք:
Գործարարների կողմից մաքսային համակարգում կոռուպցիայի երեւույթների առնչությամբ մշտական դժգոհությունների կապակցությամբ Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ քայլեր են արվում նվազեցնելու մաքսավոր-գործարար շփումը: Այդ նպատակով գործի է դրվել էլեկտրոնային հայտարարագրման կարգը, ինչը հնարավորություն է տալիս դա կատարել առանց մաքսավորների հետ շփվելու: Գլխավոր մաքսավորը կոչ արեց գործարարներին օգտվել այդ համակարգի հնարավորություններից:
«Ազգի» հարցը հետեւյալն էրՙ ինչպիսի՞ն է համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ նկատմամբ հարկման ցուցանիշը այս տարվա առաջին եռամսյակում: Նշենք, որ սրանից է երեւում, թե հարկային եւ մաքսային մուտքերի աճն ինչի հաշվին է եղելՙ տնտեսական աճի, թե՞ ստվերային տնտեսության կրճատման: Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ եռամսյակային կտրվածքով այդ ցուցանիշն իրենք ունեն: Նա հավաստիացրեց, որ մուտքերն աճում են ինչպես ստվերի կրճատման, այնպես էլ տնտեսական աճի շնորհիվ: Միաժամանակ նա նշեց, որ անցյալ տարի ՀՆԱ նկատմամբ հարկման ցուցանիշն ավելացել է 0,7 տոկոսով, ինչը լուրջ թիվ համարվեց:
Այս կապակցությամբ նախ ստիպված ենք նշել, որ ՀՆԱ նկատմամբ հարկման ցուցանիշը տատանվում է 13-14 տոկոսի սահմաններում, ինչը եթե ոչ զարգացած, ապա գոնե արեւելաեվրոպական երկրների համանման ցուցանիշից ցածր է 10-15 տոկոսով: Այս պայմաններում 0,7 տոկոսի աճ արձանագրվելու դեպքում անգամ դա չի կարող լուրջ թիվ համարվել: Երկրորդ, պաշտոնական վիճակագրության ցուցանիշներն էապես տարբերվում են Արմեն Ավետիսյանի մատնանշած 0,7 տոկոսից: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության, 2004 թ. ՀՆԱ նկատմամբ հարկային եկամուտների ցուցանիշը կազմել է 13,2 տոկոս, նախորդ տարվա 13,1 տոկոսի դիմաց: Այլ խոսքով տարբերությունը ոչ թե 0,7, այլ ընդամենը 0,1 տոկոս է: Այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ նկատմամբ հարկման ցուցանիշը մաքսային կոմիտեի նախագահն այդպես էլ չհայտնեց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ