Լուսանկարչական ակցիա
Պատմափաստագրական բազմաթիվ նյութերը, դրանց հիման վրա հարյուրավոր ուսումնասիրությունները, ժամանակին ականատեսների վկայություններն արդեն վաղուց վավերացված, 1915-ի անհերքելի ճշմարտությունների մասին են խոսում: Ամենակարեւորըՙ ապրողների ոգու արթուն կանչն ու հիշողություններն են սակայն, որ ամեն տարիՙ ապրիլի 24-ին, մեզ տանում են Ծիծեռնակաբերդի բարձունք: Եղեռնի վերապրողներից այսօր մեր կողքինՙ Հայաստանում, ապրում են շուրջ 600 հայ մարդիկ, որոնց անուն առ անուն փաստաթղթային գրանցումը գտնվում է ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Այս տարվա ապրիլն ավելի խիտ ու հագեցված գույներ ունիՙ 15-ի արյան հիշողությունների, որոնք տարբեր դրսեւորումներ են ունենում այս օրերին: Ֆոտոլուր գործակալության տնօրեն Հերբերտ Բաղդասարյանի մտահղացումը, որ իրականացրել են գործակալության աշխատակիցները, ցեղասպանության 90-ամյակի ՀՅԴաշնակցության հանձնախմբի աջակցությամբ, ներկայացնում է լուսանկարային մեծադիր ցուցապաստառՙ 7 մ x 3 մ չափերով: «Այս աչքերը տեսել են ցեղասպանությունը» խորագրովՙ առայժմ երեք պատրաստ ցուցապաստառներին Հայաստանի տարբեր շրջաններից, հիմնականում Երեւանից 90 վերապրողների լուսանկարներն ենՙ 90 տարեկանից սկսած, իսկ ամենատարիքովըՙ մուսալեռցի Հարություն Ղարիբյանն էՙ 108 տարեկան: Դրանք տեղադրվելու են Երեւանում (տեղերը դեռ ճշտված չեն):
Լուսանկարչական աշխատանքներն իրականացնողներից Մելիք Բաղդասարյանը, Մխիթար Խաչատրյանը, Հերբերտ Բաղդասարյանը, Հայկ Բադալյանն արմատներով եղեռնի վերապրողների ժառանգներ ենՙ Վանից, Սասունից:
Լուսանկարային այս ակցիան յուրատեսակ հայացք է մեր անցյալի ամենաողբերգական օրերին: Ըստ որում, միայն լուսանկարների վերապրողների ժառանգների (յուրաքանչյուրն առնվազն տասնյակ թոռներ ու ծոռներ ունեն) թվաքանակն արձանագրելիս, շատ մոտավոր հաշվարկները մեր ազգաբնակչության այսօրվա թիվն առնվազն 10 անգամ փոքրացնում ենՙ «ի հաշիվ» 1,5 մլն զոհերի...
Իսկ այս մարդկանց մեծ մասն այսօր ապրում է ծայրահեղ վատ պայմաններում, շատերը մենակ են, սոցիալապես անապահով, լուսանկարիչներին տեսնելիս շատերի արձագանքը «թոշակն ե՞ք բերել» հարցն է եղել: Ամիսներ է արդեն նրանքՙ այս 90-ն անց մարդիկ, թոշակ չեն ստանում սոցիալական քարտեր չունենալու պատճառով...
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ