«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2005-04-15 | #68, 2005-04-16 | #69, 2005-04-19


ԱՌԱՎԵԼ ՇՈՇԱՓԵԼԻՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԼՈՒԾԵԼԻ ԵՆ

Իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ԼՂՀ գյուղնախարար Վահրամ Բաղդասարյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որտեղ լրագրողներին ներկայացրեց գերատեսչության աշխատանքը, ինչպես նաեւ խոսեց այն ծրագրերի մասին, որոնք կազմում են նախարարության անելիքների շրջանակը առաջիկա տարիներին:

Նախարարի ներկայացրած տվյալներով, 2004 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը ԼՂՀ-ում կազմել է 21 միլիարդ դրամ: Վերջին 5 տարվա կտրվածքով այդ ուղղությամբ թվաճը կազմել է ավելի քան 60 տոկոս, իսկ հիմնական աճ գրանցվել է բուսաբուծությունումՙ մոտ 2 անգամ: Դա տեղի է ունեցել հանրապետությունում ցանքատարածությունների կրկնակի ընդարձակման շնորհիվ:

Վ. Բաղդասարյանի հավաստմամբ, 2004 թ. սեփական արտադրության հաշվին ԼՂՀ-ն ապահովված էր հացահատիկով, կարտոֆիլով եւ խաղողով: Ամենացածրը եղել է պտղի եւ հատապտղի պահանջարկի բավարարման ցուցանիշըՙ 4 տոկոս:

Նախարարը կարեւոր խնդիրների շարքում նշել է ոռոգման խնդիրը: Եթե խորհրդային տարիներին Սարսանգի, Խաչենի, Հիլիսի ջրամբարների, ինչպես նաեւ գյուղամերձ ջրամբարների ու արտեզյան ջրհորների շնորհիվ Ղարաբաղում ջրարբիացվում էր 25 հազար հեկտար տարածք, ապա ներկայումս այդ թիվը չի գերազանցում 3.000 հեկտարը: Ջրարբիացման էական բարելավման նպատակով, ըստ գյուղնախարարի, աշխատանքներ արդեն տարվում են: Նախատեսվում է մոտ ապագայում կառուցել Ասկերանի, Վարանդայի, Իշխանագետի ջրամբարները, ավարտին հասցնել Մատաղիսի ջրամբարից ոռոգման ջուրը Մարտակերտի հարթավայրային գոտի տեղափոխելու ծրագիրը եւ այլն:

Տարեցտարի համակարգի ֆինանսավորումը պետբյուջեից ավելի է մեծանում, նշեց նախարարը, ավելացնելով, որ կազմվել է գյուղատնտեսության զարգացման ծրագիր 2006-2010 թվականների համար: Այդ ծրագրով նախատեսվում են մի շարք միջոցառումներՙ ուղղված սերմնաբուծության եւ անասնաբուժության զարգացմանը: Ծրագրի կատարումը հնարավորություն է տալու, Վ. Բաղդասարյանի կանխատեսմամբ, 2010 թ. մսամթերքի պահանջարկը բավարարել սեփական արտադրությունը հասցնելով 100 տոկոսի, իսկ հացահատիկի արտադրությունը ավելացնել շուրջ հինգ անգամ:

Նախարարն անդրադարձավ նաեւ գյուղաբնակներին վարկավորելու խնդիրներին, նշելով, որ գործընթացի իրականացմանը խոչընդոտում է գյուղերում գրավի բացակայությունը: Այս կապակցությամբ ԼՂՀ կառավարությունը ուղիներ է փնտրում խնդրին դրական լուծում տալու համար: Մասնավորապես խաղողագործության վարկավորման գործում պետությունը կարող է հանդես գալ երաշխավորի դերում, եթե սեփականատերերը կոլեկտիվ դիմումներ ներկայացնեն:

Վ. Բաղդասարյանը առանձնանշեց նաեւ շրջաններում գյուղմասնագետների սակավության փաստը, հույս հայտնելով, որ ԼՂՀ-ում գործող բուհերը, մանավանդ Արցախի պետհամալսարանը, կարող են առաջիկա տարիներին իրենց թողարկած շրջանավարտների հաշվին լրացնել այս բացը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4