Համընդհանուր անբավականության մթնոլորտ հետխորհրդային տարածքում
Վրաստանի, Ուկրաինայի «գույնզգույն» հեղափոխություններից, Ղրղզստանի անհասկանալի իշխանափոխությունից հետո Ռուսաստանի մամուլում լայնորեն վերլուծվում են դրանց առաջացման, զարգացման եւ իրագործման գործընթացները: Անշուշտ, դրանք այստեղ դիտվում են որպես Մոսկվայի արտաքին քաղաքականության հիվանդագին պարտություններ: Բայց վերլուծելով այդ պետություններում տեղի ունեցած ու շարունակվող բեկումնային իրադարձությունները, միաժամանակ զուգահեռներ են անցկացվել Ռուսաստանի ներքաղաքական իրողությունների հետ, եւ ելնելով դրանց ներկա հեղհեղուկ իրավիճակից, առաջադրվում է բնավ էլ ոչ հռետորական հարցՙ իսկ ի՞նչ է սպասում բուն Ռուսաստանին, ի՞նչ ներքին գործընթացներ են հանգեցնում նման բռնկումների եւ ինչքանո՞վ են դրանք պարարտ այդ երկրում:
Կարդալով Ռուսաստանի վերաբերյալ այդ կարգի քաղաքականագիտական շատ նյութեր, քեզ բռնում ես այն մտքի մեջ, որ շատ բան չի փոխվի, եթե դրանցում Ռուսաստան բառի փոխարեն գրվի Հայաստան: Գուցե մասշտաբներն են տարբեր, բայց գրեթե նույնն են հեղափոխական տեխնոլոգիաների իրագործման նախադրյալները: Կանգ առնենք ռուսաց մամուլում արծարծվող մի քանի հիմնադրույթների վրա: Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ արտաքին շռնդալից փայլից անկախ, այդ հեղափոխությունները թե հեղաշրջումներն ինքնին տեղի չեն ունենում: Դրանք արգասիք են նման տեխնոլոգիաների մշակումն ու կիրառումը խաչաձեւող տարբեր բնագավառների մասնագետների մեծ խմբի պրոֆեսիոնալ գործունեության, որոնք կատարում են պետական ծառայությունների եւ քաղաքական կուսակցությունների պատվերները: Այդ նախագծումներն իրականացվում են ստեղծագործական բարձր մակարդակով, ուղեկցվում են ինքնատիպ հայտնագործություններով, դառնալով Արեւմուտքի գիտատեխնիկական հսկայական կարողության կարեւոր դրսեւորումը:
Հետազոտական եւ սոցիալ-տնտեսական ծառայությունները մանրազնին վերլուծում են զանգվածային գիտակցության վիճակը, մշակում եւ կիրառում են այդ գիտակցության կառավարման արդյունավետ տեխնոլոգիաներ, այդ թվումՙ լրիվ վերահսկելի մեծ ու ակտիվ ամբոխի համարՙ զանգվածներին ամենայնս հիմարացնելու եւ միջին մարդուն հուսալքության, հոգեւոր ու մտավոր բթության վիճակի մեջ պահելու պայմաններում:
Իշխանությունը գրավելու ընդհանուր ձեւը քաղաքական ներկայացման տեխնոլոգիաների իրագործումն է: Յուրաքանչյուր դեպքում անցկացվում է այն հասարակության կուլտուրայի նախնական ուսումնասիրությունը, որի մեջ կազմակերպվում է իշխանության տապալումը: Դրա հիման վրա ընտրվում են «գեղարվեստական միջոցներ»ՙ գրվում է սցենար եւ պատրաստվում է ներկայացման ռեժիսուրան: Այդ կարգի ներկայացումների մեծ մասին բնորոշ է այն, որ տապալվող իշխանությունը դառնում է անընդունակ անզեն ամբոխի դեմ կիրառելու բռնության ավանդական միջոցներ:
«Թավշյա» հեղափոխությունների իրագործման գլխավոր պայմանը խոշոր քաղաքների (մայրաքաղաքների) բնակչության զգալի մասի բարեհաճ վերաբերմունքն է գործող իշխանության դեմ արմատական ուժերի կազմակերպած ըմբոստ գործողությունների նկատմամբ: Եթե չկա բարեհաճություն, ապա բավական է իշխանության բախտի նկատմամբ անտարբերությունը: Հաջորդ կարեւոր քայլը զանգվածային գիտակցության նպատակային շահարկումն է, ինչը պահանջում է իշխանության նկատմամբ տարբեր խմբերի շրջանում կուտակված դժգոհության ուսումնասիրություն: Բացահայտելով անբավականության աղբյուրները, ընտրվում են դրանց սրման արհեստական եղանակները, այնպես որ, մարդիկ դժգոհության ժամանակավոր բավարարման համար զոհաբերեն նույնիսկ իրենց հիմնարար երկարաժամկետ շահերը: Իշխանության հեղինակազրկման համար բարենպաստ հող է ստեղծում կոռուպցիայի, հանցագործության մերկացումը: Այս թեման ամենահանրաճանաչն է բոլոր «վիրտուալ» հեղափոխություններում եւ ամենալայն անմիջական արձագանքն է գտնում դժգոհների բանակում: Վերջիններս հանգում են այն եզրակացության, որ կոռուպցիան գրեթե օրինական է դարձել եւ ստվերային փողերի հոսքը կաշառակեր պաշտոնյաներին է հասնում ինքնաբերաբար: Իսկ կաշառակեր բյուրոկրատը չի կարող պետականասեր, ժողովրդասեր լինել, որովհետեւ նա անզոր է շանտաժի հանդեպ: Հետխորհրդային տարածքում բնակչության դժգոհության հիմնական պատճառը բարեփոխումների տեսությունն ու պրակտիկան է: Իրենց գործողություններով իշխանություններն ստեղծել են համընդհանուր անբավականության այնպիսի համակարգ, որ այդ ղեկավարության տապալման միտքը համակել է հասարակության գրեթե բոլոր խավերին, այդ թվում նաեւ հակադիր քաղաքական շատ ուժերի: Ընդսմին կրիտիկական պահերին իշխանության թուլության գլխավոր գործոնը դառնում է այն հանգամանքը, որ նա կորցնում է ընդունակությունն անմիջական խոսակցության մեջ մտնելու սեփական ժողովրդի հետ եւ իր ծրագիրը վերածելու ազնիվ բանավեճի առարկա, որի հետեւանքով իշխանության եւ հասարակության հակասությունները դառնում են ավելի խոր ու սուր:
Որոշ քաղաքական լիդերներ իրենց գործունեության սկզբում զանգվածային գիտակցության մեջ արթնացնում են հույսեր, որ իշխանությունը կվերադառնա սթափ մտքին, ժողովրդի հետ կխոսի նրան հասկանալի լեզվով: Բայց երբ բարեփոխումների վերաբերյալ խոսակցությունն ի վերջո ընկալվում է որպես ստահոդ, չարամետ եւ նույնիսկ ծաղրական, ապա գերագույն իշխանության եւ բնակչության փոխհարաբերությունները պետք է ճանաչել աղետալի ու կործանարար: Եվ եթե իշխանությունը չի ուզում մարդկանց հետ խոսել հողեղեն հասկացությունների լեզվով, ուրեմն նրա ստրատեգիական գիծն իրապես հակասում է ժողովրդի հիմնարար շահերին, եւ վերջինս տուրք է տալիս նույնիսկ տվյալ իշխանության տապալմանը պատրաստվող էլ ավելի «հսկա ժողովրդական» ուժերին:
Բարեփոխումների նախապատրաստման ու անցկացման ասպարեզում բնակչության անբավականության աղբյուրներից մեկն էլ այն է, որ դրանք քայքայիչ լինելով երկրի համար, զանգվածային գիտակցության վրա ծայրահեղ բացասական ազդեցություն են ունենում իրագործման «հատուկ» եղանակով, որի մեջ մարդիկ տեսնում են սոսկ ցինիզմ, սադիզմի հասնող սոցիալական անարդարություն եւ այլն: Մարդկանց հատկապես վրդովեցնում է իշխանության ընտրած կադրերի որակավորման աղաղակող ցածր մակարդակը: Կլանային-կորպորատիվ եւ տեղայնական համերաշխության հիման վրա կառուցված հասարակության ղեկավարը դառնում է իր զինակիցների պատանդը, վերջիններս էլ իրենց հերթինՙ նրա պատանդները: Դրա հետեւանքը թիմի նույնիսկ այն անդամներին «վերեւում» պահելու պրակտիկան է, որոնք բացահայտ ամուլ են եւ խայտառակ կերպով տապալում են բոլոր նախաձեռնությունները:
Ժողովրդի դժգոհության այս ալիքները կարելի է կանգնեցնել իշխանության սոցիալական կազմի ընդլայնմամբ, հասարակության հետ երկխոսության բազմազան ու ճկուն միջոցների ստեղծմամբ, տարաձայնությունների բացահայտմամբ ու փոխզիջումների որոնմամբ եւ այլն: Մինչդեռ ակնհայտ է վերնախավի հակադիր դիրքորոշումը, եւ արդյունքում նախագահն ու կառավարությունը հայտնվում են քաղաքական վակուումի մեջ, իշխանական խումբը, կարծրանալով, սեղմում է ազատությունը, դրանով իսկ խորացնելով հակասությունները: Այս ամենը հիմք է ծառայում մթնոլորտը համակած բեկման կանխազգացման համար:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա