Անցած ամիս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ հայրապետը տասնամյակներ շարունակ Բեյրութում եկեղեցասիրական գործունեություն ծավալող «Սբ. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումի» 4 անդամներին պարգեւատրեց «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանով: Այս առիթով հանդիպեցինք միության ատենապետուհի Միմի Հարությունյանինՙ խնդրելով մի քանի խոսք իր ղեկավարած կազմակերպության աշխատանքների մասին:
- Տկն Հարությունյան, ինչպե՞ս ընդունեցիք Վեհափառ հայրապետի պարգեւատրությունը:
- Բառին բուն առումով երջանիկ էինք եւ հուզված, որ մեր տարիներու վաստակը, սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր աթոռի կգնահատվեր այսպես, եւ այդ մեզ կհրավիրե, որ առավել աշխատանքի լծվինք:
- Ե՞րբ եւ ինչպե՞ս ստեղծվեց ձեր միությունը, ի՞նչ առաքելությամբ եւ նշանակությամբ:
- Միությունը ստեղծվեցավ 1959-ին խումբ մը եկեղեցասեր եւ հայրենասեր տիկիններու կողմե, օրհնությամբ Խադ արք. Աջապահյանի եւ Դերենիկ եպս. Փոլադյանի աջակցությամբ: Ավելի ուշ հայր Գեւորգ վրդ. Կարպիսյանը կգլխավորեր միությունը: Առաջին ատենապետուհին տկն Արշալույս Այվազյանն էր, ետքը տկն Անգինե Տանձիկյանը, իսկ արդեն 8 տարի էՙ ես եմ: Միության նպատակը օգտակար ըլլալն է Ս. Էջմիածնին ուժերու ներած չափով: Ունինք մոտ 300 անդամուհիներ, որոնք մեզի կուտան նյութական մասնակցություն մը, որով կը գոյանա մեր բյուջեն:
- Տիկ. Հարությունյան, ովքե՞ր են անդամակցում ձեր միությանը եւ ի՞նչ հիմունքներով:
- Մեր անդամները հայրենասեր եւ եկեղեցասեր տիկիններ են, որոնք կհավատան Մայր աթոռ Սրբություն սրբոց Էջմիածնի անսասանության եւ հավերժության առ այդ: Անոնցմե շատեր իրենց թոռներուն որպես առաջին նվեր կու տան սերը Ս. Էջմիածնի, արձանագրելով զանոնք անդամ համախմբումիս:
- Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել սփյուռքում ու Հայաստանում եւ ի՞նչ նոր մտահղացումներ ունեք:
- Պատահած է, որ խնդրանքի մը ընդառաջելով կարգ մը եկեղեցիներու, պատարագի զգեստ տրամադրած ենք սփյուռքի մեջ: Վազգեն Ա. վեհափառի օրով միությունը ծախսը հոգաց Սեւան Ս. Առաքելոց եկեղեցիին վերանորոգման, նույնպես Վեհափառի մոր հիշատակին նվիրված հուշաղբյուրին ծախսը, չեմ կրնար ցանկը տալ ամեն ինչի, ընդհանրապես կհայթայթենք կրոնավորներու եւ հոգեւոր ճեմարանի սաներու եղած կարգ մը զգեստները:
- Այսօրվա հայաստանյան իրականության մեջ շատերը փորձում են մոտենալ հոգեւոր ճշմարտություններին, փնտրում իրենց հոգեւոր ինքնությունը, ոմանք, սակայն, խեղաթյուրված են ընկալում եկեղեցու, կրոնի նշանակությունը, ո՞րն է կրոնասիրության բուն էությունը ձեր համոզմամբ:
- Կցավիմ անոնց համար, որ հոգեւոր կրթությունից զուրկ են, կամ կկատարեն իրենց քրիստոնեական պարտականությունները զուտ ձեւական, կկարծեմ, որ զրկված են առողջ հենարանե:
Հոգեւոր եւ քրիստոնեական կրթությունը մոր մը պարտականությունն է, մանավանդ հայ մոր մը: Մեր մեծ մայրերը նահատակվեցան, որովհետեւ չուզեցին ուրանալ հավատքը, քրիստոնեական արժեքները սորվեցնելով, սիրեցնելով կպատրաստենք առողջ սերունդ մը, որ կարենա դիմադրել այսօրվան փորձանքներուն:
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ