«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2005-04-15 | #68, 2005-04-16 | #69, 2005-04-19


«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻՆ» ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Գումարները կուղղվեն ոռոգմանն ու ճանապարհաշինությանը

Ինչպես հայտնի է, «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից աջակցություն ստանալու հնարավորություն ունեցող 16 երկրների թվում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության հրավիրած քննարկումը նվիրված էր Հայաստանի կառավարությունից հիմնադրամին ներկայացված ծրագրերին:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչ Կառլ Ֆիքենշերը հայտնեց, որ 2-2,5 մլրդ դոլար բյուջեով հիմնադրամից միջոցներ ստանալու համար ընտրված 16 երկրներից առայժմ 12-ն են առաջարկներ ներկայացրել, իսկ հաստատվել է միայն մեկ երկրիՙ Մադագասկարի ծրագիրը: Հաստատման փուլում են 3-4 երկրների առաջարկները: Ամերիկացի պաշտոնյան հիշատակեց մասնավորապես Վրաստանն ու Հոնդուրասը: Հայաստանի ներկայացրած 175 մլն դոլար ծրագրերը նույնպես առաջիկայում կքննարկվեն հիմնադրամում: Սակայն Կառլ Ֆիքենշերը չորոշակիացրեց, թե երբ պատասխան կտրվի:

Հայաստանի կառավարության ներկայացրած առաջարկները մանրամասնեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Ինչպես հայտնի է, հայկական կողմի առաջարկած ծրագրերում նախապատվությունը տրվել է գյուղատնտեսությանն ու գյուղական ենթակառուցվածքներին: Տիգրան Խաչատրյանը դա բացատրեց գյուղական աղքատության ցուցանիշներով: Եթե քաղաքային աղքատությունը 2001 թ. կազմել է 51 տոկոս, իսկ 2004թ. նվազել եւ հասել է 43 տոկոսի, ապա գյուղական աղքատության առումով պատկերն այլ է: Ըստ փոխնախարարի, գյուղական աղքատությունը, քաղաքային աղքատության 12 տոկոս նվազման դիմաց անցած 4 տարվա ընթացքում նվազել է ընդամենը 1,5 տոկոսով:

Գյուղական աղքատության դինամիկայի այս ցուցանիշը Տիգրան Խաչատրյանը մտահոգիչ համարեց: Նա նշեց, որ Հայաստանի մոտ 235 հազար հա ոռոգվող հողերից ստացվում է բուսաբուծական արտադրանքի 85 տոկոսը: Այսինքն, մեր գյուղատնտեսական արտադրանքն ուղղակիորեն կախված է ոռոգման համակարգից: Այդ պատճառով էլ 175 մլն դոլարից 118 մլն դոլարն ուղղվելու է ոռոգման համակարգին: Մնացած 57 մլն դոլարն էլ ուղղվելու է գյուղական ենթակառույցներիՙ միջհամայնքային ճանապարհների շինարարությանը: Գյուղերի եկամտային աղքատության հիմնական պատճառներից մյուսն էլ այն է, որ շատ գյուղեր կտրված են մայրուղիներից եւ մայրաքաղաքից: Գյուղացիները հնարավորություն չեն ունենում իրենց բերքը վաճառել եւ արտադրում են միայն իրենց ներքին սպառման համար: Այդ կտրվածությունը վերացնելու նպատակով էլ հիշյալ 57 մլն դոլարը նախատեսվում է ուղղել շուրջ 305 գյուղերի ճանապարհաշինությանը:

Միջոցառման ընթացքում տեղեկացվեց նաեւ, որ հիշյալ ծրագրերի հաստատման պարագայում դրանց իրականացման ծրագրերը կտեւեն 4 տարի եւ կիրականացվեն ծրագրերի իրագործման գրասենյակների կողմից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4