«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2005-04-16 | #69, 2005-04-19 | #70, 2005-04-20


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ապրիլի 19-ին Արցախի նկարիչների միության եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի համատեղ ուժերով կազմակերպված ցուցահանդեսը նվիրված էր ցեղասպանության 90-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին արցախցի նկարիչների ու քանդակագործների ավելի քան 70 գործեր:

Բացմանը ելույթ ունենալով` ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Աշոտ Ղուլյանը նշեց, որ Հայոց մեծ եղեռնի 90-ամյակի հիշատակումների շրջանակում նախատեսված են նաեւ այլ միջոցառումներ, մասնավորապես գիտաժողով Արցախի պետհամալսարանում, որին կմասնակցեն նաեւ Հայաստանից հրավիրված նշանավոր պատմաբաններ: Նախարարը նաեւ այն միտքն արտահայտեց, որ ղարաբաղյան պատերազմը 1915 թ. Մեծ եղեռնի շարունակությունն էր, այս անգամ` Ադրբեջանի կողմից իրագործված: Նա համոզմունք հայտնեց, որ ինչպես ցեղասպանությունը չեն մոռացել վերապրածների սերունդները, այնպես էլ արցախյան գոյապայքարի նահատակներին ընդմիշտ կհիշեն գալիք սերունդներըՙ որպես պատմության անմոռաց դաս եւ պատգամ ապագային:

Արցախի պետական երգչախմբի եւ ասմունքող Սամվել Եվրիյանի` ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական կատարումներն ամբողջացրին հուզական տրամադրությունը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4