«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2005-04-16 | #69, 2005-04-19 | #70, 2005-04-20


ՎԱԼԵՐԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌՆ ՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐՆ ԵՆ

Մինչ այդ նա պատրաստվում է փողոց շպրտել ալավերդցիների 80 ընտանիքների

Եթե 7-8 տարի առաջ ալավերդցիներին թվում էր, թե պղնձամոլիբդենային կոմբինատի վերագործարկվելուց հետո աշխատանք կունենան եւ իրենց կյանքում դրական փոփոխություններ կլինեն, ապա հիմա արդեն լոռեցիներին բնորոշ դյուրահավատության հետքն էլ չի մնացել: Հատկապես խաբված ու հիասթափված են իրենց համարում կոմբինատի հանրակացարանների շենքերում բնակվող 80, հիմնականում երիտասարդ ընտանիքները: Այս օրերին նրանք հերթական անգամ իրենց բնակարաններից վտարվելու սպառնալիքներ են ստանում իր հաջողակ բիզնեսը որպես քաղաքի փրկարար առաքելություն ներկայացնող «ԷյՍիՓի» (նախկին «Մանես եւ Վալեքս») ընկերության ղեկավար Վալերի Մեջլումյանից:

Ինչպես տեղեկացանք Ալավերդու քաղաքապետ Սարիբեկ Օհանյանից, կոմբինատի հանրակացարանի շենքում արդեն 25 տարի բնակվող մարդիկ, որոնք կամ որոնց ծնողները ժամանակին աշխատել են այդ ձեռնարկությունում, հայտնվել են փողոց դուրս շպրտվելու վտանգի առջեւ: Քաղաքապետը հայտնեց նաեւ, որ քաղաքապետարանը իրենց տներից վտարելու առնչությամբ բնակիչների բողոքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծել էր հանձնաժողով: Վերջինս այն եզրակացության է հանգել, որ մինչ կոմբինատի սեփականատերը բնակիչներին չապահովի բնակարանով, նրանց չի կարող վտարել:

Սակայն հուսալ, թե այդ ընտանիքները կապահովվեն բնակտարածքով, առնվազն միամտություն է: Անգամ այն հանգամանքը, որ մայիսին Ալավերդիում քաղաքապետի ընտրություններ են, որտեղ ի թիվս գործող քաղաքապետի, այդ պաշտոնում հավակնություն ունեցողների մեջ է նաեւ Վալերի Մեջլումյանի թեկնածունՙ Ռուբիկ Պապոյանը, որեւէ կերպ չի օգնի վտարման մշտական վտանգի առջեւ գտնվող ալավերդցիներին: Եվ ահա թե ինչու:

Վալերի Մեջլումյանը, Եվրոպայից Հայաստան ժամանելով եւ 1998 թ. իր գործունեությունը սկսելով Ալավերդիում, բազմիցս խոստումներ է տվել եւ խոսել գեղեցիկ հեռանկարների մասին: Մասնավորապես, ըստ Մեջլումյանի ներկայացրած ծրագրերի, Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը իր գործունեությունը սկսելով պղնձի կոնցենտրատի ստացումից, պետք է անցում կատարեր մաքուր պղինձ ստանալուն, վերջնանպատակ ունենալով պղնձե լարերի եւ այլ սարքավորումների արտադրությունը տեղում կազմակերպելը: Դա տեղի չի ունեցել եւ որեւէ նշան էլ չկա, որ տեղի կունենա:

Հաջորդը, 1998 թ.-ից Վալերի Մեջլումյանը ալավերդցիներին բազմիցս խոստացել է 4 տարվա ընթացքում կոմբինատի համար ֆիլտրեր գնել եւ տեղադրել, քաղաքի մթնոլորտի աղտոտմանը վերջ դնելու համար: Այդ խոստումը, չնայած արդեն երկրորդ 4 տարին է ավարտվում, բնականաբար դարձյալ չի կատարվել: Վերջերս կոմբինատի սեփականատերը սկսել է ֆիլտրերը մեկուկես տարում տեղադրելու նոր խոստում տալ: Հասկանալի է, որ ալավերդցիները պետք է սպասեն այդ խոստման ժամկետի ավարտին ոչ թե նրա համար, որ զտիչ սարքավորումները կտեղադրվեն, այլ որպեսզի լսեն, թե հերթական խոստումն ինչ ժամկետի համար է տրվելու: Ի դեպ, բնապահպանության հետ կապված խոստումներին փոքր-ինչ հետո դեռ կանդրադառնանք:

Աշխատատեղերի ավելացման խոստումների առումով նույնպես Մեջլումյանը ժլատ չի գտնվել: Օրինակ, 2002 թ., երբ ձեռնարկությունում աշխատում էր մոտ 1000 մարդ, նա խոստացավ, որ 2004 թ. այդ թիվը կհասնի 2000-ի: Նշենք, որ կոմբինատի աշխատակիցների թիվը հիմա չի գերազանցում 600-ը: «Առաջընթացն» ակնհայտ է:

Հարկ է ավելացնել, որ շուրջ 7 տարի Հայաստանի պղինձն արդյունահանող խոշորագույն կոմբինատն աշխատում էր... վնասով: Պատկերացնո՞ւմ եք, 7 տարի շարունակ լեռնամետալուրգիական կոմբինատը չի ստացել ոչ մի շահույթ, այն դեպքում, երբ խոշորագույն արտահանողներից մեկն է Հայաստանում, իսկ արտահանումն, ինչպես հայտնի է, ազատված է մեր հիմնականՙ ավելացված արժեքի հարկից: Փաստորեն, միակ հարկատեսակը, որ պետք է վճարվեր, շահութահարկն էր (չհաշված աշխատակիցների համար վճարվող սոցիալական վճարներն ու եկամտահարկը), որն ընկերությունը չէր վճարում մինչ օրենքում չկատարվեց շահութահարկի կանխավճարի մասին փոփոխությունը: Մինչդեռ, երբ ձգձգվում էր ավելացված արժեքի հարկի վերադարձը, Վալերի Մեջլումյանը չէր հապաղում անմիջապես աղմուկ բարձրացնել:

Այդուհանդերձ, տարիներ շարունակ «վնասով» աշխատող այս ընկերությունը եւ նրա ղեկավարը, պարզվում է, այդքան էլ աղքատ չեն: Այս անգամ Վալերի Մեջլումյանը ցանկանում է սկսել Թեղուտի պղնձահանքերի արդյունահանումը: Այս առթիվ անգամ հանրային հեռուստաընկերությունը շտապեց ռեպորտաժ պատրաստել, որից դատելով, Օստապ Բենդերի Նոր Վասյուկիի ծրագիրն, ի դեմս Վալերի Մեջլումյանիՙ լայնահուն փողոցներով եւ բարձրահարկ շենքերով Թեղուտի հեռանկարի, լուրջ մրցակից ձեռք բերեց:

Այս անգամ Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը տարիներ շարունակ «վնասով» շահագործող Վալերի Մեջլումյանը 120 մլն դոլարի ներդրումային ծրագիր է պատրաստվում իրականացնել: Ինչպե՞ս է հնարավոր վնասով աշխատել եւ նման գումար ծախսել, ռեպորտաժի ժամանակ, բնականաբար, չխոսվեց: Կամՙ վնասով աշխատող ընկերությանը ո՞ր բանկը կամ միջազգային կազմակերպությունը նման խոշոր վարկեր կտրամադրի, նույնպես չասվեց: Ինչեւէ:

Անդրադառնանք Թեղուտի հանքավայրերի շահագործման բնապահպանական կողմին: Դրա հետեւանքով հարկ կլինի կտրել 200 հա կամ 20 քկմ տարածք զբաղեցնող մի ամբողջ անտառ: Ճիշտ է, Վալերի Մեջլումյանը խոստանում է այն վերականգնել, բայց վերեւում արդեն նշել ենք, թե ինչ արժեք ունեն նրա խոստումները: Հուսալ, որ այս անգամ այլ կերպ կլինի, առնվազն մանկամտություն է, անկախ այն բանից, որ այդ խնդրին առնչվում են գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները: Երբ գործ ունենք նման կարգի գործարարների հետ, խիստ կասկածելի է, որ եթե անգամ հանքավայրի շահագործումը պայմանավորվի հստակ ամրագրված բնապահպանական եւ այլ կարգի պարտավորություններով, դրանք կկատարվեն: Ավելին, հավանական է, որ ոչ հեռու ապագայում կունենանք տներից դուրս շպրտվելու վտանգի առջեւ կանգնած թեղուտցի ընտանիքներ, որոնց տների տակ գտնվող ընդերքը նույնպես Մեջլումյանին է պատկանելու, անտառներից զրկված եւ ամայացած եւս մեկ բնակավայր եւ Հայաստանի բնական ռեսուրսներն արտահանող, բայց դարձյալ «վնասով» աշխատող, հիշյալ գործարարին պատկանող եւս մեկ ընկերություն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4