Իսկ «Ղ-Տելեկոմի» հետ պայմանագիր կկնքի երկու շաբաթում
Ինտերնետ հեռախոսակապով Մոսկվա եւ ԱՄՆ զանգահարելու համար «Արմենտելը» կգանձի 69 դրամ 1 րոպեի դիմաց, չնայած ընկերությունը կարող էր այդ սակագինը սահմանել մինչեւ 100 դրամ: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արմենտելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը: Նա տեղեկացրեց, որ այդ կապը կլինի որակյալ, էժան եւ հարմարավետ: Այդ նպատակով ընկերությունը թողարկել է քարտեր 2500, 5000 եւ 10000 դրամ արժողությամբ: Խոսակցությունների համար վարձավճարը կգանձվի ըստ վայրկյանների: Սակագներն արդեն հաստատվել են կարգավորող մարմնի կողմից եւ հստակեցված է ներդրումային ծրագիրը:
Ինտերնետ հեռախոսակապից օգտվել կարելի է ինչպես թվային կայաններից, այնպես էլ անալոգայինից, եթե վերջինս ունի միջքաղաքային գիծ դուրս գալու հնարավորություն: Սակայն հեռախոսները պետք է լինեն ստեղնային: Սկավառակային հեռախոսներով հնարավոր չէ օգտվել կապի այդ տեսակից:
Ի՞նչ ճակատագիր է սպասում ինտերնետ հեռախոսակապի մյուս ընկերություններին. Վասիլիս Ֆետսիսը նշեց, որ ծառայության այս տեսակը նոր լիցենզիայով «Արմենտելի» բացառիկ իրավունքն է: Սակայն նա չբացառեց ապագայում այս ոլորտի մյուս կազմակերպությունների հետ առեւտրային պայմանագրերի կնքումը: Վասիլիս Ֆետսիսը հայտնեց, որ կարգավորող մարմինը պետք է վերահսկի շուկան:
Ներկաներին հետաքրքրում էր նաեւ բջջային կապի երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմի» հետ պայմանագրի կնքման ժամկետը: Այս առթիվ գլխավոր գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ փոխկապակցման պայմանագրի բոլոր վիճելի կետերի վերաբերյալ կողմերն անցյալ շաբաթ համաձայնության են եկել: Նրանք պարտադրված էին դա անել, քանի որ չպայմանավորվելու դեպքում սակագներ կսահմաներ կարգավորող մարմինը: Վասիլիս Ֆետսիսը հայտնեց նաեւ, որ առաջիկա երկու շաբաթում վերջնական պայմանագիրը կստորագրվի:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ