«Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» համաժողովում երեկ ելույթ ունեցան Իսրայելից ժամանած 4 ներկայացուցիչներըՙ պրոֆեսոր Եհուդա Բաուերը, Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին, Իսրայելի Կնեսեթի անդամ, «Մերեց» կուսակցության առաջնորդ Յոսի Սարիդը, Իսրայելի «Բաց համալսարանի» պրոֆեսոր Յաիր Օրոնը:
«Ազգի» հետ ճեպազրույցում պրոֆեսոր Եհուդա Բաուերը խոսեց Իսրայելի կառավարության եւ հասարակության հակադիր դիրքորոշումների մասին:
«Մոտ ապագայում Իսրայելը կփոխի՞ իր ժխտողական դիրքորոշումը» մեր հարցին նա պատասխանեց. «Երբ ամերիկացիները փոխեն իրենց դիրքորոշումը, մեկ րոպե անց կփոխի նաեւ Իսրայելը: Կառավարությունը վախենում է Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց, բայց հասարակությունը հակառակ դիրքորոշում ունի եւ Հայոց ցեղասպանության մասին խոսում է բացահայտորեն: Սա է իրական պատկերը, եւ չեմ կարծում, որ այս կառավարությունը երբեւէ փոխի իր կեցվածքը: Այս հարցում հասարակության դիրքորոշումը էական դեր չի խաղում: Կասկածի նշույլ չունեմ, որ եթե իսրայելցիներին հարցնեն, նրանց գերակշիռ մասն իսկույն կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Մեր հաջորդ հարցինՙ Հայաստանի համար ո՞ր քայլն է այսօր առաջնային, նրա պատասխանը հետեւյալն էր. «Ամեն ինչ անել, որ Մ. Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա է ամենակարեւորը»:
«Ցեղասպանության ժխտումը որպես մարդու իրավունքների շարունակական ոտնահարում» թեմայով խոսեց Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին: «Մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել Հայոց ցեղասպանության մերժման թուրքական քաղաքականության դեմ պայքարում. ավելացել է ցեղասպանությունը ճանաչող թուրքերի եւ թուրք գրողների թիվը: Թուրքերը գիտեն, որ իրենք ճակատամարտը տանուլ են տալիս, պարզ է, որ նրանք միանգամից չեն հանձնվելու, բայց ժխտումը վնասում է հենց իրենց հասարակությանը, խոչընդոտում պետության զարգացմանը: Թուրքերի հետ աշխատելիս ամենահոգնեցուցիչն այն է, որ նրանք միշտ ճիշտ են, իսկ ամենավատը, որ իրենք երբեք չեն սխալվում»: Նա հավելեց, որ վերջին ամիսներին թուրքերը տարբեր անիմաստ նախաձեռնություններով են հանդես գալիս, օրինակ, նրանք պահանջում են մի անգամ եւս դատել Սողոմոն Թեհլերյանինՙ Թալեաթին սպանելու համար, ստեղծել ցեղասպանության հարցը վերանայող միջազգային հանձնաժողով:
«Ժամանակն է, որ մենքՙ տուժող եւ զոհ ժողովուրդներս, չսահմանափակվենք միայն մեր ցեղասպանությունները հիշելով, մենք պարտավոր ենք հարգել ցեղասպանության ենթարկված մյուս ժողովուրդների իրավունքները, միայն այդպես աշխարհում կվերականգնվեն սրբություններն ու արժեքները», ավելացրեց նա:
Իսրայելի Կնեսեթի անդամ, «Մերեց» կուսակցության առաջնորդ Յոսի Սարիդը խոսեց այլ ժողովուրդների զոհերի հանդեպ հրեա ժողովրդի պարտավորությունների մասին, նշելով Ռուանդայի ցեղասպանությանն իր ականատես լինելու, Հայոց ցեղասպանության 85-րդ տարելիցին Երուսաղեմի հայ համայնքի կողքին առաջին անգամ լինելու, ինչպես նաեւ Դարֆուրում այսօր շարունակվող սպանդի մասին: «Մենք հրեաներսՙ ատելության զոհերս, կրկնակի ցեղասպանության ենթարկվածների նկատմամբ ուշադիր ու զգայուն լինելու պարտականություն ունենք: Մենք մեր երիտասարդների մեջ պետք է ընդվզում առաջացնենք անցյալում եւ ներկայումս տեղի ունեցող ցեղասպանությունների նկատմամբ, քանզի դրանք բոլոր չարիքների ակունքներն են: Մենք պետք է կրթական եւ քաղաքական ոլորտներում մեծ ջանքեր գործադրենք այդ երեւույթը արմատախիլ անելու համար: Ոչ ոք չպետք է անտարբեր մնա: Անտեսում, արհամարհում ու լռում է նա, ով հաշվարկներ է կատարում, ով օգնում է հանցավորին, այլ ոչ թե սատարում զոհին», ասաց Սարիդը: Իբրեւ կրթության նախկին նախարար նա առանձնահատուկ տեղ է հատկացնում Իսրայելի կրթական ծրագրերում մարդկային կյանքի արժեւորմանըՙ անկախ ազգային պատկանելությունից: Նա հայտնեց, որ ներկայումս մշակվում է պատմության կրթական նոր ծրագիրը, եւ իր փափագն էՙ դասագրքերում մի ամբողջ գլուխ նվիրել Հայոց ցեղասպանությանը, որպեսզի այդ անմարդկային վայրագության մասին աշակերտների գիտելիքներն ավելի ամբողջական դառնան: «Որոշ հրեաներ վախենում են, թե հայ ժողովրդի տառապանքի ճանաչումը կնվազեցնի Հոլոքոստի կարեւորությունը: Դա, իհարկե, հրեշավոր հանցագործություն էր հրեա ժողովրդի նկատմամբ, սակայն այստեղ ներկա Իսրայելի իմ գործընկերները հավատում են, որ դա ոճրագործություն էր նաեւ մարդկության դեմ: Միայն հրեաները զոհեր չեն եւ ոճրագործ է ոչ միայն Գերմանիան: Մենք դեռ չենք հոգնել եւ բավականաչափ ուժեղ ենք Իսրայելի եւ մյուս երկրների կառավարություններին տանելու ցեղասպանության ճանաչման ճանապարհով, իսկ վերջին փուլումՙ հաշտեցման ճանապարհով»:
Իսրայելի «Բաց համալսարանի» պրոֆեսոր Յաիր Օրոնը հանդես եկավ «Իմացության տառապանքը. Հոլոքոստի եւ ցեղասպանության հարցերը կրթության մեջ» զեկուցմամբ: Խոսելով ցեղասպանության երեւույթի բաղադրիչներիՙ իրականացնողների եւ աջակցողների մասին, նա շեշտեց երրորդ խմբիՙ անտարբերների պատասխանատվության մասին: «Իհարկե, այսօրվա երիտասարդները, այդ թվումՙ թուրքերը պատասխանատու չեն անցյալի իրողությունների համար, սակայն պատասխանատու են, թե ի՞նչ տեղ կզբաղեցնի Հայոց ցեղասպանությունը իրենց ազգի ու երկրի պատմական հիշողության մեջ:
Կրթությունը ցեղասպանությունների կանխարգելման պայքարի մի մասն է, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է», ասաց Օրոնը: Համեմատության համար նա ասաց, որ Հոլոքոստի պատմության ակադեմիական չափանիշներն ընդգրկված են 26 երկրների կրթական ծրագրերում, իսկ Հայոց ցեղասպանությանըՙ 4 երկրների ծրագրերում, ընդ որում վերջինը դասագրքերում ներկայացված է բավականին մակերեսորեն, պարզեցված, անգամՙ անճշտություններով: «Վերջին տարիներին իրազեկությունը փոքր-ինչ բարձրացել է, հիմնականում ջատագովների եւ նվիրյալների շնորհիվ: Սակայն տխրությամբ պետք է նշենք, որ Թուրքիայի գործադրած ճնշմամբ այս տարի Գերմանիայի Բրանդենբուրգի նահանգի դպրոցական դասագրքերից հանվեց Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը»: Նա հավելեց, որ Հայոց ցեղասպանության մասին իմացությունը հատուկ կարեւորություն ունի Իսրայելում, որի ժողովրդի ինքնության եւ պատմական հիշողության մեջ առանձնահատուկ տեղ ունի Հոլոքոստը, մինչդեռ իսրայելցիների իմացության մակարդակը բավականին վհատեցնող է: Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ այնտեղ կա 2 մոտեցում. ըստ առաջինի ընդհանրապես չպետք է դասավանդվի, ըստ երկրորդիՙ պետք է դասավանդվի այլ ցեղասպանությունների հետ համեմատելու նպատակով: Օրոնի մոտեցմամբ, Հոլոքոստը եւ Հայոց ցեղասպանությունը պետք է դասավանդվեն որպես մեկ միասնական առարկա:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ