«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՂԵՌՆԻՑ ՓՐԿՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ

Երեւանի Մաշտոցի անվան մատենադարանում այսօր պահպանվող հազարավոր ձեռագրերի մի մասը Մեծ Եղեռնից փրկված տարբեր դարերի (9-17-րդ դդ) մագաղաթյա մատյաններ են: Ապրիլյան ոգեկոչումի այս օրերին երեկ Մատենադարանում բացված ցուցահանդեսը Եղեռնից փրկված մշակութային մեր սուրբ մասունքների ճակատագրերի մասին է պատմում, որ ներկայացրեց Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը:

1915 թ.-ին մեր պատմական հայրենիքում մեկուկես միլիոն հայեր զոհ գնացին թուրքական կառավարության ցեղասպան ոճրագործությանը, միլիոնավոր հայեր տարագրվեցին իրենց հինավուրց բնօրրանից: Մարդկային ահասարսուռ կորուստներից բացի մենք անվերադարձ կորցրեցինք նաեւ մեր դարավոր մշակույթի հարուստ ժառանգությունն ու ավանդույթներըՙ մեր բնօրրանում թողնելով ճարտարապետական գեղարվեստական աշխարհիկ ու հոգեւոր կառույցներ, որոնք ավերվեցին, թալանվեցին կամ ոչնչացվեցին թուրքական բարբարոս ծրագրով: Մեր վանքերում ու եկեղեցիներում բնաջնջման ենթարկված հազարավոր ձեռագրերի որոշ մասը բարեբախտորեն փրկվեց, դրանք փրկեցին հասարակ հայ մարդիկ, գաղթականներ, հայ կամավորականներՙ հաճախ իրենց կյանքը վտանգելու գնով: Ամենահայտնիներից են Մշո Ճառընտիրըՙ փրկված Մուշի Առաքելոց վանքից, որիՙ Մատենադարանում այսօրվա գոյության համար պարտական ենք հայ գեղջուկ կանանց եւ ռուս մի բարձրաստիճան սպայի, Մշո սուլթան Սբ. Կարապետ վանքից Թ. Ռոսլինին վերագրվող Ավետարանը եւ շատ ուրիշներ: Արեւելյան Հայաստանի եւ Անդրկովկասի տարբեր քաղաքներ տեղափոխված այս ձեռագրերի զգալի մասը Մատենադարանում է պահվում, դրանք Սեն Արեւշատյանի վկայությամբ շուրջ երկու հազար են: Սակայն Արեւմտյան Հայաստանումՙ Անատոլիայում, այդ օրերին գտնվող գերմանացի, բելգիացի, ֆրանսիացի միսիոներների, զինվորականների եւ ականատեսների տեղեկություններով հենց միայն Մշո Առաքելոց վանքում պահվող ձեռագրերի համեմատությամբ այդ փրկվածները շատ քիչ են: Փրկվածների մեծ մասը Վասպուրականի «Կտուց», «Աղթամար» եւ այլ վանքերից են:

Երեւանի Մատենադարանից բացի, փրկված ձեռագրեր կան աշխարհի տարբեր գիտական ինստիտուտներում, վանքերում, գրադարաններումՙ Երուսաղեմում, Վիեննայում, Փարիզում: Հայտնի են դեպքեր, երբ թուրք բարբարոսներն, այնուամենայնիվ, կարողացել են հասկանալ այս ձեռագրերի նյութական արժեքը եւ դրանց մի մասը տարել են Եվրոպա ու վաճառել: Այդպիսի մի դեպք հիշատակեց Ս. Արեւշատյանը, երբ 1916 թ. մի թուրք սպա շուրջ 10 ձեռագիր է բերել գերմանացի հայտնի հայագետ Յոզեֆ Մարկվարտի մոտ եւ գնահատելուց հետո ուզեցել է տանել, սակայն հայագետը գնել եւ դրանք նվիրել է Վիեննայի Մխիթարյաններին: Տեղեկություններ կան Ստամբուլում պահվող ձեռագրերի մասին, որոնք չեն ցուցադրվում եւ գաղտնի են պահվումՙ պատեհ առիթով գումարներ շահելու նպատակով:

«Մատենադարանն իր գոյությամբ, իր կատարած աշխատանքներով, հրատարակություններով ընթերցող հանրությանը վերադարձնելով մեր նախնիների ժառանգությունը, դրանով աշխատում է իր պարտքը կատարել անմեղ զոհերի հիշատակին, ապագա սերունդներին փոխանցելով անցյալի մեր սուրբ մասունքները», ասաց Ս. Արեւշատյանը, ապա ներկայացրեց ֆրանսահայ պատմաբան պրոֆ. Կլոդ (Արմեն) Մութաֆյանին: Նախորդ օրը նա Մատենադարանին էր նվիրել մի քանի տարի առաջ ողբերգական պայմաններում մահացած ֆրանսահայ Սարգիս Պողոսյանիՙ այժմ քրոջ մոտ գտնվող ձեռագրերի եւ փորանկարների հարուստ հավաքածոյից մի պատառիկ: Մոտ IX-X դ. Հովհաննու ավետարանի 17-րդ գլուխըՙ երկաթագիր էջը, համալրելու է Մատենադարանի ձեռագրային հավաքածոները: Կլոդ Մութաֆյանը հույս ունի, որ չնայած գործադրված մեծ ջանքերին, իր հետ ամեն ճանապարհորդությանը Երեւան մի-մի մասունք կբերի եւ կնվիրի Մատենադարանին:

«Փրկված ձեռագրեր» ցուցահանդեսի աշխատանքները կատարել են Մատենադարանի ձեռագրատան վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանը, փոխտնօրեն Արշակ Բանուչյանը, ցուցասրահի վարիչ Աիդա Չարախչյանը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4