«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


«21-ՐԴ ԴԱՐՆ ԱՌԱՆՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

«Յուրաքանչյուր հայ իր խոսքը պիտի ասի եղեռնի մասին», ասաց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆայել Եդոյանըՙ բացելով ինստիտուտի պատմության եւ գրականության ամբիոնների կազմակերպած երկօրյա գիտաժողովը, որը կրում էր «21-րդ դարն առանց ցեղասպանությունների» նշանաբանը:

Դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանությանը ցասումով ու վրեժխնդրությամբ պատասխանելու ինքնատիպ կոչ էր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանի ուղերձըՙ հասցեագրված ոչ միայն ներկաներին, այլեւ ողջ հայությանը: «Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ցավոք, մեծ տերությունների ձեռքին դարձել է խաղաքարտ, ասաց սրբազանը: Նույն Եվրոպան, որն այսօր հանդես է գալիս իրավական բարձր արժեքների դիրքերից եւ հանդուրժողության կոչում, ժամանակին պիղատոսյան անտարբերությամբ ու լռությամբ հանդուրժեց միլիոնավոր անմեղ հայերի կոտորածը»:

Ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Քառյանը զեկուցում կարդաց «Թուրքերը Հայոց ցեղասպանության մասին» թեմայովՙ ելույթի առանցքում պահելով թուրքական տարբեր հրատարակություններում հայկական հարցի շարունակական նենգափոխությունները: Բանախոսը հարկ համարեց հիշեցնել, որ 20-րդ դարասկզբին հայ ազգաբնակչությունն Օսմանյան կայսրությունում զբաղեցնում էր անգամ նախարարական աթոռներ, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային-լուսավորչական գործունեություն էր իրականացնում:

Ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Սանթոյանն անդրադարձավ հայ գրականության դանթեականներին: Նա հիշեցրեց, որ ցեղասպանությունն իրականացվել է դեռեւս 19-րդ դարավերջից մինչեւ 1922 թվականը (անգամՙ մինչեւ 1937 թ., երբ վերջնականապես հայաթափվեց Սանջակի մարզը): Ուստի ուրիշ ո՞վ, եթե ոչ Չարենցը, ով ականատեսն ու մասնակիցն էր այդ իրադարձությունների եւ հասել էր մինչեւ Վանՙ ազատագրելով Նարեկը, պետք է իր «Դանթեական առասպելում» արտացոլեր այդ ամենըՙ զուգահեռելով Դանթեի դժոխային թեմայի հետ: Տարիներ անց, խորհրդային «մոռացության» ժամանակներում իր «Հայոց դանթեականը» ստեղծեց եւ Հովհաննես Շիրազը:

«Հայերի ցեղասպանությունը Փամբակի եւ Շիրակի գավառներում 1918-1920 թվականներին» թեմայով զեկուցում էր պատրաստել պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների թեկնածու Սասունիկ Վիրաբյանը:

Գիտաժողովն ամփոփվեց «Եվրոպական մեծ տերությունները եւ Հայոց ցեղասպանությունը», «Հայոց մեծ եղեռնը եւ դրա անդրադարձը հայ գրականության մեջ», «Մուսավաթական Ադրբեջանի հայակործան քաղաքականությունը 1918-1920 թվականներին» թեմատիկ զեկուցումներով. կարդացին գիտությունների թեկնածուներ Ֆելիքս Մովսիսյանը, Հովհաննես Այվազյանը, Յուրա Ղուլյանը: Զեկուցում կարդաց նաեւ բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Անտոնյանը. նրա ղեկավարությամբ բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները հանդես եկան եղեռնի զոհ դարձած գրողների հիշատակին նվիրված գրական-երաժշտական կոմպոզիցիայով:

Մեծ եղեռնին նվիրված միջոցառումները մարզկենտրոնում շարունակվում են: Ապրիլի 22-ին կերպարվեստի թանգարանում կբացվի Վանաձորի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես, Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում համերգով հանդես կգա Վանաձորի կամերային նվագախումբը:

Ապրիլի 23-ին նույն ուսումնարանում տեղի կունենան հանդիսավոր նիստ եւ «Անլռելի զանգակատուն» վերտառությամբ գրական երաժշտական կոմպոզիցիա կամերային երգչախմբի կատարմամբ, իսկ Հովհ. Աբելյանի անվան թատրոնում հանդիսատեսի դատին կհանձնվի «Ձայն անապատի» ներկայացումը:

Ապրիլի 24-ին կկազմակերպվի խաղաղ երթ Հայքի հրապարակից դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցիՙ «Վարդանանց հետնորդներ» թմբկահարների խմբի ուղեկցությամբ: Եկեղեցում կմատուցվի Սուրբ պատարագ, իսկ Նահատակաց պուրակի խաչքարի առջեւՙ հոգեհանգստյան արարողություն: Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կներկայացվի Էդգար Հիլզենրաթի «Հավատա քո Աստծուն» ստեղծագործությունը: Եղեռնին նվիրված միջոցառումների լայն ծրագիր է նախատեսված նաեւ մարզի մյուս քաղաքներում:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4