«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2005-04-19 | #70, 2005-04-20 | #71, 2005-04-21


ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՐԱԿԵԼ ԵՆ «ՆԺ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏԻ ՎՐԱ

Գորիսից ու Մարտունուց սադրիչներ են ուղարկվել հանրահավաքի

Ընդդիմադիր գործիչների հանրահավաքներով ուղեկցվող մարզային այցելություններին իշխանություններն ակնհայտորեն անբարյացակամ են վերաբերվում:

«Նոր ժամանակներ կուսակցությունը» երեկ միտինգային այց էր կազմակերպել դեպի Սեւան: Կուսակցության նախորդ` Նոր Հաճըն եւ Թալին այցելությունների ընթացքում կիրառվեցին ճանապարհներ փակելու, ծեծկռտուքի ավանդական հնարքները:

Սակայն երեկ Սեւանում կատարվածն անցել է սահմանները: Կրակել եւ վիրավորել են կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստ Գարիկին (ազգանունը չհայտնեցին հարազատներին կանխավ հուզումներ չպատճառելու համար): Միջադեպի առիթով կուսակցության առաջնորդ, ազգային հեղափոխության ջատագով Արամ Կարապետյանը «Ազգի» հետ զրույցում ասաց. «Մի խումբ սադրիչներ, իմիջիայլոց, ոչ Սեւանից, ուղարկվել էին հատուկ այդ նպատակով: Երբ որ ժողովուրդն սկսեց հարցեր տալ ինձ, ներքեւում սկսեցին հայհոյել: Ժողովուրդը, ի դեպ, բավականաչափ անխնա ինքը սկսեց ծեծել նրանց: Մոտ 300 հոգով 20 հոգու ծեծում էին: Այդ բաժանող տղաներից մեկի վրա կրակեցին, եւ ոտքը վիրավորվեց: Տարել ենք հիվանդանոց»:

Թե կոնկրետ իշխանության որ օղակում, որ գործչի հրահանգով են խանգարվում հանրահավաքները, Արամ Կարապետյանը չգիտի: Հանրահավաքի օրը կուսակցության մի քանի ներկայացուցիչներով գնացել են ՆԳ ծառայություն, հավանական սադրանքի մասին իրենց տեղեկությունը հաղորդելու, բայց պաշտոնատարներից ոչ ոքի չի հաջողվել հանդիպել:

Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավ մի մանրամասն կա. փաստորեն, հանրապետությունով մեկ մասնագիտացվում են հանրահավաքները սադրող խմբեր, որ անհրաժեշտ պահին դեպքի վայր են առաքվում:

Ի դեպ, միտինգն արտոնված է եղել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4