Եվրոմիությունը քննարկում է Հայաստանին առավել բարենպաստության ռեժիմներ տրամադրելու հարցը
Հայաստան-Եվրոմիություն համագործակցության առեւտրի, տնտեսական եւ իրավական հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստի ժամանակ քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության, Հայաստանի արտահանման ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանն առնչվող հարցերը: Այդ մասին երեկ նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրին ենթակոմիտեի համանախագահներըՙ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը եւ Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների վարչության պետ Կուրտ Յուլը:
Նկատի ունենալով, որ Եվրոմիությունը Հայաստանի թիվ 1 գործընկերն է եւ առաջիկայում կմնա այդպիսին, կողմերը քննարկել են այդ ուղղությամբ խոչընդոտների վերացման եւ առավել ազատական ռեժիմներ տրամադրելու հարցը: Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ նման ռեժիմի տրամադրումը կնպաստի Հայաստանից Եվրոպա ապրանքների արտահանմանը: Հաջորդ քննարկված հարցն առնչվում էր Հայաստանին շուկայական երկրի կարգավիճակ տրամադրելուն, որը հնարավորություն կտա դեմպինգային ռեժիմներ կիրառել մեր ապրանքների համար:
Կուրտ Յուլն իր հերթին հայտնեց, որ եվրոպական «Նոր հարեւաններ» ծրագիրը հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրներին, այդ թվումՙ Հայաստանին օգտվել տնտեսական այն հնարավորություններից, որոնք առկա են Եվրոմիությունում: Նա նշեց, որ տնտեսական բարեփոխումների առումով Հայաստանն առաջընթաց է արձանագրել, իսկ ենթակոմիտեի աշխատանքի գլխավոր նպատակը Հայաստանի հետ ԵՄ առեւտրային հարաբերությունների եւ Հայաստանի ներդրումային հնարավորությունների բարելավումն է: Եվրոպացի պաշտոնյան, պատասխանելով հարցերից մեկին, նշեց, որ Հայաստանը տնտեսական նկատելի աճ է ունեցել, բայց անհրաժեշտ համարեց դրա արդյունքների տեսանելի լինելը բնակչության համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ իր ներկայացրած կառույցը հետեւում է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարմանը:
Ատոմակայանի փակման վերաբերյալ հարցին Կուրտ Յուլը պատասխանեց, որ փակման կոնկրետ օր նշել հնարավոր չէ, որովհետեւ Հայաստանն էներգետիկ ոլորտում խնդիրներ ունի: Նա նշեց, որ այս հարցի քննարկումները շարունակվում են:
Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հարցը թեեւ չէր քննարկվել նիստի ժամանակ, բայց փոխնախարարը ասաց, որ եվրոպական կողմն ընդունում է այդ խնդիրը եւ գիտի, որ դա ազդում է մեր արտահանման եւ ներմուծման վրա: Ինչ վերաբերում է փոխարժեքի տատանումների ազդեցությանը եվրոպական արտահանման ուղղվածություն ունեցող հայկական ձեռնարկությունների վրա, ապա, ըստ Տիգրան Դավթյանի, մեր գործարարները հասկացել են, որ Եվրոպա արտահանումն ավելի ձեռնտու է, քան դեպի այլ երկրներ: Նրանք շուտ կողմնորոշվել եւ հասկացել են, որ Եվրոպան եւ եվրոյի գոտին շատ գրավիչ շուկա է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ