Նկարչի արվեստանոցում ենք, Երեւանի ծայրամասերից մեկում, սպիտակ ներկած դուռ, վրան մատիտով գրվածՙ Կ. Սմբատյան: Նկարիչն ինքն իր մեջ այնպես է խորասուզված, որ ասես ոչինչ չի նկատում, աշխարհն իր առօրյա ընթացքի մեջ, ինքը (միտքը) ասես խոր հեռուներից է գալիս: Ժամանակն այստեղ կարծես մոռացության է մատնված, տրված գույնի կախարդանքին, գույնի բացվող «մերկություններին»: Դիմացը կտավներ են իրար վրա շարված, մեզ է նայում մեկ աչքը կույր ծեր ֆիդայինՙ առնական, դեմքինՙ վրեժի ու ուժի պրկումներով: Հնաոճ իրեր են, պարզ, անփույթ վիճակ, նկարիչը ժամանակի մեջ ինքնամոռաց, անփույթ, ասես լեռներում է... (բայց բռնկումի պահեր է ունենում, իսկական մտավորականի կեցվածքովՙ հատկապես ազգային ու սոցիալական խոցելի սահմաններում): Չգիտես ինչուՙ Սեզանին հիշեցի: Մի փոքր նկար աչքս է շոյում. թանձր գունային քսվածքներ, զգացմունքների կուտակումներՙ իմպրեսիոնիզմի ոճով արված: «Շատ վաղուց եմ արել, 21 տարեկանում, էդ ժամանակ նկարչությունից ի՞նչ էի հասկանում: Հիմա գիտեմՙ նկարչությունը ճակատագիր է...»:
Ապրիլյան օր է. ապրիլը հայոց գիտակցության մեջ ողբերգական գույների հետ է զուգակցվում, ենթագիտակցական շերտերում անգամՙ բռունցքված ցավի ու վրեժի վերածվում: Հուշի, հիշողության, ոգեկոչումի օրեր են...
«Արամ Խաչատրյանն իր 2-րդ սիմֆոնիան իրականում նվիրել է Գարեգին Նժդեհին, գրել է 1943-44 թթ., երբ ինքը բավական երիտասարդ էր: Այդ մասին, իհարկե, տեղյակ չեն, ինքն իր մեջ, այդպես... Վարդան Վարդանյանի եւ Հայկազ Խաչատրյանի հետ գնացել էինք Մոսկվա: 1964 թ. սեպտեմբերն էր»:
Հայկազ Խաչատրյանըՙ ազգային ինքնորոշման գաղափարի առաջին ջատագովներից ու զինվորներից, 1966 թ. Երեւանում հիմնադրեց ընդհատակյա «Ազգային Միացյալ կուսակցությունը» եւ հրատարակեց «Փարոս» թերթը:
«Վարդան Վարդանյանը մոտ էր Արամ Խաչատրյանին: Նա զանգեց Արամ Իլյիչին եւ հանդիպում խնդրեց: Հակառակի պես ես չգնացի. ժամադրված էի: Արամ Խաչատրյանը մի քիչ գինովցած է լինում: Գրկում է տղաներին ու ասում. «Տղերք ջան, ամբողջ աշխարհը մի քանի ամսից պիտի իմանա Հայոց եղեռնի 50-ամյակի մասին, ինչ հնարավորություն ունենք, պիտի օգտագործենք»: Հաջորդ օրը Հայկազն ինձ ասաց. «Ո՜նց չեկար, ի՜նչ բաց թողիր: Արամ Խաչատրյանն այսօր թիվ մեկ հայն է, գիտես որ Ա. Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան նվիրված է Գ. Նժդեհին: Այդ ժամանակներում Նժդեհի անունը վախենում էին տալ, Հայկազը միակն էր, որ չէր վախենում: Նա Գեւորգ Չաուշի ու Նժդեհի պաշտամունք ուներ:
...1965-ին ինձ բռնեցին, որովհետեւ ցույցի կազմակերպիչներից մեկը ես էի, հրապարակի գաղափարն իմն էր: Հայկազին երբ ասիՙ նա թե. «Ոչ մի դեպքում, ուզում եսՙ մանկիկին խանձարուրի մեջ խեղդե՞ն: Կգնանք, քայլելով արձանի շուրջը կպտտվենք ու կշարունակենք մինչեւ Կոմիտասի գերեզման, հետո կվերադառնանք: Ասիՙ Հայկազ ջան, դա այնքան աննշան բան է, հիշում եսՙ Արամ Իլյիչն ինչ էր ասում. աշխարհը չգիտի Եղեռնի մասին, եթե մի արտասովոր բան կատարվի, նոր կիմանա: Հիմա արտասովորը այն է, որ հավաքվենք Լենինի հրապարակում: Այդ անունից բռնկվեց, նա տեղի էր տալիս անուններինՙ ոչ մի դեպքում, թույլ չեմ տա: Ցույցից հետո ինձ բռնեցին, տարան. մեկը մատնել էր: Հետո պարզվեց, որ Հայկազին ու տղաներին էլ են բռնել: Հետագայում նոր իմացա, ովքեր են եղելՙ Պարույր Հայրիկյան, Ստեփան Զատիկյան, Անդրանիկ Մարգարյան, Աշոտ Նավասարդյան: Ինձ մի քանի ժամ պահեցին, մեկն ասացՙ գնացեք, փախեք, տխուր աչքերով երիտասարդ էր, բարձրահասակ:
...Հայկազը բանտից 5 տարի հետո վերադարձավ: Հետո իրեն նորից բռնեցին, 2 տարի էլ նստեց: Մորդովիայում էր: «Գիտես Կարեն, ասում էր, մեր ժողովուրդը հանճարեղ ժողովուրդ է, մենք դավաճաններ չունենք: Նույն հանցանքի համար հրեաներին ու ռուսներին 10-15 տարի էին տալիս, մեզՙ 3-5 տարի: Այնուամենայնիվ, թեկուզ ԿԳԲ-ում, բայց այնտեղ էլ հայեր են: ԿԳԲ-ում ինձ քննողներից մեկը զանգում է մի օր, թեՙ ուզում եմ զրուցել ձեզ հետ: Զայրացա: Ասացՙ կարեւոր մի հարցի մասին եմ խոսելու: Համաձայնեցի: Մարդը եկավ. «Հայկազ ջան, ասաց, դու ազնիվ մարդ ես, ողջ կյանքդ նվիրել ես ժողովրդին, մենք էլ մեր գործն ենք անում, ճիշտ էՙ ձեզ վնաս ենք տալիս... Ես քեզ ուզում եմ օգնել. քեզանից մի նկար եմ ուզում գնել, կարող եմ գումարն այնպես էլ տալ, բայց ավելի պատշաճ է, որ մի նկար գնեմ: Լավ, ասացի, որն եք հավանում: Թեՙ «Արարատը»: Հանեց 300 ռուբլի տվեց, փոքր չափի նկար էր: Պատմելիս Հայկազըՙ այդ երկաթյա մարդը, քիչ էր մնում արտասվեր: Խեղճ մարդ, հոգեպես ինչքան է տանջվել: Ինչպես է ազդվել, որ եկել է ինձ մոտ սիրտը բացելու, դա է ինձ մխիթարողը»:
«ԿԳԲ-ից ինձ մոտ էլ էին գալիս, շարունակում է Կարեն Սմբատյանը: 80-ականներին, երբ սկսել էի ֆիդայիներին նկարել, չգիտեսՙ որտեղից իմացել էին: Մի օր եկան. մի կարգին մարդ էր, նրա հետ մեկն էլ կար. իմ ընկերներից էր, գաղտնի ասաց. «Կարեն, ԿԳԲ-ից է, արտահայտություններիդ մեջ զգույշ եղիր»: Ասիՙ հենց հակառակն եմ անելու, անզգույշ եմ լինելու, հետաքրքրական էՙ ինչ պիտի լինի: Չէ, ասաց, պետք չէ: Էս մարդը նայեց-նայեց նկարներին, թեՙ ես ԿԳԲ-ի աշխատող եմ: Ասիՙ հա՞, շատ ուրախ եմ: Ասացՙ լսել եմ, ֆիդայիներ եք նկարում, գիտե՞ք, որ չի կարելի: Հա, գիտեմ: Բա ինչո՞ւ եք նկարում: Ասիՙ ինչ եք կարծում, նկարեմ, թե՞ չը՛ նկարեմ, ո՞րն է ճիշտը: Այս տղան, թեՙ նկարեք, բայց ոչ մեկին ցույց մի տվեք: Հետագայում գուցե առիթը ներկայանա...»:
Առիթը շատ էլ սպասեցնել չտվեց: 1988-ի համազգային շարժումն արթնացրեց հավիտյան քնած թվացող մեր ազգային ոգինՙ հնագույն արմատներից սերվող, ամենատարբեր ելեւէջումներովՙ իբրեւ տարերք, իբրեւ հեղեղ: Այդ տարիներին Կարեն Սմբատյանը նկարեց ավելի քան 250 ազատամարտիկների դիմանկար: Վաղվաՙ նկարիչների միության ցուցահանդեսին, նրա «Քելե լաո» կտավը խորհրդանշելու է երկրի իսկական հավատավորի կամքըՙ ազգային ոգու շարունակելիությանը տեր կանգնելու կենսահաստատ գույներով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ