«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2005-04-20 | #71, 2005-04-21 | #72, 2005-04-22


«ԱՆՆՅՈՆ ԽԱՍԵՅՈ». ԱՍՈՒՄ ԵՆ ԿՈՐԵԱՑԻՆԵՐԸ ԲԱՐԵՎԵԼԻՍ

8-րդ դասարանցի Սիսակ Բաղդասարյանը սովորում է այդ լեզուն

Հայաստանում Կորեայի հյուպատոսարանը գործում է ոչ այնքան վաղուց, բայց Կորեայի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է: Մասնավորապես, հյուպատոսարանի տրամադրած տեղեկության համաձայն, այդ երկրի նկատմամբ հետաքրքրությունը չի արտահայտվում միայն տնտեսական շահերով, կորեական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությամբ:

Երեւանում գործող «Քվանտ» վարժարանը իր ուսուցման մեթոդներով առանձնանում է մյուս կրթական օջախներից: Վարժարանի տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ռ. Վարդանյանի ղեկավարած կրթարանում երեխաների հետաքրքրությունները բազմատեսակ են:

Սիսակ Բաղդասարյանը մայրաքաղաքի «Քվանտ» վարժարանի աշակերտներից է: Աշխարհագրություն առարկայից որեւէ երկրի մասին ռեֆերատ պատրաստելու հանձնարարությունը նա կատարել է ալբոմ-ռեֆերատի ձեւովՙ ընտրելով Կորեայի հանրապետությունը: Սիսակն իր կատարած աշխատանքը բաժանել է մի քանի մասերի. Կորեայի Հանրապետության աշխարհագրական դիրք, բնակչություն, լեզու եւ կրոն, սահմանադրություն եւ պետականություն, երկրի պատմություն, տնտեսություն, կրթություն, ճարտարապետություն եւ թանգարաններ, ազգային տոներ, խոհանոց եւ սպորտ:

Ոլորտների առանձնացումը Սիսակին օգնել է ավելի խոր տեղեկություններ յուրացնել Կորեայի մասին: Վարժարանի սանն անդրադարձել է ոչ միայն Կորեական թերակղզին երկու մասի բաժանած Հյուսիսային եւ Հարավային Կորեաների մայրաքաղաքներին, տարածքներին, բնակչությանը, այլեւ մոնղոլական ցեղի հետնորդներ համարվող կորեացիների լեզվին ու կրթությանը: Եռաստիճան հանրակրթական համակարգ ունեցող Կորեայի Հանրապետությունը իր աշխարհագրական դիրքի եւ վարած քաղաքականության շնորհիվ այսօր զարգացած էլեկտրոնային, տեքստիլ, նավթաքիմիական, ավտոմոբիլաշինական, պողպատաձուլական, նավաշինական երկիր է:

Ներկայումս, երբ աշխարհում ամենուր առաջնահերթ են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու գիտական ներուժի օգտագործումը արտադրության մեջ, Կորեայի Հանրապետությունը համարվում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների երկիր, որն աշխարհում առաջնային տեղ է զբաղեցնում պողպատի ձուլման, մարդատար մեքենաների, ցեմենտի, պլաստմասսայի, հեռուստացույցների եւ նավերի արտադրության ցուցանիշներով:

Թերեւս Կորեայի հյուպատոսարանի գործունեության ընթացքում առավել հետաքրքրական է այն, որ Հայաստանում սկսել են ուսումնասիրել այդ երկրի լեզուն: Սիսակն էլ աշխարհագրություն առարկայից իրեն տրված հանձնարարության առնչությամբ Կորեայի Հանրապետության վերաբերյալ իր հետաքրքրությունը չի սահմանափակել միայն ընդհանուր տեղեկություններով: «Քվանտ» վարժարանի սանը սկսել է կորեերենի ուսումնասիրությունը եւ արդեն իսկ հաջողություններ է գրանցել: Իր աշխատանքը ներկայացնելուց առաջ Սիսակի «բարեւը» կորեերեն էր. «Աննյոն կասեյո»: Կորեերեն է նաեւ ցտեսությունը. «Աննյոնի կասեյո», որին պետք է պատասխանել. «Աննյոնի կեսեյո»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4