Ըստ պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի, դա ոչ թե «սեփականաշնորհում է դասական առումով», այլ «պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գույքի օտարում»: Երկու դեպքում էլ սեփականատերերը կընտրվեն մրցույթով, որը կհայտարարվի առաջիկա երեք ամսում, իսկ հաղթողների առաջ կդրվեն որոշակի նախապայմաններ:
«Հայֆիլմ» կինոստուդիայի եւ պետական կրկեսի օտարման նպատակներն են ներդրումների ներգրավումն այս ոլորտներում, սոցիալական խնդիրների լուծումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը, պետական ֆինանսավորման դադարեցումը, իսկ միայն «Հայֆիլմի» համար նաեւ նրա նկարահանած ավելի քան 400 ֆիլմերի պահպանումը: Վերջիններս պետք է թվայնացվեն, ինչի շնորհիվ կլուծվի դրանց հիմնավոր պահպանման հարցը:
Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալը հայտնեց, որ օտարվելու են շուրջ 24 հազար քմ տարածք զբաղեցնող «Հայֆիլմի» շենքն ու շինությունները, կինոբեմադրական սարքավորումները: Վաճառքի գինն է 266,9 մլն դրամ: Նոր սեփականատերն առաջիկա 10 տարիներին պետք է իրագործի 30 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, որը նվազագույն գումարն է տեխնիկական վերազինում իրականացնելու եւ արդյունավետ կինոարտադրություն կազմակերպելու համար: 1 տարում պետք է պահպանվեն կինոստուդիայի 300 աշխատատեղերըՙ 50 հազար դրամ նվազագույն աշխատավարձի չափով, ինչպես նաեւ «Հայֆիլմի» 7 հոգուց բաղկացած գեղարվեստական խորհուրդը: Աշոտ Մարկոսյանը տեղեկացրեց, որ վերջինս պետք է հավանություն տա տարեկան 4 գեղարվեստական ֆիլմերի, 5 մուլտիպլիկացիոն եւ վավերագրական ֆիլմերի նկարահանմանը: Սա ֆիլմերի այն նվազագույն սահմանաչափն է, որ պետք է նկարահանվի յուրաքանչյուր տարիՙ առաջիկա հինգ տարիներին: Նոր սեփականատերը 50 տարում իրավունք կունենա օգտագործելու «Հայֆիլմի» ապրանքանիշը (Սասունցի Դավթի արձանի պատկերը):
Պետկրկեսի գույքի վաճառքի արժեքն է 40 մլն դրամ: Սահմանված նախապայմաններից են 25 տարում կրկեսի մասնագիտական պրոֆիլի պահպանումը, 74 աշխատողների համար մեկ տարում նվազագույնը 50 հազար դրամ աշխատավարձով ապահովումը: Կրկեսի շենքի 0,5 հա կազմող տարածքը կտրվի վարձակալության: «Որքա՞ն է կրկեսի սեփականատիրոջ առջեւ դրվող ներդրումային պարտավորությունների չափը» հարցին Աշոտ Մարկոսյանը պատասխանեց, որ այդպիսի պարտավորություններ դրված են, բայց կոնկրետ գումար չի ամրագրված: Նախապատվությունը տրվելու է առավել շատ գումար առաջարկողին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ