«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2005-04-20 | #71, 2005-04-21 | #72, 2005-04-22


ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԻ

Կառավարության հաստատած 2004 թ. պետբյուջեի կատարողական հաշվետվությունը երեկ լրագրողներին ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Եկամուտների եւ ծախսերի կատարման ցուցանիշները ներկայացնելուց հետո նա հայտնեց, որ անցյալ տարվա արդյունքներով Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 1 մլրդ 189 մլն դոլար, ինչը մեր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 33,3 տոկոսն է: Գլխավոր գանձապետն արձանագրեց, որ ՀՆԱ նկատմամբ արտաքին պարտքի ցուցանիշը նվազման միտում ունի: 1999 թ. մեր երկրի արտաքին պարտքը կազմել է ստեղծված արդյունքի 47 տոկոսը: Սակայն գումարային առումով անցյալ տարի արտաքին պարտքն աճել է 85,5 մլն դոլարով կամ 7,8 տոկոսով: Սկսած 1997 թ. Հայաստանին տրվող արտոնյալ վարկերն են նվազել:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, արտաքին պարտքի ցուցանիշով Հայաստանը գտնվում է նվազ պետական պարտք ունեցող երկրների թվում: Դրանք այն երկրներն են, որոնց արտաքին պարտքի ծավալները չեն գերազանցում երկրի համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը:

Գլխավոր գանձապետը անցյալ տարվա հատկանշական փոփոխություններից համարեց ուղղակի հարկերի տեսակարար կշռի ավելացումը, ինչն արձանագրվում է առաջին անգամ: «Պետբյուջեի կատարողականի վրա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել դոլարի արժեզրկումը» հարցին Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ մեկ կամ երկու գործոնները չեն կարող «ամենանշանակալի ազդեցությունն ունենալ» պետբյուջեի վրա: Ներմուծողների եւ որոշ արտադրողների համար դա շահավետ էր, քանի որ նրանք հարկվում են դոլարին համարժեք հաշվարկվող դրույքաչափերով եւ մուտքերն այստեղ նվազ են եղել: Դոլարով կատարվող ծախսերի դեպքում էլ, օրինակ, արտաքին պարտքի վարկերի տոկոսների մարման ժամանակ, լուրջ խնայողություններ են եղել:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4