«Ինչո՞ւ են հայերը ցեղասպանության օրը նշում ապրիլի 24-ին», այս հարցը ծնվում է ցեղասպանության պատմությանն անտեղյակ յուրաքանչյուր մարդու մտքում, հատկապես օտարների: Նրանցից ոմանք նույնիսկ զարմանում են, թե ինչպե՞ս թուրքերը մեկ օրում սպանեցին ավելի քան 1,5 մլն հայերի:
Պատմության դասագրքերից եւ հանրագիտարանից հայտնի է, որ հենց այդ օրը Պոլսում թուրքերը ձերբակալեցին արեւմտահայ 760 տաղանդավոր մտավորականների, որոնք հետագայում դարձան նրանց ոճրագործ ու զազրելի գործողությունների զոհերը:
«1920 թվականի մարտի 25-ին նշանավոր գրող Վրթանես Փափազյանը, որն այն ժամանակ Վաղարշապատի դպրոցի տեսուչն էր, նամակով դիմում է Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Սուրենյանցինՙ առաջարկելով ապրիլի 24-ը մտցնել օրացույցի մեջ, իբրեւ հիշատակ հայ նահատակ մտավորականների, որոնք զոհվեցին թուրքական վայրագ սրից: Փափազյանը նույն առաջարկով դիմում է նաեւ Հայաստանի Հանրապետության խորհրդարանին, գիտության եւ արվեստի նախարարին: Կաթողիկոսի կարգադրությամբ հատուկ շրջաբերական է ուղարկվում Երեւանի, Բաքվի, Թիֆլիսի եւ Ղարաբաղի թեմական առաջնորդներինՙ հանձնարարելով ապրիլի 24-ին հայկական բոլոր եկեղեցիներում հոգեհանգստյան պատարագ մատուցել հայ մտավորականների եւ ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակի համար», ասաց Երեւանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Պետրոս Հովհաննիսյանը:
Այդպես ապրիլի 24-ը դարձավ Մեծ եղեռնի համազգային տարելիցի օր, սակայն մեկ տարի անցՙ 1921 թվականի ապրիլին բոլշեւիկյան Հայաստանի իշխանություններն արգելեցին այն ոգեկոչել, եւ ապրիլի 24-ը ժողովրդական ոգեկոչումից դարձավ զուտ եկեղեցական հոգեհանգստի արարողություն մինչեւ 1965 թվականը: Սակայն սփյուռքում հայերն ավանդաբար այդ օրը սգում էին հայ նահատակների հիշատակը ոչ միայն Պոլսի մտավորականների, այլեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի:
1965 թվականից ապրիլի 24-ը նորից մտավ հայոց պաշտոնական օրացույցի մեջ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ