Թուրքիան մտադիր է երկարաձգել այն համաձայնագիրը, ըստ որի ԱՄՆ-ն օգտագործում է Ադանա քաղաքի մոտ գտնվող Ինջիռլիքի ռազմակայանը: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը խոստացել է, որ կառավարությունը համապատասխան որոշում կընդունի ամենամոտ ժամանակներս: Ռոյթեր գործակալությունը նշում է, որ խորհրդարանում տվյալ որոշման հաստատման անհրաժեշտություն չկա:
Ամերիկյան օդուժի կողմից Ինջիռլիքի ռազմակայանի օգտագործման ժամկետը, ըստ համաձայնագրի, լրանում է հունիսին: Դեռ 10 ամիս առաջ ԱՄՆ վարչակազմը Թուրքիայից խնդրել էր 1 տարով երկարաձգել համաձայնագրի գործողության ժամկետը: Ամերիկացիները ռազմակայանն օգտագործում են Իրաքում եւ Աֆղանստանում տեղաբաշխված իրենց զորքերի պարենավորումն իրականացնելու նպատակով: Ըստ համաձայնագրի պայմանների, ամերիկյան բանակը չի կարող այդ ռազմակայանով ուղարկել զինամթերք եւ զինծառայողներ: ԱՄՆ-ը փորձում է վերացնել տվյալ սահմանափակումը, բայց Անկարայի կառավարությունն առայժմ մերժում է:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածություն ծագեց 2003 թ. գարնանն ամերիկացիների Իրաք ներխուժելուց հետո: Թուրքերի մեծ մասը դեմ էր Իրաքի պատերազմին, եւ խորհրդարանը երկար ժամանակ երկրի օդային տարածքը փակ էր պահում ամերիկյան օդուժի համար:
Վեճը հարթվեց, երբ ԱՄՆ վարչակազմը խոստացավ իրաքցի քրդերին տրամադրել ինքնավարություն, բայց թույլ չտալ քրդական անկախ պետության ստեղծում, ինչը կսպառնար Թուրքիայի շահերին:
Պ. Ք.