«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2005-04-21 | #72, 2005-04-22 | #73, 2005-04-23


ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Երեւանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 միջնակարգ դպրոցը երեկ միջոցառում էր կազմակերպել նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին: Դպրոցը հյուրընկալել էր Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանին, Աջափնյակ համայնքի թաղապետ Արծրուն Խաչատրյանին, իր նախկին սան, պատգամավոր Հարություն Փամբուկյանին եւ ուրիշների:

Դպրոցի կոլեկտիվը հյուրերին ցույց տվեց վերանորոգված մարզադահլիճը, դպրոցի նոր մասնաշենքը: Այդտեղ էր գտնվում նաեւ դպրոցի նոր համակարգչային դասարանը, համալրված 4 համակարգչով եւ տպող սարքերով, որ այսուհետեւ կգործի շնորհիվ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի:

Նշելով ոչ միայն ցեղասպանության 90-րդ տարելիցը, այլեւ վերանվանման 5-րդ տարին, դպրոցն իր միջոցառումը շարունակեց բեմականացված ասմունքով, որի էությունն այն էր, որ ողբի ժամանակն անցել է եւ պետք է լույսով ու ստեղծարար աշխատանքով լուծել բոլոր հարցերը:

Աշակերտների ներկայացումից հետո արդեն դպրոցի բակում Աջափնյակ համայնքի «Զարթոնք» պարային համույթը կատարեց մի քանի հայկական պար: Կազմակերպվել էր նաեւ ցեղասպանության թեմային նվիրված ցուցահանդես, որի դիտման ընթացքում ներկաները կարող էին լսել դպրոցի աշակերտներից ավելի փոքրերի ասմունքն ու երաժշտական կատարումները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4