«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2005-04-21 | #72, 2005-04-22 | #73, 2005-04-23


ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԴԱՍԵՐԸ ԿԱՄ ԱՂ` ՄԵՐ ՄՇՏԱԲՈՐԲՈՔ ՎԵՐՔԻՆ

Թե ո՞վ է եղել Թուփակ Շաքուր անունով ռեպ-երգիչը, որտեղ եւ ի՞նչ պայմաններում է կնքել իր մահկանացուն, շատերիս գուցե չի էլ հետաքրքրում: Սակայն ամերիկացի այդ գանգստերի հիշատակի երեկոն որոշված է անցկացնել երեւանյան ամենաշատ գովազդվող ակումբներից մեկում, ապրիլի 24-ի նախօրեին: Ռեստորանային ռաբիս երգիչներով հայտնի այս ակումբի ղեկավարությունն այն աստիճան «շատ էր զբաղված» հայհոյախոս այդ երգչի հիշատակի երեկոն կազմակերպելով, որ չկարողացավ պատասխանել «Ազգի» թղթակցի այն հարցին, թե այդ երիտասարդի հիշատակի երեկոն մեր համազգային ցավի նախօրյակին նշելով ի՞նչ կոնկրետ նպատակ է հետապնդում ակումբը: Փոխարենը ակումբի միջանցքում, դռնապանի եւ հանդերձապահուհու հարեւանությամբ նստող մանկավարժական կրթությամբ անբարեկիրթ ադմինիստրատոր-գանձապահը պատրաստակամություն հայտնեց բացատրելու մեզ, թե ինչ է հատկապես տեկիլան եւ «տեկիլա փարթին», որը կանցկացվի Եղեռնի զոհերի հիշատակի օրից առժամանակ անց: Իսկ առայժմ նկարից սեփական պորտը, կրծքի գրությունն ու վարտիքը ցույց տվող երիտասարդը հետմահու կարող է հպարտանալ, թե որքան մեծ հեղինակություն է ինքը հայ ժողովրդի այն զավակների համար, ովքեր վավաշոտ պարերով նախ կհարգեն իր հիշատակի երեկոն, իսկ առավոտյան կգնան Ծիծեռնակաբերդ` արեւածաղկի սերմ չրթելու:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ. Թերեւս արհամարհեինք այս խոտելի երեւույթը եւ մեր թերթի այս հատվածը եւս նվիրեինք մեր միլիոնուկես զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառումներից մեկի լուսաբանմանը, եթե չնկատեինք համընդհանուր ապազգային քարոզչության ու դաստիարակության միտումը. սկզբում` թրքախառը երաժշտություն, բոլորից տարբերվելու եւ ոչնչի նմանվելու զուտ տղեկային անմիտ մտածողություն, որի տարածումը պակաս գործուն չէ, քան թուրքի յաթաղանը 90 տարի առաջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4