«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2005-04-22 | #73, 2005-04-23 | #74, 2005-04-26


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍՈՑԿՈՒՍՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԺԽՏՈՂՆԵՐԻՆ

Ցույցեր երկրի տասնյակ քաղաքներում

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Օլանդը կիրակի օրը Փարիզում հայտարարել է, որ ԱԺ-ում սոցիալիստների խումբը շուտով կներկայացնի Հայոց ցեղասպանության փաստը ժխտողներին քրեապես պատժելու օրինագիծ: Այս հայտարարությունը նա արել է Ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում հավաքված 3000 անձանց առջեւ:

«Հայոց եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Հայ դատը ոչ միայն հայերի գործն է, այլեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ ցեղասպանության ճանաչման բոլոր ջատագովների գործը», ընդգծել է Օլանդը Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո:

Ֆրանսպրեսը մեջբերում է սոցիալիստ առաջնորդի հետեւյալ խոսքերը. «Եթե Անկարան չճանաչի ցեղասպանությունը, ապա Թուրքիան չի անդամակցի ԵՄ-ին: Սա հստակ դիրքորոշում է»:

Ապրիլի 24-ի առավոտյան Ֆրանսուա Օլանդը Երեւանում էր բազմաթիվ այլ օտարերկրացի հյուրերի հետ: Նույն օրը հետմիջօրեին նա Փարիզում հայտարարեց, որ «Ցեղասպանության ճանաչումը կարեւոր է ոչ միայն հայերի, այլեւ Եվրոպայի եւ մնացյալ մարդկության համար»: Օլանդի խոսքերով, ոճրագործները եւ նրանց հանցակիցները պետք է պատժվեն, եւ «այդ պայքարը պետք է գլխավորի Եվրոպան»:

Հաղորդվում է նաեւ, որ նեոգոլիստական «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության նախագահ Նիկոլա Սարկոզին եւ արդյունաբերության նախարար-պատվիրակ Պատրիկ Դեւեջյանը Փարիզի Աստվածամոր տաճարում ներկա են գտնվել հայ կաթոլիկ եկեղեցու տված սգո պատարագին: Նույն օրը Պատրիկ Դեւեջյանը խորհրդարանական հեռուստաալիքով դատապարտել է Թուրքիայի «պետական ժխտողականությունը»:

«Ժողովրդական շարժման միության» հայտնի գործիչ Պիեռ Լելուշը, կոմկուսի ներկայացուցիչ Պատրիկ Բրաուզեկը նույնպես դատապարտել են ոճրագործ Թուրքիայի դիրքորոշումը:

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի 350 հազարանոց հայ համայնքը հինգ տասնյակ քաղաքներում զանազան միջոցառումներով նշել է ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Մայրաքաղաքում եւ մյուս խոշոր քաղաքներում միջոցառումների մասնակիցները նաեւ բողոքի զանգվածային ցույցեր են արել Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4