«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2005-04-22 | #73, 2005-04-23 | #74, 2005-04-26


ԵՎՐՈՊԱԲՆԱԿ ԹՈՒՐՔԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպաբնակ թուրքերի բանվորական կոնֆեդերացիայի (ԵԹԲԿ), «Ընդդեմ ցեղասպանության» գերմանական միության (ՑԳՄ) եւ Միջազգային մշակութային փոխանակման ֆեդերացիայի (ՄՄՓՖ) ներկայացուցիչները երեկ համատեղ ասուլիսում քննադատեցին Օսմանյան Թուրքիայի 1915 թ. իրականացրած Հայոց մեծ եղեռնը: Եվրոպաբնակ թուրքերի ներկայացուցիչներըՙ Օզգուր Ջանը, Յասար Արիֆը, Բյուլանդ Գյուլը, Քալենդեր Քայան եւ Թողան Աքհանլը, Հայաստան են ժամանել Եղեռնի 90-ամյա տարելիցի կապակցությամբ:

ԵԹԲԿ-ի ներկայացուցիչ Օզգուր Ջանը Օսմանյան Թուքիայի վարած քաղաքականությանն անդրադառնալովՙ նշեց հայերի ցեղասպանության իրականացման կարեւորությունը Էնվերի, Թալեաթի, Նազըմի համար, թվեց հայերի արտաքսման ժամանակ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կողմից հաշվի առնվելիք երեք կետերը, ինչպես նաեւ հիշեց եղեռնին զոհ դարձած հայ մտավորականներին: «Թուրքիան պետք է անպայման ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ եթե անգամ ճանաչի էլ, դա դեռ չի նշանակում, որ նա ժողովրդավար պետություն է, դա չի ծածկում Թուրքիայի շովինիստ եւ ցեղապաշտ լինելը», ասաց Օզգուր Ջանը: Նրա կարծիքով երկու պետությունների եղբայրական հարաբերությունների ստեղծմանը եւ հետագա զարգացմանը կարող է նպաստել միայն ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, իսկ մինչ այդ «մենք կշարունակենք մեր դեմոկրատական պայքարը Թուրքիայի հակադեմոկրատական պայքարի դեմ»:

ՄՄՓՖ-ի ներկայացուցիչ Յասար Արիֆը իրենց կազմակերպության անունից դատապարտելով հայերի ցեղասպանությունըՙ ներողություն խնդրեց հայ ժողովրդից կատարվածը կանխել չկարողանալու համար: «Այս պայքարն ուղղված է անցյալի անարդարությունը ուղղելուն եւ մենք պնդում ենք, որ Թուրքիան ճանաչի հայերի ցեղասպանությունը, որը կարեւոր է նաեւ հետագա ցեղասպանությունները արգելելու իմաստով», ընդգծեց բանախոսը:

ԵԹԲԿ-ի երիտասարդ ներկայացուցիչ Քալենդեր Քայան գտնում է, որ պատմությանը քննադատաբար նայելը բոլորիս պարտքն է, քանի որ միայն այդ ձեւով է հնարավոր պայքարել ցեղասպանությունների դեմ: Ըստ Քայանի, ցեղասպանության ճանաչման եւ պատմական արդարությունը վերականգնելու դեմ ուղղված պայքարը չպետք է խանգարի երկու երկրների համագործակցությանը: «Օրինակ, մենք հայ եւ թուրք երիտասարդների բարեկամության կամուրջ գցելու առաջին քայլերն արդեն անում ենք», նշեց երիտասարդ ներկայացուցիչը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4