Ապրիլի 24-ին, երբ Երուսաղեմի հայկական համայնքը բողոքի ցույցի էր դուրս եկել Թուրքիայի հյուպատոսարանի շենքի դիմաց, Իսրայելում նշվում էր հրեական Զատիկըՙ Պեսախը:
«Ջերուսալեմ պոստ» թերթի հաղորդմամբ, հայերի հոծ խումբը երգել է ազգային օրհներգը, ծածանել եռագույնը, ինչպես նաեւ ցուցադրել Թուրքիային հանդիմանող պաստառներ եւ կոտորածների սոսկալի պատկերներ: «Մեր պայքարը շարունակելու ենք այնքան, մինչեւ հասնենք ցեղասպանության ճանաչմանն ու արդարությանը», ասել է համայնքի առաջնորդ Աբրահամ Շեմեսյանը:
«Ցեղասպանությունը հիշելը եւ հիշողության մեջ վերականգնելը մի կարեւոր ծես է, որն այսքան ժամանակ անընդհատ հերքվել է: Մեր պահանջն էՙ ճանաչել Հայոց ցեղասպանությունը», «Ջերուսալեմ պոստի» թղթակցին ասել է պատմաբան Ալբերտ Աղազարյանը: Թերթը նշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը ոչնչացրել են ավելի քան 1,5 մլն հայերի, սակայն այդ պնդումները թուրքերը հերքում են, ասելով, որ հազարավոր հայեր զոհվել են պատերազմի ընթացքում:
Երուսաղեմի Հին քաղաքում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված եկեղեցական արարողությունը տեղի է ունեցել երեկ, Սբ. Հակոբ վանքում, որին հաջորդել են սգո երթը եւ մոմավառությունըՙ Սիոն լեռան վրա գտնվող հուշահամալիրում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ