«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2005-04-22 | #73, 2005-04-23 | #74, 2005-04-26


ՀԱՄԱՀԱՎԱՔ ԿԱՄՔԻ ՈՒԺԸ

Յուրաքանչյուր տարվա ապրիլին Հայոց եղեռնին նվիրված ոգեկոչման միջոցառումներ աշխարհի ամեն անկյունում, ուր հայ կա, տեղի են ունենում: Սակայն այլ էր այս տարվա համահայկական ապրիլյան վարակիչ մթնոլորտը, որից ամենաանտարբերն իսկ անմասն չէր մնացել: Հոբելյանական տարեթվի՞, ներքին կուտակումների՞ մղումով, թե պատմական գուցե ճակատագրական պահի թելադրանքով, Հայոց եղեռնի ճանաչման եւ դատապարտման պահանջով այս անգամ հայությունը զարմանալիորեն հավաքական կամք դրսեւորեց: Եվ դա նաեւ արտերկրում (գուցե վերջին տարիների արտագաղթը նպաստե՞ց): Երեւանյան կյանքի առօրյայի ֆոնին, հասարակական ընդհանուր ընդարմացման համայնապատկերին ապրիլքսանչորսյան այս մթնոլորտը մեզ նույնիսկ շատ անհրաժեշտ էր:

Դեպի Ծիծեռնակաբերդ այս տարվա ժողովրդական ուխտագնացությունն ակնհայտորեն տարբեր էր անցած տարիներիցՙ հատկապես կազմակերպվածության տեսակետից: Ցավի հիշողությունը բռունցքել էր ամենքին, եւ մենք կարծես ավելի ուշադիր էինք եւ ավելի բարեկիրթ: Համենայն դեպս, շատ արատավոր երեւույթներ այս անգամ չնկատվեցին: Հասարակության ինքնահսկողությունը բավականին զգոն էր, թերեւս պետական քարոզչությունը եւս դեր խաղաց ազգային ինքնագիտակցական որոշակի մակարդակ ձեւավորելու գործում, թերեւս նաեւ անկախության այս 15 տարիների փորձը...

Աներկբայորեն տպավորիչ էր ջահակիր երիտասարդների 10 հազարանոց երթըՙ եռագույնի ուղեկցությամբ եւ գիշերվա խորհրդի մեջ Ծիծեռնակաբերդի բարձունքում անմար կրակի մոտ հնչած «Ադանան»:

Այս տարվա ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ուղղված հարյուրհազարները դրսեւորեցին իրենց միասնական կամքըՙ արյան եւ հոգու հիշողության, եւ անմար կրակի շուրջը խմբված միլիոնավոր ծաղիկները մեր ցավի անխոս վկաներն էին...

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4