«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2005-04-22 | #73, 2005-04-23 | #74, 2005-04-26


ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ԲԱՆՏԱՐԿՎԱԾ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄԵԾ Է

Արա Աբրահամյանն ասում է, որ Մալաբոյի իշխանությունների հետ «բանակցություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ»

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը երեկ Երեւանում լրագրողների հետ ունեցած կարճատեւ զրույցում ասաց, որ Հասարակածային Գվինեայում բանտարկված 6 հայ օդաչուներին ազատելու հավանականությունը շատ մեծ է: «Բանակցություններն ընթանում են լավ, այնպիսի առաջարկություններ ենք արել (այդ երկրի իշխանություններին), որ հայ օդաչուներին ազատ արձակելու հավանականությունը շատ մեծ է: Մոտակա օրերին պարզ կլինի, բանակցություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ», նշեց Արա Աբրահամյանը:

Արա Աբրահամյանը նկատեց, որ «այս հարցի լուծման համար համբերություն է անհրաժեշտ»: «Ժամանակից շուտ ասել, թե վաղը կամ մեկ ամիս հետո հայ օդաչուներին բաց կթողնեն, դա կարող է գործին վնասել: Վերջերս Եվրոպայում նորից հանդիպեցի (Հասարակածային Գվինեայի իշխանությունների ներկայացուցիչների հետ), արել ենք առաջարկներ, դրանք քննարկվում են, արդեն մոտ ենք հարցի վերջնական եզրակացությանը», ասաց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը:

Հայաստանի քաղաքացի 6 օդաչուները 2004 թ. մարտին ձերբակալվել, իսկ աշնանը դատապարտվել են 14-24 տարվա բանտարկության Հասարակածային Գվինեայի նախագահի դեմ հեղաշրջման փորձի մեղադրանքով: Ձերբակալվելու օրվանից ամբաստանվող մի քանի այլ երկրների քաղաքացիների հետ նրանք պահվում են «Սեւ լողափ» տխրահռչակ բանտում: Մի քանի օր առաջ «Միջազգային ներում» կազմակերպությունը հատուկ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ բանտարկյալներին սպասում է սովամահություն, ինչն անմիջապես հերքել էին Մալաբոյի իշխանությունները:

Արա Աբրահամյանը հավաստիացնում է, որ հայ օդաչուների առողջությունը նորմալ է, «Ես փորձում եմ անել այնպես, որ մյուս կալանավորներից նրանց կեցությունը մի քիչ տարբերվի, հետեւում ենք նրանց առողջությանը»: Այս օրերին Աբրահամյանի պատվիրակությունըՙ աշխատանքային խումբը կրկին մեկնել է Մալաբո: Ինչպես նախորդ այցի ընթացքում, այս անգամ էլ Աբրահամյանը տարաբախտ հայ օդաչուներից յուրաքանչյուրի համար ուղարկել է 500-ական դոլար:

Արա Աբրահամյանը մեկ անգամ արդեն եղել է աֆրիկյան այդ երկրում, հանդիպել նախագահի հետ: Փետրվարին այցով Հասարակածային Գվինեա էր մեկնել Հայաստանի արտգործնախարարը: Վարդան Օսկանյանը հանդիպումներ է ունեցել այդ երկրի իշխանությունների հետ: Մեր ունեցած տեղեկություններովՙ Օսկանյանը եւս ֆինանսական օժանդակություն է ցույց տվել հայ օդաչուներին:

Ավելի վաղ լրատվամիջոցները տարածել էին հաղորդագրություններ, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը խոստացել է մինչեւ հունիսի 12-ը հայ օդաչուներին ազատել աֆրիկյան բանտարկությունից: «Ինչքանո՞վ է իրականությանը համապատասխանում այդ տեղեկատվությունը»: «Ազգի» հարցին Աբրահամյանը պատասխանեց. «Երբ ինձ դիմեց արտգործնախարարությունը, մենք պայմանավորվեցինք, որ ինձ երեք ամիս ժամանակ տան, որ ինքս զբաղվեմ: Սա մի գործ է, ուր պետք է ներգրավված լինի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ այլ մեկը: Եթե կա միջնորդ, չի կարելի նրան խանգարել: Ինձ հարցրել էինՙ անպայմա՞ն պետք է իշխանությունները դիմեն: Այո, անպայման պետք է դիմեն, քանի որ չեմ կարող օժանդակել առանց Հայաստանի իշխանությունների դիմումի, նրանց հետ համաձայնեցնելու, որովհետեւ (հակառակ դեպքում) դա կարող է վնասել գործին»:

«Ես երեք ամիս ժամանակ եմ խնդրել (Հայաստանի արտգործնախարարությունից), որը կլրանա հունիսի 12-ին: Մենք արտգործնախարարության հետ պայմանավորվել ենք համաձայնեցնել մեր քայլերըՙ չխանգարելով միմյանց», ասաց Աբրահամյանը:

Շատ լավ հարաբերություններ

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը երեկ լրագրողներից մեկի հարցին պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության նախագահի հետ ունենք շատ լավ հարաբերություններ, խնդիրներ չկան»: Աբրահամյանն ընդգծեց, որ «մեր խնդիրը մեկն էՙ հնարավորինս օգտակար լինել հայրենիքին»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4