Արցախում Մեծ եղեռնի 90-ամյակի ոգեկոչման արարողություններն ուղեկցվեցին տարբեր միջոցառումներով:
ԱրՊՀ-ում եւ ԼՂՀ-ում գործող մյուս բուհերում կազմակերպվեցին գիտաժողովներ, որոնց մասնակցում էին նաեւ Հայաստանի Հանրապետությունից հրավիրված պատմաբաններ: Ապրիլի 23-ի երեկոյան ԼՂՀ երիտասարդական կազմակերպությունները ջահերով երթ ձեռնարկեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ի նշան Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ժխտելու դեմ բողոքիՙ ցուցադրաբար այրեցին Թուրքիայի պետական դրոշը:
Իսկ ապրիլի 24-ի առավոտվանից մարդկային հոսքը ձգվում էր դեպի հուշահամալիր: Տասնյակ հազարավոր ստեփանակերտցիներ, նաեւ կառավարական պատվիրակության անդամները նախագահ Ա. Ղուկասյանի գլխավորությամբ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Կատարվեց հոգեհանգստի արարողություն: Արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ուղերձը:
Լրագրողների խնդրանքով իր վերաբերմունքն արտահայտելով ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ, ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիան երբեւէ ընդունելու եւ դատապարտելու է ոչ միայն հայության, այլեւ ողջ մարդկության հանդեպ իրականացված այդ մեծագույն ոճիրը, եւ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի հետեւողական ջանքերն այդ ուղղությամբ անպայման տալու են սպասված արդյունքը, մանավանդ որ միջազգային հանրությունը հիմա դրան է հակված: Այս նկատառմամբ նա շեշտադրեց նաեւ այն համոզմունքը, որ Ղարաբաղի հարցում եւս վերափոխող աշխարհը դրսեւորելու է արդարացի մոտեցումՙ հետեւություն անելով 20-րդ դարավերջին, այս անգամ Ադրբեջանում կատարված նոր ցեղասպանության ծանր իրողությունից:
Նույն օրվա երեկոյան Ստեփանակերտի կայազորային սպայի տանը տեղի ունեցավ ցեղասպանության հիշատակման մեկ այլ արարողությունՙ տեղական ու հայաստանյան երգչախմբերի մասնակցությամբ:
Ոգեկոչման միջոցառումեր կազմակերպվեցին նաեւ ԼՂՀ բոլոր շրջաններում:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ