Փոխարժեքի տատանման բացասական հետեւանքները գերակշռո՞ւմ են
Փոխարժեքի տատանումները Հայաստանում տնտեսական գործոնների հետեւա՞նք են, թե՞ ստեղծվում են արհեստականորեն: Այս հարցը հատկապես վերջին մեկ-երկու ամիսներին ամենաարծարծվողներից մեկն է: Եթե Կենտրոնական բանկի ղեկավարն ու մյուս պաշտոնյաները որոշակի պարզաբանումներ տալիս են այդ երեւույթի ներքին եւ արտաքին պատճառների վերաբերյալ, անկախ նրանից, թե դրանք որքան են գոհացնում բնակչությանը կամ գործարարներին, ապա փոխարժեքի արհեստական տատանումների մասին խոսողները դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չեն գնում: Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ առանց քաղաքականացման այս երեւույթի գնահատականը տվող եւ պաշտոնականից տարբերվող մասնագիտական մոտեցում այսօր չունենք:
Սակայն անվիճելի է, որ արդեն մեկ տարի շարունակվող դոլարի արժեզրկման եւ դրամի արժեւորման երեւույթն իր ազդեցությունն է թողնում մեր տնտեսության եւ տնտեսվարողների վրա: Ինչպիսի՞ն է այդ ազդեցությունը: Այս հարցն ուղղեցինք սննդարդյունաբերության, զբոսաշրջության, ադամանդագործության եւ ոսկերչության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտների ընկերությունների ղեկավարներին: Ստացած պատասխաններում գերակշռում էր «տուժում ենք» արտահայտությունը: Նման պատասխան էին տալիս ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայում իրենց արտադրանքը սպառողները: Տարօրինակն այն էր, որ շատերն էլ կամ հրաժարվում էին իրենց տեսակետն ասելը, կամ խոստանում էին ներկայացնել, բայց «մոռանում» (օրինակՙ Երեւանի կոնյակի գործարանը): Ինչեւէ: Վերադառնանք պատասխաններին:
Արտահանողները դոլարի արժեզրկմամբ պայմանավորված կորուստները բացատրում էին այն բանով, որ իրենց ծախսերը կատարվում են դրամով, իսկ եկամուտները ստացվում են դոլարով: Սակայն առավել մանրամասն մեկնաբանություններ տալուց գործնականում բոլորը հրաժարվում էին: Օրինակՙ թե աշխատավարձերը կամ դրամով մյուս ծախսերը իրենց արտադրանքի ինքնարժեքի ո՞ր մասն են կազմում, որքա՞ն է նվազում եկամտաբերությունը դրանց պատճառով կամ դոլարով ներմուծվող հումքի դեպքում իրենք չե՞ն շահում եւ այլն: Այս հարցերի պատասխանը չստացանք: Իհարկե, նման մոտեցումն իր բացատրությունն ունի:
Գաղտնիք չէ, որ, բացառությամբ արտաքին շուկայում լուրջ ծավալներով ապրանք իրացնողների, ինչպիսիք, օրինակ, ադամանդագործական ընկերություններն են, մյուսները սոցիալական վճարներից խուսափելու կամ դրանք մասամբ վճարելու նպատակով իրենց հաշվետվություններում հակված չեն աշխատավարձերի իրական չափ ցույց տալու: Հետեւաբար, դրանց իրական չափը եւ ինքնարժեքի մեջ ունեցած բաժինն ասելու դեպքում հակասություններ կունենային հարկային մարմինների հետ, իսկ հաշվետվություններում ներկայացված ցուցանիշներն ասելու դեպքում կպարզվեր, որ ինքնարժեքի վրա դրանց ազդեցությունը մեծ չէ:
Իրականություն է նաեւ, որ մասնավորապես կոնյակ արտադրողները, որոնք բացի կոնյակի հումքից եւ աշխատավարձերից, ինքնարժեքի մեջ ծախսատար մաս կազմող բաղկացուցիչները (շիշ, պիտակ, խցան եւ այլն) ներմուծում են: Ներմուծում են դոլարով, ինչը նշանակում է, որ դա ավելի էժան է իրենց համար, եւ այդ ներմուծվող հումքի համար դրամի վերածվող ավելացված արժեքի հարկն էլ ավելի փոքր գումար է կազմում, քան դոլարի բարձր փոխարժեքի դեպքում: Թերեւս այս առումով պատահական չէ, որ Երեւանի կոնյակի գործարանն ու մյուս կոնյակ արտահանողները չցանկացան խոսել իրենց գործունեության վրա դոլարի արժեզրկման ունեցած ազդեցությունից:
Հարկ է նշել նաեւ, որ սննդարդյունաբերության ոլորտի մյուս ձեռնարկությունները եւս աչքի չեն ընկնում բարձր աշխատավարձեր վճարելով, նրանց արտադրանքի հումքը (քաղցրավենիքներ արտադրողները) եւ բաղկացուցիչները (պահածոներ, բնական հյութեր արտադրողները) նույնպես ներմուծվում են: Հետեւաբար, դրամի արժեւորումն այս դեպքում նվազեցնում է ապրանքի ինքնարժեքը: Մյուս կողմից էլ, ինչպես արդեն նշվեց վերեւում, առկա են արտաքին շուկայում վաճառքից ստացվող դոլարային եկամուտների պատճառով արտահանողների կրած կորուստները: Դատելով դժգոհություն արտահայտող գործարարների խոսքերից, կարելի է ենթադրել, որ կորուստները գերակշռում են:
Պետք չէ մոռանալ նաեւ, որ արտահանումն ազատված է մեր հիմնականՙ ավելացված արժեքի հարկից: Բացի սոցվճարներից, արտահանողները պետք է վճարեն միայն շահութահարկ: Եթե տվյալ ընկերությունը կորուստներ է կրում, ապա նվազում է շահույթը եւ համապատասխանաբար նաեւ նրա վճարած շահութահարկը: Սա կորուստները մեղմացնող եւս մեկ հանգամանք են: Որքանո՞վ են հումքի էժանացումը եւ վճարվելիք շահութահարկի գումարի նվազումն օգնում արտահանողին, դժվար է ասել, քանի որ, նորից ենք նշում, բացի ընդհանուր բողոքներից, հանգամանորեն հիմնավորված բացատրություն ոչ ոք չի ցանկանում ներկայացնել: Սակայն կարելի է եզրակացնել, որ ճկուն գնային քաղաքականության շնորհիվ շուկաներ պահպանելը հնարավոր է, պարզապես շահույթները որոշակիորեն կնվազեն: Ի վերջո, այլ երկրներից Հայաստան ապրանք արտահանողները դոլարի արժեզրկման պատճառով չեն կորցնում մեր շուկան եւ նման ցնցումներից ո՛չ համաշխարհային տնտեսությունը, ո՛չ մեր երկրի տնտեսությունը ապահովագրված չեն:
Ֆինանսական շուկայում ցնցումներն ազդում են բոլոր տնտեսվարողների վրա, առաջանում են տարակարծություններ գործընկեր կազմակերպությունների միջեւ: Սակայն այդ կապերը հիմնականում ոչ թե ընդհատվում են, այլ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները ներկայացնող ընկերություններից մեկի ղեկավարը, օրինակ, հայտնեց, որ այս տարեսկզբից Հայաստանում գործող գործընկերների հետ պայմանավորվել են միմյանց միջեւ փոխադարձ վճարումներն իրականացնելՙ հիմք ընդունելով դոլար-դրամ փոխարժեքի կոնկրետ չափը: Արտահանվող ապրանքի գների եւ փոխադարձ վճարումների վերաբերյալ նմանատիպ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերել եւ, կարծում ենք, ձեռք են բերում նաեւ արտահանողները:
Վերոնշյալն, իհարկե, չի նշանակում, որ պետությունը պետք է իրեն ազատ զգա արտահանողներին աջակցելու պարտավորությունից: Ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է, որ առանց արտահանման զարգացման Հայաստանի տնտեսությունը զարգացման լուրջ հնարավորություններ չունի: Արտաքին շուկաներում մարկետինգային աջակցություն, մեր ընկերություններին անբարեխիղճ մրցակցությունից պաշտպանություն, առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսների կազմակերպում եւ միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներկայացման հնարավորությունների ստեղծում, մեր արտադրանքի համար արտոնյալ ռեժիմների ձեռք բերմանը, հարեւան երկրներով մեր ապրանքների տարանցման գների նվազեցմանն ու կոմունիկացիոն հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլեր: Սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն Հայաստանի կառավարության մշտական մտահոգության առարկան եւ որոնք պետք է նպաստեն արտահանման ծավալների ավելացմանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ