«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2005-04-23 | #74, 2005-04-26 | #75, 2005-04-27


«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԻՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

«Եթե ես չգայի Գերմանիա, ամենայն հավանականությամբ, չէի դառնա գրող եւ չէի գրի գիրք, որի ավարտը տեղի է ունենում այստեղՙ Երեւանում, 1915 թվականին թուրքերի իրագործած Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Եվ համարձակություն եւ ուժ չէի գտնի իմ մեջ, այսօր այստեղ Արարատի դիմաց կանգնելու եւ խոսելու:

1991 թ., երբ ես Գերմանիա եկա, այն երկրում, որը ես լքել էի, կային բռնության, խոշտանգման եւ մարդու իրավունքների ոտնահարման ավելի շատ երեւույթներ, քան այսօր: Այն ժամանակ թուրքական պետության եւ քրդերի միջեւ քաղաքացիական պատերազմ էր տեղի ունենում: Իսկ Հայոց եղեռնի մասին չկար մի գիրք, որ սուտ չպատմեր: Ես գիտեի, որ թուրքական հասարակությունը, որի ներկայացուցիչը նաեւ ես էի, կորցրել էր իր հիշողությունը»:

Սրանք թուրք գրող Դողան Աքհանլըի խոսքերն են, որ իր գործունեությամբ եւ գրականությամբ փորձում է ինչ-որ ձեւով վերագտնել իր ժողովրդի պատմականՙ հատկապես մի հատվածի նկատմամբ «կորցրած» հիշողությունը:

Դողան Աքհանլըն այժմ գերմանական Քյոլն քաղաքի բնակիչ է, աշխատում է «Քյոլնի կոչն ընդդեմ ռասայական խտրականության» ընկերությունում: Երբ 1980 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, Աքհանլըն Ստամբուլի բանտ նետվեց իբրեւ քաղբանտարկյալՙ կրելով կտտանքներ ու ստորացնող խոշտանգումներ: 1991-ին նա տարագրվեց Գերմանիաՙ քաղաքական հայացքների համար: 1998-99 թթ. Ստամբուլի «Բելգե» հրատարակչությունը լույս ընծայեց նրա «Անհետացած ծովեր» եռագրությունը: Առաջին երկու գրքերը Թուրքիայի վերջին երեսուն տարիների եւ կորուսյալ սերնդի մասին պատմություն է, իսկ երրորդըՙ «Ահեղ դատաստանի դատավորներ» խորագրով, անդրադառնում է սուլթան Աբդուլհամիդի օրոք քրիստոնեական փոքրամասնությունների վիճակին եւ այս համատեքստում 1915-ի հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության թեմային: Գործողությունները ծավալվում են տղամարդու հագուստովՙ հղի մի կնոջՙ Սենեմ Հաթունի անձի շուրջ, որն իրականում թուրքական կոտորածներից մազապուրծ քրիստոնյա է, եւ գոյատեւման համար որդուն իսլամական ոգով է դաստիարակում: Վերջինս հանդիպում է Եղեռնից մազապուրծ եւս մեկ քրիստոնյայիՙ Անահիտին: Գործողությունները հասնում են մինչեւ Երեւանՙ Ծիծեռնակաբերդ:

Երեկ գրողների միությունում թուրք գրողի հետ կազմակերպված հանդիպմանը ներկայացվեցին նրա քաղաքական հայացքներն ու դիրքորոշումներըՙ հատկապես Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ: Հանդիպումը կայացավ հարց ու պատասխանի ձեւով: Գրիգոր Ջանիկյանի այն հարցին, թե իր նախնիներն Արեւմտյան Հայաստանից են եւ ինքը նախնյաց երկրի կարոտ ունի. արդյոք գերմանաբնակ թուրք գրողը չի՞ ուզում իր ծննդավայր վերադառնալ, Դողան Աքհանլըն պատասխանեց, որ այս հարցերով իր առաջին հոդվածը տպագրվել է «Գրական թերթում»ՙ անհամեմատելի գտնելով այս երկու երեւույթներըՙ հայոց արմատախիլ լինելն իրենց բնօրրանից եւ իրենըՙ քաղաքական հայացքների համար: Քուրդ գրող Կարլեն Չաչանեն ողջունելով հյուրիՙ Հայոց ցեղասպանությունն ընդունելու փաստըՙ ընդգծեց, որ որեւէ այլ ժողովուրդ քրդերի հանդեպ չի ունեցել այնպիսի վերաբերմունք, ինչպես հայերը, իսկ այսօրվա Թուրքիայում քրդահալած քաղաքականություն է տարվում: Թուրք մտավորականը խոստովանեց, որ մինչ գրող լինելը ինքը նախ եւ առաջ մարդու իրավունքների պաշտպան է եւ գտնում է, որ թուրք մտավորականությունն ամբողջովին ամոթանքի մեջ է: Իր կարծիքով, կարեւորը թուրք երիտասարդների գիտակցության մեջ, ովքեր այսօր ապրում են ցեղասպանություն իրագործած Գերմանիայում, Հայոց ցեղասպանության իրողությունն ընդունել տալն է:

Այս առումով Սարգիս Հացպանյանը մի հետաքրքրական երեւույթի մասին պատմեց: Քյոլնից Բեռլին ճանապարհվելիս Գերմանիայում ապրող թուրքերի եւ Թուրքիայից եկածների միջեւ, երբ անցնում են այն փողոցով, որտեղ Սողոմոն Թեհլերյանն սպանել էր Թալեաթին, վեճ է սկսվում: Վերջիններս չէին ընդունում 15-ի իրողությունները: Սակայն Թուրքիա վերադառնալով, նրանցից մեկը ստորագրահավաք է կազմակերպում ցեղասպանությունը ընդունելու, իսկ մյուսըՙ դոկտորականի թեման փոխում է Հայոց եղեռնի թեմայով: Ինքն իբրեւ Գերմանիայի քաղաքացի ամոթ է զգում, որ այդ երկիրը դեռ չի ընդունել դա: Նրա տեղեկությամբ, գերմանական արխիվներն ազատ ենՙ տրամադրվելու յուրաքանչյուր ուսումնասիրողի, որեւէ տաբու չկա: Ինչ վերաբերում է թուրքական արխիվներին, այնտեղ կատարյալ քաոս է եւ որեւէ փաստաթուղթ հնարավոր չէ, որ մեղմացուցիչ հանգամանք ունենա:

«Իմ արածը հերոսություն չէ, ես ընդամենը ճշմարտությունն եմ արձանագրում, այնՙ ինչ պիտի անեինք ավելի լայնածավալ եւ ավելի շուտ: Իմ գործը չէ, Թուրքիան կընդունի, թեՙ ոչ, իմ խնդիրը թուրք երիտասարդ սերնդի մեջ աշխատանք տանելն է: Թուրք հասարակության երիտասարդ խավը հայերի համար անելիք ունի»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4